Որ կետերով է ԱԺ կանոնակարգ-օրենքը հակասում Սահմանադրությանը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/844698/

Նախօրեին սրընթաց փոխված իրավիճակը կարող է նոր զարգացումներ ունենալ արդեն Սահմանադրական դատարանում: Ինչպես հայտնի է, նախօրեին երեկոյան հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդունվեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որտեղ ամրագրված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են` իրենց կամքից անկախ, եւ դրա հետեւանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի:

Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացման պարագայում: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է լուծարել խորհրդարանը, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս պահին խորհրդարանի լուծարման միակ օրինական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում ընտրել նոր վարչապետ, եւ նոր միայն խորհրդարանը օրենքի ուժով համարվում է լուծարված: Սակայն հենց վարչապետը ոչ մեկ անգամ խոսել էր այն մասին, թե մեծ վտանգ է առկա, որ իր հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն, ով փաստացի խորհրդարանում մեծամասնություն է, կարող է նոր վարչապետ ընտրել: Եվ այս սցենարից խուսափելու համար նշվում էր, թե հրաժարական տալուց հետո ԱԺ շենքը կշրջափակվի, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան մասնակցելու նիստերին, եւ վարչապետ չընտրվի, եւ իրավունքի ուժով խորհրդարանը լուծարվի: Սակայն այսպես ստացվում է, որ խորհրդարանը շրջափակելու տարբերակն ընդհանրապես կորցնում է իր իմաստը: Այս իրավիճակում ամեն ինչ թերեւս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքերում է, ով 21 օր ժամանակ ունի այս նախագծի սահմանադրականությունը վիճարկելու համար: Դատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ով զրուցել է Արմեն Սարգսյանի հետ` վերջինս հակված չէ գնալ ժողովրդի դեմ եւ, թերեւս, կդիմի Սահմանադրական դատարան: ԱԺ կանոնակարգ-օրենքի ընդունումից հետո կարծիքներ են շրջանառվում, թե խորհրդարանը, միեւնույն է, ազատ կարձակվի, եթե 14 օրում վարչապետ չընտրվի: Եվ պատճառաբանությունը բերվում է այն, թե Սահմանադրությամբ խորհրդարանը ցրելու ընթացակարգի վրա այս նախագիծը չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ Սահմանադրությունը 14 օր ժամանակ է տրամադրում խորհրդարանին նոր վարչապետ ընտրելու համար, եւ էական չէ, թե ինչի պատճառով չի կարողանում ընտրել վարչապետ, դա նշանակում է, որ խորհրդարանը չի գործում կամ անգործունակ է:

Օրինակ` «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հենց այս կարծիքի կողմնակիցն է եւ նշում է, թե Արմեն Սարգսյանը հենց այս փաստարկներով պետք է դիմի Սահմանադրական դատարան, քանի որ Սահմանադրությունը գերակա է այլ օրենքների նկատմամբ: Միաժամանակ, սահմանադրագետ Վարդան Այվազյանն այդ նրբություններն ավելի տեխնիկական հարց է որակում եւ մեկնաբանության խնդիր է տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, թե ԱԺ կանոնակարգ-օրենքում արված փոփոխությունը տարածվում է բոլոր տեսակի նիստերի վրա: «Ընտրության կարգի մեջ նախապայմաններ չկան, բայց դա մեկնաբանության խնդիր է: Եթե կանոնակարգ-օրենքով ասում են, որ խոչընդոտելու պարագայում նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, ուրեմն դրանից ելնելով` իրենք այդ 14 օրը հաշվարկելու են խոչընդոտը վերանալու պահից: Եթե օրենքը ուժի մեջ մտավ, այդպես կհաշվարկվի», – նշեց նա: Միեւնույն ժամանակ սահմանադրագետը մատնացույց արեց Սահմանադրության առաջին եւ երկրորդ կետերը, որոնք էլ մատնանշելով` կարելի է դիմել Սահմանադրական դատարան: «Այդ փոփոխության սահմանադրականությանը հակասում է այն, որ այդ փոփոխությունն արված է ժողովրդի կողմից խոչընդոտները չեզոքացնելու համար, ուրեմն դա հակասահմանադրական է, որովհետեւ ժողովուրդն ինքն է իշխանության միակ եւ անփոխարինելի սեփականատերը, եւ ժողովուրդն էլ ցանկացած պահի, եթե գտնում է, որ Ազգային ժողովի պատգամավորները չպետք է մտնեն իրենց աշխատավայր եւ նիստ գումարեն, ուրեմն դա օրինական պահանջ է: Հակասում է 1-ին հոդվածին, քանի որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, եւ հակասում է երկրորդ հոդվածին, որում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին», – նկատեց Այվազյանը:

Միեւնույն ժամանակ նա կասկածներ հայտնեց, թե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական կճանաչի դրույթը: «Նախկին իշխանությունների կողմից ձեւավորված դատարանն է: Այդ առումով կան ռիսկեր, որ չի ճանաչի, սակայն ինքն էությամբ հակասահմանադրական օրենք է, որովհետեւ հակասում է նրան, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, եւ հակասում է նրան, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին», – կրկնեց սահմանադրագետը: Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ երեկ հայտարարություն տարածելով` նշել է, թե վերադարձից հետո այդ փոփոխության հետ կապված քննարկումներ կանցկացնի: Այնպես որ, գնդակն այժմ Արմեն Սարգսյանի դաշտում է: Նաիրա Հովհաննիսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/844698/

Be the first to comment on "Որ կետերով է ԱԺ կանոնակարգ-օրենքը հակասում Սահմանադրությանը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/844698/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ