Նիկոլ Փաշինյանը գծեց սահմանը. երկխոսությո՞ւն, թե՞ վերջնագիր

Հույս ունենամ, որ ոչ մեկը գայթակղությանը չի տրվի, և ժողովուրդն ամեն անգամ ստիպված չի լինի իր կամքը ցույց տալ: Չեմ բացառում, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքացիները դուրս գան փողոց․ այսօր «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կառուցողական կլինեն բանակցությունները: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, հույս ունեմ՝ խորհրդարանական ուժերը նույնպես»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ։

Ըստ ամենայնի հենց դա է վարչապետի պատկերացումները բանակցությունների արդյունավետության մասին, այլ խոսքով՝ եթե խորհրդարանական ուժերը սկզբունքորեն չհամաձայնեն արտահերթ ընտրությունները սեղմ ժամկետում՝ մինչև տարեվերջ անցկացնելուն, ապա մենք գործնականում կարող ենք ականատես լինել հեղափոխության շարունակության, այսպես կոչված՝ վրացական սցենարով, երբ ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք։ Միանգամից նկատենք, որ այնքան էլ միանշանակ չէ, թե նման սցենարին ինչպիսի արձագանք կտա միջազգային հանրությունը, մանավանդ որ խորհրդարնական ուժերն, ըստ էության, փաստաթղթավորված կոնսենսուս ունեն արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու վերաբերյալ։ Մյուս կողմից՝ ընտրական օրենսդրության բարեփոխումը ու դրանով պայմանավորված ադապտացիոն փուլը հնարավոր չեն դարձնում մրցակցային ընտրությունների անցկացումը մինչև տարեվերջ։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ունի իր բացատրությունը, մոտիվը։

«Ինձ թվում է՝ մենք պետք է ժամկետները քննարկենք և արագացնենք արտահերթ ընտրությունները: Ինչո՞ւ, որովհետև այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի, ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են, և նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի տնտեսության մեջ մենք կարողանանք իրական ներդրումներ անել և փոփոխություններ բերել: Տնտեսական շահերից է զուտ ելնում, որպեսզի հնարավորինս արագ անենք ընտրությունները»,- ասել է Փաշինյանը:

Կարծում ենք՝ ներդրումների հետ կապված կա որոշակի շփոթ կամ նույնիսկ մանիպուլյացիա։ Օտաերկրյա ներդրողներին անհագստացնում է ոչ թե այն հանգամանքը, թե որ թիմը կլինի իշխանության ղեկին, այլ նրանց պետք են կոնկրետ երաշխիքներ, որ Հայաստանում քաղաքական ու տնտեսական բարեփոխումներն անշրջելի են, այլ խոսքով՝ հստակեցված են խաղի լեգալ կանոնները։ Այս տրամաբանության համտեքստում արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացումը նույնիսկ կարող է ռիսկեր ծնել ներդումների ապահովման տեսանկյունից։

Ըստ ամենայնի՝ դատելով Նիկոլ Փաշինյանի խոսքից, իշխանությունները դարձյալ մտադիր են գեներացնել հասարակության էյֆորիկ տրամադրությունները, այսինքն՝ խաղը կառուցել «սևերի» ու «սպիտակների» տրամաբանությամբ, ինչն անխուսափելիորեն ենթադրելու է միաբևեռ քաղաքական համակարգի ձևավորում՝ ընդդիմությունը բացառելու հեռանկարով։ Իշխանությունը մտադիր է արագացնել արտահերթ ընտրությունների անցկացումն ոչ թե հակահեղափոխության ռևանշը կանխելու նպատակով(նման վտանգ գոյություն չունի), այլ, որովհետև միայն այս պահին է հնարավոր կրկնել երևանյան ընտրություններում կիրառված բավականաչափ պարզունակ, սակայն արդյունավետ քարոզչական հնարքի կիրառումը։ Քանի դեռ խոշոր ընտրազանգվածը չի ենթարկվել բնական սեգմենտացիայի, ապա նույնիսկ անիմաստ է խոսել այն մասին, որ նոր խորհրդարանը հեռանկարի իմաստով կարող է կատարել քաղաքական բազմազանության լեգիտիմ ինստիտուտի, հանրային տարամդրություններն օբյեկտիվորեն արտացոլող ներկայացուցչական մարմնի դեր։ Նիկոլ Փաշինյանն ինքն է այսօր ակամայից խոստովանել, որ 81%-ն ոչ թե իր դաշինքի բնական վարկանիշն է, այլ՝ արտահերթ ընտրություններ ցանկացող քաղաքացիների տոկոսային ցուցանիշը։ Ըստ այդմ՝ հանրային տրամդրությունները մի փոքր հանդարտեցնելու, բնական վիճակի բերելու անհրաժեշտություն կա, եթե չենք ուզում արտահերթ ընտրությունները հանգեցնեն նոր քաղաքկան մենաշնորհի, որի լեգիտիմությունն արդեն ամիսներ անց խիստ կասկածելի է դառնալու, քանի որ գործող իշխանությունն օբյեկտիվորեն ունենալու է վարկանիշային կորուստ։

Ո՞վ Հայաստանում կանի երկարաժամկետ ներդրումներ, եթե քաղաքական մենաշնորհն անխուսափելի ծնելու է անոմալ հարաբերություններ տնտեսության մեջ։ Կամ՝ ինչպե՞ս ենք պատկերացնում հեղափոխության ձեռքբերումների քաղաքական կապիտալիզացիա՝ առանց քաղաքական բազմազանության ինստիտուտի ներդրման։

«Մեր իշխանության ամենամեծ հակակշիռը ժողովուրդն է: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին. այն որոշակի վերաձևումների կենթարկվի, և այդ հակակշիռներն էլ կձևավորվեն: Սա անցումային շրջան է, որտեղ այդպիսի իրավիճակ է»,- այսօր ասել է Փաշինյանը։

Վարչապետն ակնհայտորեն իրեն հակասում է, որովհետև եթե ժողովուրդն իշխանության միակ կրողն է, ապա չի կարող ինքն իրեն հակակշիռ լինել, մյուս կողմից՝ եթե հաջորդ խորհրդարանը ձևավորում ենք՝ անցումային շրջանը կայունացնելու համար, ապա օրակարգից դուրս է գալիս արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացումը ներդրումներով պայմանավորելը։

Օգոտոսի 17-ի հանրահավաքում ու տակավին օրեր առաջ ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր անցումային արդարադատության մարմինների ստեղծումը, մասնավորապես՝ երկրից թալանված ու դուրս տարված փողերի վերադարձն ապահովելու նպատակով։ Եթե, այնուամենայնիվ, որոշվի կյանքի կոչել անցումային արդարադատության ինստիտուտը, իշխանության նկատմամբ մեկ ուժի տոտալ վերահսկողության պարագայում, որտեղ փաստացի չի լինելու ընդդիմություն, չեն գործելու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները, ներդրվող ինստիտուտը կարող է կորցնել իր դասական, ֆունկցինալ նշանակությունը՝ վերածվելով սեփականության վերաբաժանման ռեպրեսիվ մեքենայի։

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը որևէ բանական քաղաքական ուժ չի վիճարկում, ավելին՝ խիստ տրամաբանական է այն ժամկետը, որը նշված է կառավարության ծրագրում։ Սակայն ընտրությունների, այսպես կոչված, հապճեպ, կամ Փաշինյանի ձևակերպմամբ՝ ափալ-թափալ անցկացումը «սևերի» ու «սպիտակների» արհեստական բաժանմամբ, բերելու է հասարակության դևալվացիային, իշխանության նկատմամբ հեղափոխական հարթակի մենաշնորհի՝ առանց դեմոկրատական հակաշռի կամ ընդդիմության, ինչը, վերջին հաշվով, խմբագրելու է հեղափոխության օրակարգը՝ չեղարկելով մի շարք իդեաների կիրառականության հնարավորությունը։

Համենայն դեպս՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցազրույցն ավելի շատ նման էր ոչ թե երկխոսության օրակարգի ձևակերպման, այլ՝ խորհրդարանին հասցեագրված վերջնագրի, որի չկատարումը փողոց է դուրս բերելու տասնյակ հազարավոր մադկանց։

https://www.1in.am/2434889.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը գծեց սահմանը. երկխոսությո՞ւն, թե՞ վերջնագիր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ