ԱՄՆ Երեւանի միջոցով օգնում է Ռուսաստանին. ինքնիշխան Հայաստանի գաղտնիքը

Հայաստանին սպառազինություն վաճառելու մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկը Հայաստանում տվել է դիտարկումների առիթ, որ Նահանգները փաստորեն Հայաստանին առաջարկում է հրաժարվել Ռուսաստանից, եւ այդ խնդիրն էլ Կովկասը Ռուսաստանից խլելու նրանց ռազմավարության համատեքստում է:

Ինչ խոսք, չափազանց բարդ է, եթե ոչ անհնարին, տիրապետել առաջարկի բուն եւ իրական նպատակներին: Դրա համար առնվազն պետք է գաղտնալսել ասենք Բոլթոնի եւ նախագահ Թրամփի խոսակցությունը, եթե իհարկե հնարավոր լինի միայն դրանով պարզել նպատակները: Քաղաքականությունը եւ աշխարհքաղաքականությունը իրականում չափազանց բարդ ու բազմաշերտ մի անվերջանալի գործընթաց է, որտեղ անգամ նպատակները հարաբերական իրողություն են:

Այդ իսկ պատճառով, դիտարկումներն արժե անել կաղապարներից ու կարծրատիպերից դուրս: Առավել եւս չափազանց արագ փոխվող համաշխարհային իրավիճակում:

Օրինակ, Հայաստանին արվող Բոլթոնի առաջարկը կարող է լինել ոչ թե Ռուսաստանին Կովկասից դուրս հանելու ռազմավարության մասին, այլ հակառակը՝ Ռուսաստանին Կովկասում պահելու եւ Կովկասը Ռուսաստանի համար պահելու մարտավարության, իհարկե Կովկասի հանդեպ վերահսկողության ամերիկյան ռազմավարության շրջանակում: Պարզապես Նահանգների համար շատ ավելի նախընտրելի է, որպեսզի Կովկասում պարեկի դիրք ունենա Ռուսաստանը, քան օրինակ Թուրքիան, կամ որեւէ այլ ռեգիոնալ հավակնությամբ տերություն, որը կարող է ֆորմալ առումով համարվել անգամ ԱՄՆ դաշնակից: ԱՄՆ ուշադրությունից չի կարող դուրս մնալ Չինաստանը, որը Երեւանում, ի դեպ՝ ԱՄՆ դեսպանատան փաստացի հարեւանությամբ, կառուցում է Եվրասիական տարածաշրջանում մեծությամբ երկրորդ դեսպանատունը: Առաջինը Ռուսաստանում է:

Բանն այն է, որ Հայաստանին արվող ամերիկյան քաղաքական կամ ռազմա-քաղաքական առաջարկը նոր հնարավորություն է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար: Թվում է, որ կա հակասություն՝ Վաշինգտոնը սեղմել է օղակը Ռուսաստանի շուրջ, ինչպե՞ս կարող է օգնել նրան Կովկասը պահելու հարցում: Բայց Վաշինգտոնը սեղմել է օղակը Ռուսաստանին «սանձելու», ոչ թե «խեղդամահ» անելու համար: Որովհետեւ մեծ հաշվով հարց է՝ «անսանձ» Ռուսաստանն է ԱՄՆ համար անցանկալի եւ վտանգավոր, թե՞ «խեղդամահ» եղած Ռուսաստանը:

Վաշինգտոնին պետք է իր ռազմավարության մեջ կառավարելի Ռուսաստան, որը կիրականացնի ռեգիոնալ տերության դերակատարում, այդ թվում մասնավորապես Կովկասում:

Այդ իմաստով, Նահանգները Մոսկվային կառավարելիության օպտիմալ տիրույթ բերելու համար սեղմում է օղակը, մյուս կողմից սակայն դա առաջացնում է խնդիրներ այն գոտիներում, որոնք Ռուսաստանի ազդեցությանն են: Ռուսաստանի ազդեցությունն այդ գոտիներում թուլանում է, առաջ բերելով մի շարք վտանգներ: Կոնկրետ Կովկասում այդ վտանգն այն է, որ Ռուսաստանի թուլացումով Կովկասում կարող են ուժեղանալ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, Իսրայելը, որը լինելով ԱՄՆ դաշնակից այդպիսին է իրականում Մերձավոր Արեւելքում, իսկ դրանից դուրս հարցն այստեղ դառնում է հարաբերական:

Կաշխուժանա Իրանը, որն իր հերթին բերում է այլ բազմաշերտ խնդիրներ եւ որի խնդիրն ունի ԱՄՆ-ն:

Ահա այդ համատեքստում, մի կողմից սեղմելով օղակը Ռուսաստանին սանձելու համար, մյուս կողմից Նահանգները Ռուսաստանի պատասխանատվության կամ ազդեցության գոտի դիտարկվող Կովկասում օգնում է կանխել Ռուսաստանի թուլացմամբ առաջանալիք վակուումը եւ որպես դրա հետեւանք Հայաստանի առանցքային շահերի զոհաբերության ռիսկը, որ կանխվեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, սակայն կարող է առաջանալ երկարաժամկետ հեռանկարում:  Ըստ այդմ, Հայաստանին արվում է սպառազինության վաճառքի առաջարկը, որն իրականում ունի Կովկասում անվտանգային, ռազմա-քաղաքական նոր գործոն ձեւավորելու միտում, կախված Հայաստանի համարժեք արձագանքից:

Այդ գործում հիմնարար նշանակություն ունի Հայաստանի ինքնիշխան եւ անկախ քաղաքականությունը, ոչ թե դրա իմիտացիան, այլ իրական քաղաքականությունը: Դա է նաեւ պատճառը, որ Նահանգները հենց այս՝ նոր Հայաստանին է անում այդ առաջարկը:

Ռուսաստանը ավելի ու ավելի թույլ է լինելու Կովկասում ռազմա-քաղաքական կայունությունն ու անվտանգությունը ապահովելու հարցում: Հայաստանին արվող առաջարկով ԱՄՆ լրացնում է ուժի այն կորուստը, որ կայունության եւ անվտանգության հարցում ունենում է Մոսկվան, թույլ չտալով, որ Մոսկվայի կորսվող տեղերը լրացնեն այլ տերություններ:

Այդ առումով խիստ հատկանշական է, որ նույն Բոլթոնը բավական երկար ժամանակ՝ առնվազն հունիսից, զուգահեռ բանակցային գործընթացի մեջ է Պուտինի հետ, եւ այս անգամ էլ Կովկաս է ժամանել նրա հետ հանդիպումից հետո:

ԱՄՆ Երեւանի միջոցով օգնում է Ռուսաստանին. ինքնիշխան Հայաստանի գաղտնիքը

Be the first to comment on "ԱՄՆ Երեւանի միջոցով օգնում է Ռուսաստանին. ինքնիշխան Հայաստանի գաղտնիքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ