Ի՞նչ է կատարվում երկրիս հետ․ Տավուշում կինը խեղդել է նորածնին, դիակը թաքցրել արտաթորանքի մեջ

 

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 57-ամյա կինը մեղավոր է ճանաչվել աղջկա նորածին երեխային սպանելու մեջ՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

57-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու և նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով` սպանել է 36-38 շաբաթական տարիքում ծնված նորածին երեխային, այնուհետև նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ, գցել արտաքնոցի փոսի մեջ և հողուրագով սեղմելով՝ դիակը թաքցրել արտաթորանքի մեջ:

 Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքից մեկ օր առաջ աղջկան տարել է հիվանդանոց` հղիությունն ընդհատելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգն ասել է, որ աղջիկը 4-5 ամսական հղի է, ինքը չի կարող հղիությունն ընդհատել, և առաջարկել է աղջկան տանել Երևան քաղաք: Բժիշկը թղթի վրա գրել է Երևան քաղաքի բժշկի հեռախոսահամարը, անուն-ազգանունը և տվել իրեն: Նույն օրը` երեկոյան, աղջիկն իրեն ասել է, որ կողքի շրջանում ծակոցներ ունի, որից հետո աղջկան ցավազրկող դեղ է տվել:Ժամը 23:00-ի սահմաններում աղջիկն ասել է, որ ցանկանում է պատշգամբում պառկել, իսկ ինքը գնացել և պառկել է ներսի սենյակում: Աչքը կպել է և գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ձայնից արթնացել է, դուրս է եկել և տեսել աղջկան` արյան մեջ, իսկ կողքին մի բան կար ընկած: Երեխան մահացած է եղել: Իրեն կորցրել է և չի հասկացել, թե ինչ է կատարում: Աղջկա ծննդաբերության ժամանակ ինքը ներկա չի եղել: Շոշափել է երեխային և զգացել է, որ սառն է, երեխան չէր շնչում: Աղջկան ուշագնաց վիճակում տարել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության է եկել: Աղջկան հարցրել է, թե երեխան ծնվելու ժամանակ ձայն արձակե՞լ է: Նա պատասխանել է` երեխային ռետուզի մեջ փաթաթված` դրել է տոպրակի մեջ ու գցել զուգարանը: Աղջկա ձայնը չի լսել:

Ավելի վաղ մյուս աղջիկն իրեն ասել է, որ աղջիկն ուզում էր մկան դեղ ուտել: Երբ աղջկան հարցրել է, թե ինչի համար է ցանկանում մկան դեղ ուտել, արդյոք իրեն նեղացնող է եղել, վերջինս պատասխանել է, որ փորի մեջ բան է շարժվում: Հաջորդ օրը նրան տարել է հիվանդանոց: Մինչ այդ նրա հղիության մասին չի իմացել: Բժիշկն իրենց ասել էր, որ դստեր հղիությունը 3-4 ամսական է, իսկ հիմա պնդում է, որ 36-37 շաբաթական էր: Նորածնի վրա որևէ մարմնական վնասվածք չի նկատել: Երեխայի պարանոցից է բռնել ու դրել պարկի մեջ: Ինքը երեխային չի սպանել: Ինքն իր աղջկա վրա պորտալար է տեսել, սակայն նորածնի վրա չի տեսել, ինքը պորտալարը չի պոկել: Երեխայի ճիչ չի լսել: Աղջկա մոտ որևէ մեկը չի եղել: Իրենից բացի, այլ անձ նրա մոտ չի գնացել:

 Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, նպատակ ունեն խուսափել պատասխանատվությունից ու պատժից և հերքվում են հետևյալ ապացույցներով։

Գործով տուժողի իրավահաջորդը, ով ամբաստանյալի դուստրն է, ցուցմունք է տվել, որ չի հիշում, թե երբ է ծննդաբերել: Ցավեր է ունեցել, սենյակում պառկել է: Մայրը եկել է և տեսել, որ ինքն արնահոսում է, իսկ երեխան մահացած` հատակին ընկած է: Ինքն ուշագնաց է եղել, և երբ սթափվել է, տեսել է, որ երեխան մահացած է: Երեխան մահացած է ծնվել: Դրանից հետո մայրն իրեն տեղափոխել է հիվանդանոց:

Սկզբից չի իմացել, որ հղի է, մինչ ծննդաբերելը մոր հետ գնացել են հիվանդանոց, և այնտեղ է իմացել, որ հղի է: Բժիշկն իրեն հետազոտել է, ասել, որ 4-5 ամսական հղի է: Իր ցանկությամբ գնացել էր հիվանդանոց` երեխային հեռացնելու համար, սակայն բժիշկն իրեն ասել է, որ չի կարող երեխային հեռացնել, և առաջարկել է, որ գնա Երևան: Դրանից հետո վերադարձել են տուն:

 

Գիշերը` ժամը 3:30-ի սահմաններում, դեպքը պատահել է: Ծննդաբերել է միայնակ, տան պատշգամբում, իր մոտ ոչ ոք չի եղել: Ցավեր է ունեցել, և գնալով ցավերն ուժեղացել են, հատակին ծննդաբերել է և գիտակցությունը կորցրել: Երեխան ընկած է եղել իր ձախ կողքին` հատակին, երեխան ձայն չէր արձակում, չէր շարժվում: Մայրը եկել է, երեխային հատակից վերցրել, բայց չգիտի, թե ուր է տարել: Ծննդաբերելուց հետո այլ վայր չի գնացել, մնացել է տեղում: Երեխայի սեռը նույնպես չգիտի և չի կարող նկարագրել երեխայի չափերը: Եղբայրը և մայրը, իրենց ավտոմեքենայով, իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Ծննդաբերության ժամանակ ցավեր ունեցել է, բայց հետո չի ունեցել: Մայրն ասել է, որ երեխան մահացած է, և ինքը նույնպես համոզվել է, որ մահացած է: Մայրն իր ձայներից է եկել: Երբ մայրը եկել է` երեխան արդեն ծնված, մահացած է եղել: Երեխայի ճիչը չի լսել և անգամ մատով չի դիպել: Ինքը գրաճանաչ չէ, իր նախաքննական ցուցմունքները գրել է քննիչը` իր պատմածներից: Հարցաքննությանը, բացի քննիչից, այլ մարդ նույնպես ներկա է եղել: Քննիչը ցուցմունքը բարձրաձայն կարդացել է, և ամեն ինչ գրվել է իր պատմածներից:

Համաձայն կնոջ նախաքննական ցուցմունքների` մայրն ասել է, որ փորը մեծացել է: Դրանից մի քանի օր առաջ ինքը նույնպես զգացել է, որ չաղանում է, հատկապես՝ փորը: Այդ մասին ասել է մայրիկին, նա էլ սկզբում բանի տեղ չի դրել, իսկ հետո նայել է իրեն և ասել, որ հղի է, տաքսի են կանչել և գնացել հիվանդանոց: Ամուսնացած չէ, այդ պահին իրեն երեխա պետք չէր, մայրը նույնպես համաձայն չէր, չէին ուզում, որ եղբայրներն այդ մասին իմանան, դրա համար ուզում էին աբորտ անել:

Բժիշկը զննել է իրեն և ասել, որ պտուղն արդեն մեծ է, և հնարավոր չէ աբորտ կատարել: Վերադարձել են տուն և մայրիկի հետ պայմանավորվել, որ կգնան Երևան քաղաք և այնտեղ աբորտ կկատարեն: Այդ օրը նորմալ է եղել, իսկ հաջորդ օրը զբաղված է եղել տան գործերով, դեռ կեսօր չէր, երբ փորի ներսից սկսել է ցավեր զգալ: Երեկոյան, երբ արդեն մթնել է, սկսել են ցավերն ուժեղանալ:

Այդ մասին ասել է նաև մայրիկին, նա էլ իրեն պարացետամոլ տեսակի դեղահաբ է տվել, խմել է այն` որպես ցավազրկող: Դեղը չի օգնել, և ցավերը քիչ-քիչ ավելացել են: Դեղահաբը տալուց հետո մայրը մնացել է կողքին: Այնուհետև զգացել է, որ երեխան փորից դուրս է գալիս, ու ծննդաբերում է:

Մի պահ գիտակցությունը կորցրել է, հետո տեսել է, որ մայրը ջուր է խմեցնում, հետո նորից են ուժեղ ցավեր սկսել, մայրը կողքին նստած է եղել: Ինքը գետնին պառկած է եղել, և երեխան դեռ դուրս չէր եկել, մայրն օգնել է իրեն, հետևից թևանցուկ բարձրացրել, ինքը կանգնել է, և երեխան դուրս է եկել ու ընկել գետնին: Տեսել է երեխային գետնին, հասկացել է, որ աղջիկ է, այդ պահին նորից է վատացել: Երբ երեխան ընկած էր` պորտալարով կապված էր իրեն:

Երբ նորից ուշքի է եկել, երեխան նորից գետնին ընկած էր, չէր շարժվում, այդ ընթացքում երեխան ձայն չէր հանում: Մայրն էլ չէր խոսում, հետո մայրը նույն սենյակից ցելոֆանի տոպրակ գտավ, երեխային գցեց դրա մեջ: Մայրն անմիջապես գետնից վերցրել է երեխային, փաթաթել ցելոֆանի մեջ ու սենյակից դուրս եկել: Ինքը սպասել է՝ մինչև մայրը եկել է:

Երեխայի լացի ձայն լսել է, հստակ չի կարող ասել, թե որքան ժամանակ, հնարավոր է` 2 րոպե, հնարավոր է և՝ ավելի քիչ, լացի ձայնը լսելու պահին մայրը կողքին է եղել, ձայնը դադարելու պահին էլ էր կողքին, հետո, երբ արդեն ձայն չէր լսվում, մայրը ցելոֆանի մեջ երեխային փաթաթել է: Որևէ պայմանավորվածություն չի եղել, երբ մայրը ցելոֆանի մեջ փաթաթում էր, և այդ հանգամանքից հասկացել է, որ երեխան մահացել է, և մորն ասել է, որ այնպիսի տեղ տանի, որ տնեցիները չիմանան, բայց կոնկրետ զուգարանի փոսի մեջ գցելու մասին որևէ խոսք չի ասել, մայրն էլ չի ասել։ Հրապարակված նախաքննական ցուցմունքները լսելուց հետո տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ դրանք ճիշտ են:

Գործով վկա, դատաբժշկական փորձագետը ցուցմունք է տվել այն մասին, որ նորածին երեխան ներկայացվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ` առանց ընկերքի: Պարկից հանելուց հետո պարզվել է, որ իգական սեռի երեխա է, կանոնավոր կառուցվածքով, բավարար սնվածությամբ, նորմալ քաշով: Երեխան ծնվելուց հետո չէր մշակվել, նրա մարմնի տարբեր մասերում` անութափոսերում, շեքի շրջանում, մաշկը պատված է եղել սպիտակ ճարպանման քսուկով:

Պորտալարը չկապված, անհարթ էր և ուներ խորդուբորդ եզրեր: Երեխայի պորտալարը ձեռքերով քաշած, պոկած է եղել: Երեխայի պարանոցի շրջանում առկա էին արյունազեղումներ, որոնք առաջացել են ճնշման հետևանքով: Լաբորատոր ստուգմամբ պարզվել է, որ երեխան ծնվել է կենդանի և ծնվելուց հետո շնչել է: Հնարավոր է, որ մահն առաջացել է մատներով երեխայի պարանոցը սեղմելու հետևանքով:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` պտղի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է պտղի պարանոցի օրգանները բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքով։ Հայտնաբերված վնասվածքները կենդանի անձանց մոտ ունեն առողջության ծանր վնասի հատկանիշներ, որոնցով էլ պայմանավորված է մահը: Ելնելով պտղի չափագրական տվյալներից, ծննդաբերության պահին պտուղը եղել է կենսունակ։

Նյութի աղբյուր՝ 168.am

Be the first to comment on "Ի՞նչ է կատարվում երկրիս հետ․ Տավուշում կինը խեղդել է նորածնին, դիակը թաքցրել արտաթորանքի մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ