Հայաստանը հետևողական չգտնվեց ռուսական հեռուստաալիքների փակման հարցում

 

Մոտ երկու ամիս առաջ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանդես եկավ հայտարարությամբ՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում:

Հիշեցնենք, որ այդ հայտարարությունը հաջորդեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որից հետո ռուսական հեռուստաալիքներով հակահայկական հիստերիա սկսվեց, Հայաստանի հասցեին հնչեցին վիրավորական արտահայտություններ, վիրավորական համեմատություններ կատարվեցին։ Մասնավորապես, ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի թողարկումներից մեկում ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները, անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան համաձայնագրին, Հայաստանը համեմատեցին ամուսնացած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ:

 

Ըստ այդմ՝ «Ռուսաստանի կինը» հանդիսացող Հայաստանը, իբր, փորձում է հեռանալ Ռուսաստանից ու գնալ Եվրամիության մոտ:

Ճակատի հայտարարությունից ամիսներ են անցել, բայց ոչ մի արդյունք այդպես էլ չարձանագրվեց։ Փոխարենը ռուսական հեռուստաալիքների մասով շատ արագ արձագանք եղավ, ասենք՝ Մոլդովայում, որտեղ արգելվել է ռուսական տեղեկատվական և վերլուծական հեռուստաալիքների հեռարձակումը։ Արտասահմանյան քարոզչության դեմ պայքարի օրենքը, որի շրջանակներում հունվարին սահմանափակում է դրվել ռուսական հեռուստաալիքների վրա, ստորագրվել է երկրի խորհրդարանի նախագահ՝ Անդրիան Կանդուի կողմից, որը պրոեվրոպական Դեմոկրատական կուսակցության անդամ է։ Օրինագիծը կոչված է ապահովելու հանրապետության տեղեկատվական անվտանգությունը՝ տրանսսահմանային հեռուստատեսության մասին Եվրոպական կոնվենցիան չստորագրած երկրների արտադրության նորությունների, տեղեկատվական–վերլուծական, քաղաքական և ռազմական հաղորդումների հեռարձակման սահմանափակման միջոցով։

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ Հայաստանը հետևողական չգտնվեց ռուսական հեռուստաալիքների փակման հարցում, քանի որ մեր երկրում չկա գիտակից քաղաքացիական հասարակություն և, նույնիսկ, քաղաքական ուժեր։ «Ռուսաստանի հանդեպ Հայաստանում միշտ առանձնահատուկ վերաբերմունք է եղել։ Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը Ռուսաստանին դիտում է որպես բարեկամ երկիր, անվտանգության երաշխավոր երկիր, դրա համար բավական էր, որ մեզ մոտ բարձրանար մի հակառուսական ալիք և լինի հիմնավորված, միևնույն է, հնչում են ձայներ, որ պետք է զգույշ լինել, Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է։ Այս տեսանկյունից երևի թե շատ բացատրելի է, որ հնչեցված կոչը արգելելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, մեծ տարածում չգտավ։ Թեկուզ այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերություններով մեզ, մեր հորոսներին վիրավորական արտահայտություններ չհնչեցվեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Դիլբարյանը։ «Գիտեք, ամեն դեպքում կաթիլը քար է ծակում։ Ռուսական պետական գործիչների այդ հարձակումները, անգամ մեր պես երկրում, ձևավորում են մտածող էլեկտորատ։ Հիմա եկել է ժամանակը, որ երկիրը համալրվի ողջամիտ մտածողներով, բայց այդ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում, մենք պահպանողական հասարակություն ենք։ Մեզ շատ երկար են ներշնչել առասպելը, որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող ապրել»,- ասաց Դիլբարյանը՝ հավելելով, որ նախընտրելի կլիներ, որ Ռուսաստանը փոխեր իր քաղաքականությունը և, կախված իր արտաքին քաղաքական խնդիրներից, Հայաստանին թիրախ չդարձներ, բայց եթե ամեն դեպքում Հայաստանը թիրախում է, ապա պետք է անպայման հակաքայլեր ձեռնարկել. «Հակաքայլեր ձեռնարկելու համար պետք է քաղաքացիական հասարակություն։ Իսկ քաղաքացիական հասարակությունը բաղկացած է այնպիսի մարդկանցից, ովքեր ադեկվատ են գնահատում կատարվածը։ Բայց փոխարենը մենք լսում ենք, որ եթե Ադրբեջանին Ռուսաստանը զենք չվաճառի, ուրիշը կվաճառի, կամ՝ ռուսական բանակն է մեր փրկիչը, մենք ՀԱՊԿ անդամ ենք, ԵԱՏՄ անդամ ենք և էլի նման «հիմնավորումներ»։ Եվ որքան էլ ուշագրավ է, մեր երկրում չկա ո՛չ գիտակից քաղաքացիական հասարակություն, ո՛չ էլ քաղաքական ուժ, որը համարժեք է գնահատում Ռուսաստանի քաղաքականությունը։ Բոլորն աշխատում են ռևերանսներ անել։ Իսկ եթե չկա քաղաքական ուժ, չի ձևավորվում նաև պահանջը պաշտպանելու սեփական շահերը»։

 

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամիսներ առաջ իրենց նախաձեռնությունը հաջողություն չգրանցեց ռեսուրս չունենալու պատճառով։ «Ցավոք, մեր հնարավորությունն այդ պահին շատ ավելի սուղ էր և եղածը ռացիոնալ օգտագործելու կարիք կար։ Եթե մի քիչ հնարավորությունները մեծ լինեին, հայտարարությունը կարող էր արդյունք ունենալ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա էլ ռուսական հեռուստաալիքները, հաղորդումները հսկայական քարոզչական ազդեցություն ունեն հայկական լսարանի վրա։ «Հայաստանում ոմանց թվում է, թե Ռուսաստանում, իշխանության ներսում բացարձակ հիմարներ են նստած։ Բայց այդպես չէ։ Եթե քարոզչության մեջ այդքան գումար է ներդրվում, դա նշանակում է, որ իրենք արդյունքը տեսնում են միանգամից։ Եվ խոսքը միայն քաղաքական բնույթի քարոզչության մասին չէ։ Օրինակ՝ հեռուստաալիք կա, որը 24 ժամ պրոպագանդում է իռացիոնալ, հակագիտական, հակաիրական գաղափարներ, որը տևական ժամանակ նայելուց հետո մարդը կարող է հոգեկան հիվանդ դառնալ, կամ դուրս մնա առաջադիմությունից։ Եվ օր ու գիշեր դա է քարոզվում։ Բայց մենք ուշքի ենք գալիս միայն այն ժամանակ, երբ մեզ ապտակ են հասցնում, որոշակի ակտիվություն ենք ցուցաբերում, դա անցնում է, բայց, կրկնում եմ, քարոզչությունը գնում է օր ու գիշեր, և դա ազդեցություն ունի բնակչության զգալի մասի վրա։ Եվ եթե մեր երկրում բնակչության մասին մտածող իշխանություն լիներ, ինչ-որ քայլեր կձեռնարկեր»,- նշեց Հովհաննիսյանը

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք հասկացան, որ խնդիր կա, հասկացան, թե ինչ է քարոզվում, ինչպես է հասարակության մեջ մտցվում իռացիոնալ մտածելակերպ, ատելություն, սեփական պետականության, ինքնիշխանության մերժում, և փորձեցին լուծել խնդիրը։ «Իսկ մեր իշխանությունների համար դա բացարձակ խնդիր չէ։ Իրենք մտածում են միայն վերարտադրվելու մասին, ևս մեկ անգամ վերարտադրվելու մասին և այդպես շարունակ»,-եզրափակեց Արմեն Հովհաննիսյանը։

Be the first to comment on "Հայաստանը հետևողական չգտնվեց ռուսական հեռուստաալիքների փակման հարցում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ