Նիկոլ Փաշինյանը գծեց նոր Հայաստանի սահմանը․ բարձր նշաձող՝ առաջիկա ընտրությունների համար

«Տարոն ջան, դու ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»,-ասել էր Սերժ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանին: Սերժ Սարգսյանի այս ելույթը հնչել է անցյալ տարի՝ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ։

Սերժ Սարգսյանը սկզբունքորեն չէր սխալվում։ Հաջորդ ընտրություններում Երևանի քաղաքապետը ստացավ ավելի շատ քվեներ, սակայն ոչ թե Տարոն Մարգարյանը զարգացրեց իր հաջողությունը՝ «տաս հազար դրամների» օգնությամբ, այլ թավշյա հեղափոխությունը հնարավորություն տվեց Հայաստանում անցկացնել օրինական ընտրություններ՝ շուրջ քսանամյա ընդմիջումից հետո։ Քաղաքային նոր իշխանության հիմնական առանձնահատկությունը հենց այն է, որ այն ձևավորվել է հասարակության մանդատով։

Հենց այս գաղափարն էր ընկած Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի հիմքում, որը հնչեց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիսավոր երդմնակալությունից հետո։ Այսօրվա իրադարձության առանցքային մասն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ․ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, կա պնդում, որ որոշումներ կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների  տրամադրությունը բարձր է եղել: Բայց դա կապ չունի: Քաղաքացիների տրամադրությունը կարող է մեկ անգամ բարձր լինել, մեկ անգամ՝ ոչ այդքան»,- ասել է նա՝  դիմելով ներկաներին:

Թերևս սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն ամենածրագրայիններից մեկն էր վարչապետ ընտրվելուց հետո։ Այստեղ, իհարկե, գործում է որոշակի տրամաբանություն։ Երևանի ավագանու ընտրություններում գրանցված տպավորիչ արդյունքը դարձավ այն հիմնական ազդակը, որ Փաշինյանին մոտիվացրեց հնարավորինս արագ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ ու շատ բնական է, որ նոր քաղաքապետի երդմնակալության միջոցառումը պետք է դառնար այն կարևոր հարթակը, որտեղից հնչեր Փաշինյանի տեսլականը հասարակությանը կոնսոլիդացնող արժեքների, ապագայի տեսլականի վերաբերյալ։ Այնպիսի տպավորություն էր, որ ասյօրվա ելույթով վարչապետը տալիս է խորհրդարանական ապագա ընտրությունների գործընթացի ոչ պաշտոնական մեկնարկը՝ նախանշելով իր թիմի արժեքային պատկերացումները։

Փաշինյանն այսօր խոսել է Երևանի հզորության մասին, ասել է, որ մեր ժամանակակից կերպարը կերտել են Կոմիտասը, Թումանյանը և Թամանյանը:

Վարչապետի այս արձանագրումը խիստ կարևոր է ու խոսում է հեղափոխության բերած նոր մտածողության մասին, որի առանցքում այլևս արժեք ստեղծող մարդն է՝ ի հակադրույթուն անցած քսան տարիներին, երբ հասարակությանը պարտադրվում էին օլիգարխի ու զոռբայի կերպարները՝ դեգրադացնելով ժողովրդին, նպաստելով նրա անհուսալի բարոյալքմանն ու լյումպենացմանը։

«Չգիտեմ, թե ինչպես է դա որոշվել, բայց շատ մեծ սիմվոլ կար, որ քաղաքապետի սիմվոլը հանդիսացող շղթան հանձնեցին Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Իսպիրյանը: Սա մեր պատկերացումն է նոր Հայաստանի, նոր մայրաքաղաքի քաղաքացու դոմինանտ տեսակի վերաբերյալ»,- ասել է նա:

Փաշինյանը հավելել է, որ իրենց պատկերացմամբ, նոր Հայաստանում, նոր Երևանում մարդկային էտալոնը պետք է լինեն նրանք, ովքեր հարգալից են օրենքի, կրթության նկատմամբ, ովքեր ունեն ուրիշներին, իրենք իրենց հարգելու ընդունակություն: «Մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետերանում գողեր չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իրենից չեն գողանում»,- ասել է նա: Հենց սա է այն հիմնական սահմանագիծը, որը նոր Հայաստանը սահմանազատում է հնից, քաղաքացուն՝ քրեաօլիգարխիայից։

Նիկոլ Փաշինյանն այսօր առաջ է քաշել հասարակության կոնսոլիդացիայի գաղափարը՝ համազգային երազանքները զարգացնելու գործընթացում:

Նիկոլ Փաշինյանի նկատառմամբ՝ ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջը խաբված և անարգված չլինելն է: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, առաջ է քաշել մի քանի հիմնական թեզեր, որոնց հիմքում հասարակության սուբեկտության ամրապնդումն է, այդ հենքով քաղաքացու նոր կերպարի ձևավորումը ու ռացիոնալ կոնսոլիդացիայի գաղափարը ապագայի տեսլականի շուրջ։

Խիստ սկզբունքային է, որ առաջիկա ընտրական գործընթացում արժեքային հենց այս բանաձևումների համատեքստում տեղի ունենան զարգացումները՝ երկիրը վերջապես դուրս բերելով «սպիտակների» ու «սևերի» հակադրության վտանգավոր շրջապտույտից, հնարավորություն ընձեռելով, որպեսզի ծրագրային մրցակցությունը նպաստի հասարակության քաղաքական ու սոցիալական բնական շերտավորմանը։ Խորհրդարանական առաջիկա ընտրությունները տալիս են այս հնարավորությունը, եթե հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ հակահեղափոխության ռևանշն, ըստ էության, ջախջախված է ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների արագ կազմակերպումը հնարավոր դարձավ հենց այդ իրողության համատեքստում։

Նիկոլ Փաշինյանն այսօր առաջ է քաշել սերունդների համերաշխության, տոլերանտության գաղափարները, ինչի առարկայական դրսևորումն առաջիկա ընտրություններում հնարավորություն կընձեռի, որպեսզի կապիտալիզացվեն հեղափոխության հիմնական ձեռբերումները։

Հասարակության սուբեկտությունը պետք է դառնա անշրջելի իրականություն՝ ամրապնդվելով օրինական ընտրությունների մոդելի ինստիտուցիոնալ ներդրումով, որպեսզի այլևս որևէ իշխանություն չմտածի հասարակության հաշվին վերարտադրվելու, ընտրություններում «տոկոս խփելու» մասին։ Ապագայի տեսլական ունենալու հարցում, օրինական ընտրություններից ոչ պակաս, էական է նաև քաղաքական բազմազանության մոդելի ներդրումը, որովհետև առանց առողջ մրցակցության, հանրային ու քաղաքական դիսկուրսի անկարելի է  պատկերացնել հասարակության իրական կոնսոլիդացիա՝ ոչ միայն անցյալը մերժելու, այլ նաև՝ ապագայի տեսլականի շուրջ։

Նիկոլ Փաշինյանն այսօր ձևակերպել է  բարձր նշաձող ու շատ կարևոր է, որպեսզի քաղաքական գործընթացի մյուս սուբյեկտները կարողնան հաղթահարել սխեմատիկ պատկերացումները ու ձևավորել կրեատիվ մոտեցումներ, որոնք թույլ կտան ընտրություններում ձևակերպել ոչ միայն հայկական հեղափոխության հաղթանակն անցյալի նկատմամբ, այլ նաև՝ նոր Հայաստան կառուցելու նրա պոտենցիալը։

https://www.1in.am/2442760.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը գծեց նոր Հայաստանի սահմանը․ բարձր նշաձող՝ առաջիկա ընտրությունների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ