Կլինի լուրջ խոսակցություն. Հայաստան է գալիս ԱՄՆ քաղաքականության առանցքային դեմքը

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին ռեգիոնալ այցով լինելու է Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում:

Ջոն Բոլթոնը ԱՄՆ ներկայիս վարչակազմի եւ ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենտի առանցքային դեմքերից է, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականը: Բոլթոնի ռեգիոնալ այցը նշանակում է, որ լինելու է լուրջ խոսակցություն, այդ թվում Հայաստանում: Դա իհարկե չի  նշանակում, որ այլ պաշտոնյաների դեպքում խոսակցությունն անլուրջ է լինում: Պարզապես Ջոն Բոլթոնի կալիբրը հիմք է տալիս եզրակացության, որ նա գալիս է շատ կոնկրետ եւ առարկայական խոսակցության նպատակով:

Կա տեսակետ, որ Բոլթոնը Հայաստան է գալիս Սիրիա հայկական մարդասիրական առաքելության խնդրով: Ըստ այդ տեսակետի, ԱՄՆ դժգոհ է Հայաստանի հնարավոր մասնակցությունից եվ գալիս է իր դժգոհությունը հայտնելու:

ԱՄՆ իհարկե կարող է լինել դժգոհ, տեսականում, թեեւ մինչ այդ եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության արձագանքը, որն ամենեւին դժգոհության մասին չէր: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ հասկանում է Սիրիայի հայկական համայնքին օգնելու Հայաստանի անհրաժեշտությունը: Միաժամանակ դեսպանատունը անդրադարձել էր Իդլիբի շուրջ իրավիճակին եւ բավական թափանցիկ ակնարկել, որ սիրիահայ համայնքին մարդասիրական օժանդակությունն ԱՄՆ համար կլինի հասկանալի, իսկ եթե հայկական ներգրավումը առնչվի Իդլիբի շուրջ զարգացումներին, ապա ԱՄՆ դա չի հասկանա:

Միեւնույն ժամանակ, եթե ԱՄՆ ունի Հայաստանին դժգոհոթյուն հայտնելու կարիք, ապա այդ դժգոհությունը Հայաստանին հասցնելու համար Երեւան չի հասնի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության թեկնածու, ամերիկյան քաղաքականության «պատրիարքներից», բազեներից մեկը՝ Ջոն Բոլթոնը:

Եթե գալիս է Բոլթոնը, ապա գալիս է ոչ թե Սիրիա հայկական դրոշի ներքո առաքելությունից դժգոհության, այլ հենց այդ առիթով խոսելու համար: Ի վերջո այդ համատեքստում հարկավոր է հիշել դեռեւս նախորդ տարի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունը մերձավորարեւելյան ռեգիոնի քրիստոնյա փոքրամասնություններին օգնության հարցում ԱՄՆ հանձնառության եւ այդ ուղղությամբ նոր, առավել ուղիղ քաղաքականության առնչությամբ:

Այդ իմաստով, Սիրիայում հայկական դրոշի ներկայությունը, թեկուզ Ռուսաստանի հետ մշակված նախաձեռնության շրջանակում, կարող է որոշակի հնարավորություն լինել նաեւ ԱՄՆ համար: Այդ առումով հատկանշական է, որ Բոլթոնը այցելելու է նաեւ Ռուսաստան: Ընդ որում, դա տեղի է ունենում ոչ առաջին անգամ: Թրամփի խորհրդականը Մոսկվա էր այցելել նաեւ հունիսին՝ ՆԱՏՕ Վեհաժողովից առաջ, որտեղ հանդիպել էր արտգործնախարար Լավրովի եւ նախագահ Պուտինի հետ:

Միեւնույն ժամանակ, Երեւանում Բոլթոնն իհարկե կխոսի ոչ միայն Սիրիայի մասին:

Եվ քիչ հավանական է, որ խոսակցությունը վերաբերելու է առավելապես Սիրիային: Բուն նյութը թերեւս առնչվելու է ավելի շուտ Կովկասի անվտանգությանը: Գուցե իհարկե մերձավորարեւելյան զարգացումների համատեքստում, ինչը ԱՄՆ համար ներկայիս գերակայությունն է:

Համենայն դեպս հետաքրքիր է, թե աշխարհագրությունից բացի էլ ի՞նչն է միավորելու Ջոն Բոլթոնի Ռուսաստան, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան այցերը: Իհարկե կան այդ երկրների հետ առանձին խոսելու շատ կարեւոր հարցեր, որոնք նաեւ ընդհանուր առմամբ ուղղակի թե անուղղակի շաղկապված են իրար: Բայց կա՞ ընդհանուր հարց, որը կապում է Բոլթոնի ռեգիոնալ այցը:

Բոլոր դեպքերում, ամերիկացի պաշտոնյայի այցը Հայաստան նոր իշխանության համար կլինի չափազանց լուրջ եւ պատասխանատու քննություն: Բայց դա իհարկե լոկ քննություն չէ, այլ առաջին հերթին աշխատանքի հնարավորություն՝ թե ԱՄՆ հետ երկկողմ գործակցության, թե նաեւ աշխարհքաղաքական այդ գերկենտրոնի հետ ռեգիոնալ անվտանգության ավելի լայն շրջանակ քննարկելու առումով, նկատի ունենալով այդ անվտանգության հարցում Հայաստանի դերն ու երկրում տեղի ունեցող վերափոխումների արդյունքում այդ դերը առավել արդյունավետ իրացնելու հնարավորությունը:

Կլինի լուրջ խոսակցություն. Հայաստան է գալիս ԱՄՆ քաղաքականության առանցքային դեմքը

Be the first to comment on "Կլինի լուրջ խոսակցություն. Հայաստան է գալիս ԱՄՆ քաղաքականության առանցքային դեմքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ