Փաշինյանը համոզե՞լ է Ալիևին, թե՞ Բաքվի նոր ծուղակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է․ «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»:

Վարչապետը հավելել է, որ համապատասխան հրահանգ է տվել զինված ուժերին և նախորդ գիշերը եղել է իր վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը: «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել:

Ուշագրավ է, որ կեսգիշերին Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ։

Հազվադեպ է լինում, որ նույն հանդիպման վերաբերյալ այսքան միանման լինի հայկական ու ադրբեջանական կողմերի տարածած պաշտոնական տեղեկատվությունների բովանդակությունը։ Իհարկե, հուսադրող է, որ Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի ընթացքում հնարավոր է եղել համաձայնության գալ այսքան կարևոր խնդրի վերաբերյալ։

Մյուս կողմից՝ խիստ տարակուսելի է, որ Բաքուն համաձայնել է մի բանի, որին սկզբունքորեն ընդդիմանում է երկու տարի՝ չնայած միջնորդների հետևողական պնդումներին։ Խոսքը հրադադարի պահպանման մեխանիզմների մասին է, որոնց շուրջ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել դեռ 2016-ին՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ։ Այն, ինչի մասին պայմանավորվել են Փաշինյանն ու Ալիևը՝ ըստ էության ամբողջովին տեղավորվում է հենց Վիեննայի պայմանավորվածությունների շրջանակում։

Հենց այստեղ էլ առաջանում են հարցերը, որովհետև անհասկանալի է, թե ինչո՞ւ Ալիևը հիմա «ոտքի վրա» պետք է համաձայներ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրմանը, եթե միջազգային երաշխիքներով ամրապնդված նման պայմանավորվածություններին սկզբունքորեն ընդդիմանում է։ Արդյո՞ք պաշտոնական Բաքուն փոխել է իր վերաբերմունքը Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների վերաբերյալ, թե՞ Փաշինյանի հետ «ոտքի վրա» ձեռք բերված պայմանավորվածությունները հրաշալի առիթ են, որպեսզի Ալիևը «ջրված» համարի միջազգայնորեն ինստիտուցիոնալիզացված օրակարգը։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցերին։ Այս հարթության վրա մի փոքր տարակուսելի է, որ երեկ Բաքուն օպերատիվ ու բավականին ռացիոնալ շեշտադրումներով հաստատեց Նիկոլ Փաշինյանի պնդումները։ Սա բնավ չի տեղավորվում Բաքվի ռամատենչ քաղաքականության համատեքստում։

Որպես կանոն, հրադադարի կամ դրա ամրապնդման մասին համաձայնությունները կայացվում են նախապատրաստված լուրջ դիվանագիտական գործընթացի արդյունքում, որի միայն վերջին հանգրվանում է տեղի ունենում երկու կողմերի հանդիպում առաջին մակարդակով։ Այս պարագայում զարմանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի՝ իրար ըստ էության չճանաչող ղեկավարները կարողացել են սկզբունքային համաձայնությունների գալ նույնիսկ ոչ թե բանակցությունների, այլ՝ մի քանի բառ փոխանակելու արդյունքում։

Անկեղծորեն ուզում ենք հավատալ, որ Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի արդյունքում առաջնագծում կհաստատվի խաղաղություն, սակայն մյուս կողմից՝ անթաքույց մտագոհություններ ունենք, որ Բաքուն զանազան ճանապարհներով փորձում է բանակցությունների օրակարգից դուրս բերել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ինստիտուցիոնալ բնույթ ունեն ու միջազգայնորեն ամրապնդված են։

Սա այն դեպքն է, որ հակված չենք հեռուն գնացող վերլուծությունների՝ այն հույսով, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները կգործեն։

https://www.1in.am/2434385.html

Be the first to comment on "Փաշինյանը համոզե՞լ է Ալիևին, թե՞ Բաքվի նոր ծուղակը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ