Իրավիճակը պայթեց. Ուր են տանում հետքերը

Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

Պարոն Մարգարյաներեկ ո՞վ հրահրեց այս իրավիճակը։ Արդյոք մո՞տ է հանգուցալուծումը։

Իրավիճակի սրման բոլոր նախադրյալները կային նախապես՝ հաշվի առնելով փաստացի երկիշխանության պայթյունավտանգ վիճակը: Հարցն այլ էր, թե երբ այդ բավական փխրուն սատուս-քվոն կպայթի: Պայթեց երեկ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ սկսված բանակցությունների շրջանակում, քանի որ չստացվեց գալ որևէ կոմպրոմիսի, փոխըմբռնման: Առաջին հայացքից կոմպրոմիս կար, համենայն դեպս այդպիսին էր տպավորությունը Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո: Սակայն ակնհայտ է, որ դա խախուտ կոմպրոմիս է, կողմերն իրականում չեն վստահում իրար: Առիթը, որը հարուցեց երեկվա իրադարձությունները, կանոնակարգ օրենքի փոփոխություններն էին, որոնք հետևանքն են հենց այդ փոխադարձ անվստահության: Ի վերջո, ինչ է ենթադրում այդ փոփոխությունը, ինչու դա այդքան շուտափույթ առաջ բերվեց ու ինչու հարուցեց Փաշինյանի զայրույթը: Այդ փոփոխությամբ քաղաքական ուժերն ապահովագրում էին իրենց վարչապետի ընտրության նիստերի ընթացքում փողոցի հնարավոր ճնշումներից: Իսկ Փաշինյանին այդ փոփոխությունը զայրացրեց, քանի որ նա պատրաստվում էր փողոցի ճնշմամբ ապահովագրել իրեն այդ նիստերն ըստ էության տապալելով: Իսկ սա նշանակում է, որ կողմերը սկսել էին բանակցել ի սկզբանե իրար հանդեպ վստահություն չունենալով:

Դժվար է ասել` հանգուցալուծումը մոտ է, թե ոչ: Ի վերջո, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նախկին քաղաքական համակարգին ու այդ համակարգի մասնիկներին ապագայում հուսադրող քաղաքական հեռանկար չի սպասվում, և նրանք որոշեցին երկրորդ տեմպով դիմադրել, այս անգամ արդեն դիմադրությանը միացան նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Արդյոք դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններինչպես նշում է Նիկոլ Փաշինյանըթե՞ խորհրդարանական երեք ուժերը՝ՀՀԿնԲՀԿն և ՀՅԴն ամեն կերպ կդիմադրեն։

Տեխնիկական իմաստով չենք կարող ասել, թե երբ տեղի կունենան ընտրությունները՝ նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին, թե ասենք փետրվարին: Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը դեռ պետք է հաստատվի, հրաժարական, ընտրության օր, ևս մեկ ընտրության օր և այլն: Բայց քաղաքական իմաստով ակնհայտ է, որ ընտրություններն անցկացվելու են հնարավորինս շուտ: Ավագանու ընտրություններից հետո իշխանությունն արտահայտել էր այդ մոտեցումը և անկախ երեկվա դեպքերից, փորձելու էին ընտրության հարցը արագացնել, պարզապես հարց էր, գործընթացը կգնա հարթ, թե բարդություններով: Արդեն պարզ է, որ արտահերթ ընտրություններ ամեն կերպ լինելու են, այժմ փորձ է արվում գործընթացը կազմակերպել գործող սահմանադրական կարգավորումների շրջանակներում, բայց վստահ եմ, որ որևէ ֆորս մաժորի դեպքում Փաշինյանը կարող է հղում անել հեղափոխական իրավիճակին ու գնալ ԱԺ ցրման՝ գործող սահմանադրական կարգավորումներից դուրս:

Ակնհայտ է, հատկապես երեկվա դեմարշից հետո, որ Փաշինյանը փորձելու է հնարավորինս արագացնել ընտրությունները, քանի որ իր վարչապետության մեկ տարին լրանալուց հետո կա վտանգ, որ խորհրդարանական նույն ուժերը նրան անվստահություն կհայտնեն: Իսկ այդ ժամանակ դժվար է ասել՝ հնարավոր կլինի նույն կերպ մոբիլիզացնել ընտրողներին ու ժողովրդական լայն շերտերին, թե ոչ: Քանի կա հանրային բարձր աջակցության ֆոնը, քանի կա այդ ֆոնի ֆորմալիզացիան ավագանու ընտրության արդյունքներով, որոշվել է հնարավորինս շուտ ամրագրել իշխանությունը:

Ո՞ր տարբերակն է առավել հարմար անցնցում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։

Անցնցում միակ տարբերակն, իհարկե, գործող սահմանադրական կարգավորումների շրջանակներում քաղաքական պայմանավորվածության գնալն է առ այն, որ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ վարչապետ չի ընտրվում, հայտարարվում են խորհրդարանական ընտրություններ: Բայց պետք է հասկանանք, որ սա խորհրդարանական մյուս ուժերի համար լինելու է կոմպրոմիս՝ կապիտուլյացիայի պայմանների շուրջ, այսինքն՝ կոմպրոմիս այն մասին, թե ինչ կորուստներով նրանք կարող են դուրս գալ քաղաքական դաշտից: Երևանի ավագանու ընտրությունները, դրանց արդյունքները, ընտրված հռետորաբանությունն ու գործելաոճը խորհրդարանական երեք ուժերի համար հստակ մեսիջ էին, որ իրենց տեղը քաղաքականության մեջ վտանգված է: Հետևաբար այժմ նրանց հետաքրքիր են ոչ այնքան ցնցումները, որքան ինչ-որ կերպ սեփական քաղաքական դերակատարումը պահելը, կամ ներկա համակարգում, կամ գոնե նոր, դեռևս ձևավորվելիք համակարգում:

Ըստ Ձեզո՞վ կարողացավ համախմբել խորհրդարանական երեք ուժերին՝ Սերժ Սարգսյա՞նըՌոբերտ Քոչարյանը

Որևէ բաց ինֆորմացիայի աղբյուր մենք չունենք, բայց կարող ենք մի քանի ակնհայտ նշաններով ուրվագծել պատկերը: Նախ՝ կանոնակարգ օրենքի փոփոխությունները արվեցին շատ սպոնտան, միաձայն, արագ կերպով: Այսինքն՝ նախապես երեք ուժերի միջև եղել է պայմանավորվածություն: Դժվար է հավատալ, թե այս ամենն արվել է պարզապես իրար աչքով ունքով անելով, բնականաբար, եղել է նախնական պայանավորվածություն: Ակնհայտ է նաև, որ մինչ այդ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ ԳՄ նիստ անցկացնելուց հետո Հանրապետականների հռետորաբանությունը որոշակիորեն փափկեց, ինչին հետևեց Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը՝ կրկին բավական մեղմ տոնայնությամբ: Առավոտյան արդեն ՀՀԿ-ն՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միասին սկսեց դեմարշը: Այսինքն՝ ակնհայտ է հռետորաբանության որոշակի անսովոր տատանում:

Սերժ Սարգսյանն, ըստ որոշ լուրերի, Հայաստանում չէ, հանրապետականներն ակտիվ զբաղված են Քոչարյանի լոբբինգով: Հետո գալիս է Սերժ Սարգսյանը, հռետորաբանությունը մեղմանում է, սկսվում են բանակցություններ: Հաջորդ առավոտյան՝ դեմարշ, ընդ որում՝ այլ ուժերի հետ մեկտեղ: Ավելին՝ ԲՀԿ նախաձեռնությամբ սկսված փոփոխությունների տեսքով: Ենթադրում եմ, որ նախկին քաղաքական վերնախավը դիմադրության որոշակի ընդհանուր առանցք է գտել կամ փորձում է ուրվագծել: Եվ դատելով գործելաոճից՝ հետքերն ավելի շատ տանում են դեպի Քոչարյան:

Երեկ վարչապետը հայտարարեցոր հակահեղափոխաաններ են բոլոր նրանքովքեր կողմ կքվեարկեն այս փոփոխություններին։ Այսքանից հետոի՞նչ եք կարծումորևէ հնարավորություն կա՞ նրանց հետ համագործակցության։ Ի վերջոայս բանակցությունները ինչի՞ կհանգեցնեներբ կողմերից որևէ մեկը ընտրությունների ժամկետների առումով որևէ զիջման չի գնալու:

Ինչպես տեսանք, այդ հայտարարություններից հետո, երբ փոփոխություններն արդեն ընդունվել էին, Փաշինյանը գնաց և բանակցեց խորհրդարանական ուժերի հետ: Այսինքն ՝ հրապարակում հնչող հայտարարություններն իրենց հերթին, բայց բանակցությունները ոչ ոք չի չեղարկել: Հայտարարություններն արվում են հրապարակի համար: Թե ինչի կհանգեցնեն բանակցությունները՝ դժվար է ասել: Կարծես թե ֆորմալ դրանք կան, բայց բանակցելու, երկխոսելու իրական հիմքերը չկան՝ կողմերը միմյանց չեն ուզում ճանաչել ու անվստահություն ունեն: Այսքանով հանդերձ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան առճակատումը:

Իրավիճակը պայթեց. Ուր են տանում հետքերը

Be the first to comment on "Իրավիճակը պայթեց. Ուր են տանում հետքերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ