Հանգամանքների բերումով նրանք պիտի գան հայրենիք, սիրեն, գնահատեն, վերջապես, զգան, որ իրենք հայ են. Վիվյեն Բաստաջյան

 

Հանրային հեռուստաընկերության «Ճակատագրի պատասխանը» հեռուստանովելի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այս նախագծում ներկայանում է նաեւ դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը՝ մարմնավորելով մի հայուհու, ով ապրելով Բրյուսելում, ոչ մի դեպքում Հայաստանը տեսնել չի ուզում:

Մեզ հետ զրույցում Վիվյենը պատմեց, որ «Ճակատագրի պատասխանը» ֆիլմաշարում նկարահանվելու առաջարկն ընդունել է՝ ելնելով մի քանի հանգամանքներից.

«Պետք է ասեմ, որ վաղուց էի ցանկանում աշխատել Հ1-ի հետ: Ես բոլորի հետ եմ բաց համագործակցության առումով, սակայն Հ1-ն ունի ցենզուրա, որը ինձ միշտ գրավել է, եւ բացի դա, հրավիրել էին մարդիկ, ովքեր ինձ հարազատ են, այդ թվում՝ նախագծի պրոդյուսեր Սերժ Նալբանդյանը, իսկ, եթե նա ինչ-որ բան է առաջարկում, դա նշանակում է, որ լավ արդյունք է լինելու: Առաջին բանը, որ ինձ դուր է եկել այս նախագծում, սցենարն է, այն, թե ինչի մասին է ֆիլմը: Գլխավոր հաղորդագրությունը հայրենադարձությունն է, իսկ սա թեմա է, որից հրաժարվել ես չէի կարող: Մեր օրերում այս թեման շատ ակտուալ է ու Հ1-ի եթերից նման ֆիլմ տեսնելը, շատ կարեւոր է»,- պատմեց Վիվյենը:

 

Դերասանուհին նկատեց, որ այս թեման իրեն միշտ է հետաքրքրել, իսկ տարիներ առաջ իր համար շատ կարեւոր փաստ է հայտնաբերել.

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ սկսեցի կարդալ բոլոր այն գրքերը, որոնք վերաբերում էին Ցեղասպանությանը: Ինձ շատ էր հուզել այն, որ ես բացահայտեցի՝ Արեւմտյան Հայաստանում հայերը ամենածայրահեղ, ամենավերջին վայրկյանին էին միայն թողնում իրենց տունն ու գնում: Այսինքն՝ Արեւմտյան Հայաստանում ապրող հայերը շատ ամուր են կպած եղել իրենց հողին, մինչդեռ Արեւելյան Հայաստանում ապրող հայեն այդ հարցում զիջում են: Այսօր մեր երկրում ապրող հայերի համարյա 90-տոկոսը, եթե շահի Green card, մի վայրկյան իսկ չի տատանվի գնալու հարցում, կթողնի իր տունն ու հանգիստ կգնա, իսկ թե հետո ինչ կլինի, դա արդեն ուրիշ հարց է: Ակնհայտ է, որ Արեւելյան Հայաստանում թողնելու-գնալու հարցը շատ հեշտ կազմակերպվող գործողություն է, քան 1915-ին արել են արեւմտահայերը Արեւմտյան Հայաստանում, իսկ 1918-ին, երբ Թուրքիայի կառավարությունը նրանց հետ է կանչել, նրանք գնացել են: Այսինքն՝ հարկավոր է միայն պատկերացնել, թե ցեղասպանություն տեսած մարդկանց մոտ տուն գնալու ձգտումը որքան մեծ պետք է լինի, որ այդ ամբողջ պատմությունից հետո ցանկություն ունենան հետ վերադառնալ: Շատ կցանկանամ, որ այսօր իմ  հայրենակիցները հասկանան, որ թողնել գնալով հարց չի լուծվում, ինչ-որ բան փոխելու համար պետք է հավաքվել, ոչ թե ուրիշի վրա գցել՝ մտածելով կվերադառնամ, երբ փոխված կլինի երկրում ինչ-որ բան: Ազգի միասնականությունը շատ կարեւոր է, կարծում եմ, որ 1988-ին՝ ղարաբաղյան շարժման ժամանակ, մոտ ստացվեց հաղթանակել միայն այն բանի շնորհիվ, որ միասնական էինք: Այս հարցն այլ լուծում չունի, բացի վերադառնալուց ու միասնական լինելուց: Իսկ այս ֆիլմի ուղերձը դա է»- ընդգծեց նա:

 

Խոսելով իր հերոսուհու մասին՝ Վիվյեն Բաստաջյանը նշեց, որ իր ու իր հերոսուհու միջեւ շատ խորհրդանշական կապ կա.

«Ես ծագումով հայրենադարձի ընտանիքից եմ, իմ ծնողները Սիսից եւ Ադանայից են, իսկ այս ֆիլմում իմ կերպարը ծնվել եւ մեծացել է Բրյուսելում, բայց ծագումով կրկին ադանացի է, եւ այդ փաստն ինձ համար շատ խորհրդանշական է: Ըստ ֆիլմի սյուժետային կառուցավծքի՝ հերոսուհիս խոսում է արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մեջտեղում գտնվող մի լեզվով, որը նաեւ «ներմուծվել է»  մեր խոսք ու միջին մի բան է դարձել: Այստեղ հաշվի է առնվել նաեւ այն, որ նրա ամուսինը Երեւանից է եւ նրանք 18 տարի միասին են ապրել, երեխաներն էլ խոսում են բացառապես արեւելահայերենով, բայց այս կինը ոչ մի կերպ չի ցանկանում վերջնական դավաճանել այն արմատներին, որ ունի եւ ամեն դեպքում, խոսակցական մասի 70 տոկոսում պահպանում է արեւմտահայերենը: Պետք է ասեմ, որ ինձ համար շատ բարդ է դա անելը, որովհետեւ լեզուն մտածողություն է, այն բջիջներիդ մեջ է, լեզուն պետք է գործածել: Այդ իմաստով ես հիմա շատ լուրջ ճանապարհ եմ անցնում: Արեւմտահայերնը մանկության տարիներին լսել եմ, այսինքն՝ բջիջներս այն ժամանակ գրանցել են լեզուն, իսկ հիմա ես փորձում եմ արթնացնել դրանք եւ այդ լեզվամտածողությամբ առաջնորդվել: Յուրաքանչյուր առաջարկվող նոր դերի հետ ես ունենում եմ նոր զգացողություններ, մանավանդ այս դեպքում, որ այն ինձ շատ մոտ է: Թատրոնում դերասանը կարող է նույնիսկ իր հետ կապ չունեցող ամեն տեսակի դեր խաղալ, բայց կինոյում ցանկալի է, որ դերասանը ինչ-որ ընդհանրություններ գտնի կերպարի հետ, որպեսզի շատ ավելի օրգանական լինի: Երբ առաջարկվող կերպարը համապատասխանում է քո եղած կերպարին, դա ավելի հեշտացնում է աշխատանքդ»-պատմեց դերասանուհին ու շարունակեց.

«Կերպարը գլխավոր հերոսի կինն է, ով ողջ կյանքը ապրել է Բրյուսելում եւ երբեւէ չի եղել Հայաստանում: Քանի որ ամուսինը բացասական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, կնոջ  եւ տղայի մոտ էլ նույն վերաբերմունքն է: Այս ընտանիքը ոչ մի կերպ չի կարող մտածել, որ հնարավոր է գալ հայրենիք, այդ թեման ամբողջությամբ փակված է: Միայն աղջիկն է, որ ունենալով երեւանցի ընկերներ եւ սիրած տղա, սեր է տածում Հայաստանի նկատմամբ: Սակայն ստացվում է այնպես, որ հանգամանքների բերումով նրանք պիտի գան հայրենիք, սիրեն, գնահատեն, վերջապես, զգան, որ իրենք հայ են: Դա շատ հետաքրքիր անցում էր կերպարի համար, որովհետեւ կերպարները մի վիճակից մյուսին անցնելու համար ճանապարհ են անցնում, իսկ դա շատ հետաքրքիր է խաղալը»:

Անդրադառնալով խաղընկերների հետ կապին՝ Վիվյենը նշեց. որ երբ իրեն նախագիծ է առաջարկվում, նա առաջինը նայում է սցենարը, հետո՝ ով է նկարում եւ ովքեր են խաղընկերները, դրանից այն կողմ, ինչպես խոստովանեց նա, իրեն քիչ բան է հետաքրքրում:

«Ես շատ մեծ սիրով եմ խաղում այս կերպարը, ունեմ հրաշալի խաղընկերներ: Անմիջական խաղընկերներս են Արտաշես Ղազանչյանը եւ Ալեքսանդր Խաչատրյանը: Նրանք շատ հոգատար խաղընկերներ են: Իսկ ֆիլմում իմ երեխաները շշմելու երեխաներ են, նրանք նորեկներ են այս ասպարեզում, բայց շատ լավն են, եւ շատ հետաքրքիր է նրանց հետ աշխատելը: Եվ ընդհանրապես, ֆիլմում զբաղված բոլոր դերասանների հետ աշխատելն ինձ հաճույք է պատճառում»,- ավարտեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Հանգամանքների բերումով նրանք պիտի գան հայրենիք, սիրեն, գնահատեն, վերջապես, զգան, որ իրենք հայ են. Վիվյեն Բաստաջյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ