Նոր կառավարությունն արդեն 4 ամիս գործում է, իսկ Ամուլսարի հարցով թիթեռից այն կողմ դեռ չենք անցել

Ամուլսարծանր ժառանգությո՞ւն, թե՞ հնարավորությունորը կարող է ձեռքից գնալ

Ամուլսարի խնդիրը ծանր ժառանգություն է նախկինից, և նոր կառավարությունը փորձում է լուծումներ գտնել։ Նման տեսակետ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը 3 օր առաջ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։

Թեպետ թեմային գրեթե բոլորը ծանոթ են, սակայն կարճ հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախկին կառավարության օրոք ստացել էր Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու լիցենզիա, կատարել արդեն ավելի քան 300 մլն դոլարի ներդրում, գրեթե ավարտին հասցրել հանքի շինարարությունը։ Ու երբ ըստ ժամանակացույցի՝ արդեն մոտենում էին ոսկու արդյունահանման փուլին՝ Ամուլսարի դեմ բնապահպանների բողոքի ակցիաները վերսկսվեցին նոր թափով։ Թավշա հեղափոխությունից հետո մի քանի տասնյակ ակտիվիստներ փակեցին Ամուլսար տանող ճանապարհները՝ փաստացի կազմալուծելով ընկերության աշխատանքները։ Վարչապետի հորդորներն ու հանդիպումն Ամուլսարում արդյունք չտվեցին. ճանապարհներն արդեն 3 ամիս  փակ են, ինչի հետևանքով ընկերությունը ֆինանսական վնասներ է կրում։

Ինչո՞ւ չի լուծվում Ամուլսարի խնդիրը։ Բնապահպանները կասկածներ ունեն, որ հանքի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների կողմից ապօրինի է տրվել, և, որ հանքն անթույլատրելի ռիսկեր է պարունակում Սևանի ջրերի, Ջերմուկ քաղաքի վրա և այլ առումներով։

Նոր կառավարության օրոք Բնապահպանության և ընդերքի տեսչության ձևավորած խումբը երկշաբաթյա ստուգում անցկացրեց Ամուլսարում։ Սևանի ջրերի և մյուս լուրջ վտանգների մասին որևէ բան չպարզվեց։ Փոխարենը՝ հայտարարվեց, որ Ամուլսարի հանքի տարածքում հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված Ապոլլո տեսակի թիթեռ և Ոզնաթուփ մեխակ, որի հիման վրա տեսչական մարմինը կառավարությանն առաջարկեց կասեցնել լիցենզիան։ Մի քանի օր անց պարզվեց, որ Ամուլսարը չի կարող այդ թիթեռի բնադրավայր հանդիսանալ, իսկ բույսն իրականում Ոզնաթուփ մեխակ չէր։

Ու չնայած դրան՝ Ամուլսարի ճանապարհները շարունակում են փակ մնալ։ Ասում են՝ հիմա էլ արտասահմանյան փորձագետների խումբ է ձևավորվում, որը պետք է հստակ պատասխաններ տա բոլոր խնդրահարույց հարցերին։ Վարագ Սիսեռյանն էլ նշեց, որ կառավարության որոշումը պետք է հիմնված լինի ճիշտ ինֆորմացիայի վրա։

Սիսեռյանը նաև մեկ այլ խնդիր նշեց՝ կոմունիկացիայի, իրար հետ խոսելու խնդիրը։ Իհարկե, ճիշտ է ասում պրն Սիսեռյանը՝ կողմերը պետք է իրար լսեն։ Բայց մի պարզ հարց տանք՝ ո՞վ չի ցանկանում երկխոսել։ Օրինակ, վարչապետն անձամբ հրավիրե՞լ է «Լիդիան Արմենիայի» տնօրենին, որպեսզի «առաջին ձեռքից» իմանա նրա տեսակետը։ Միգուցե վարչապետին ինֆորմացիան սխալ են հասցնում։ Այո, Ամուլսարում հանդիպում եղավ, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով, բայց կան բաներ, որ հրապարակային քննարկման առարկա չեն։ Չէ՞ որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ 1in.am-ի եթերում ակնարկեց, որ Ամուլսարի հարցն իրականում այնքան էլ պարզ չէ, և կան շատ հետաքրքիր (իր ձևակերպմամբ) ու չերևացող պատճառներ։

Կամ՝ մեկ այլ խոսուն փաստ. սեպտեմբերի 23-ին Բաղրամյան 26-ում՝ ՀՀ անկախության տոնի առթիվ հրավիրված էին մի քանի հարյուր հոգի։ Հրավիրվածների թվում էին գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի գործարարները, որոնց անունները շրջանառվում են տարբեր բացահայտումների և չարաշահումների համատեքստում։ Իսկ «Լիդիան Արմենիայի» տնօրենը ներկաների մեջ չէր։ Սա, մեղմ ասած, անհասկանալի մոտեցում է՝ հաշվի առնելով,  որ Ամուլսարն այս պահին Հայաստանի միակ խոշոր ներդրումային նախագիծն է, և նոր կառավարությունը, պետական ծախսերի միջնաժամկետ ծրագիրը հաստատելով, ընդունել է, որ Ամուլսարի ծրագրի հետաձգումը ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսական աճի համար։ Չմոռանանք նշել, որ հրավիրվածների մեջ էր նաև բնապապահպան, Ամուլսարի հանքի ամենաարտահայտված հակառակորդներից մեկը՝ Լևոն Գալստյանը։

Վերադառնանք «ժառանգության» թեմային։ Շատերը միամտաբար կամ դիտավորյալ առաջ են տանում այն թեզը, որ ներկա կառավարությունը պարտավոր չէ մտահոգվել այն ընկերության խնդրով, որի գործունեության թույլտվությունը տվել է նախկին իշխանությունը՝ չի բացառվում՝ խախտումներով և կաշառքով։ Ու եթե անգամ ընկերությունը դատի տա Հայաստանի Հանրապետությանը, կարելի է ասել՝ մենք նախկինների պատասխանատվությունը չենք կրում։

Սա մոլորություն է։ Ամենևին կապ չունի՝ հանքի շահագործման լիցենզիան տվել է նախկի՞ն իշխանությունը, թե՞ ներկա։ Միջազգային հանրության, միջազգային ներդրողի ու միջազգային դատարանի համար պատասխանողը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր գործող իշխանության։

Սա նշանակում է, որ չի կարելի «կացնային» մտածելակերպով ասել, որ ներկա իշխանությունը նախկին իշխանությունների որոշումների համար պատասխանատվություն չի կրում, ինչպես պնդում են որոշ մարդիկ։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններին, պատասխանատվությունը նախկինի վրա գցելու միջոցով խնդիրներից ապահովագրվելու միտքն աբսուրդ է։

Մի պարզ օրինակ բերենք, որպեսզի իրավահաջորդության այս հարցն ավելի պարզ լինի։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վերջերս վճիռ հրապարակեց 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանի Ազատության հրապարակում ցուցարարներից մեկի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ ուժի գործադրման, հետագայում նրա՝ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով դատապարտման կապակցությամբ։ Վճռում նշվում է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։

Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

Հիմա ի՞նչ՝ կարո՞ղ է Հայաստանի կառավարությունը հրաժարվել այդ 20.6 հազար եվրոն վճարելուց՝ պատճառաբանելով, որ այդ Մուշեղ Սաղաթելյանի իրավունքները խախտվել են նախկին հանցավոր իշխանությունների օրոք։ Տեսականորեն, իհարկե, կարող է։ Սակայն ինքներդ էլ պատկերացնում եք, թե այդ ամենից հետո Հայաստանն ինչպես կընկալվի քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Մեկ այլ օրինակ՝ Հայաստանը  5.4 մլրդ դոլարի արտաքին պարտք ունի, որի սպասարկմանն ամեն տարի ուղղում է մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Նախկինում ներգրավված պարտքի նպատակահարմարության, օգտագործման արդյունավետության հետ կապված բազմաթիվ հարցեր ու կասկածներ կան։ Սակայն կարո՞ղ է արդյոք ներկայիս իշխանությունը հրաժարվել արտաքին պարտքի սպասարկումից՝ պատճառաբանելով, որ այն վերցրել է նախկին իշխանությունը ու գրպանել դրա մեծ մասը։ Այս դեպքում էլ՝ տեսականորեն, այո, կարող է։ Ու այս դեպքում էլ կարելի է պատկերացնել՝ որտեղ և ինչ վիճակում կհայտնվենք դրանից հետո։

Հայաստանը պետք է վճարի թե՛ ՄԻԵԴ վճռով սահմանված տուգանքը, թե՛ պարտքի սպասարկման վճարը։ Ու եթե ցանկություն ունի, դրան զուգահեռ՝ կարող է ինքն իր մոտ պարզել, թե ում մեղքով է Եվրադատարանը մեզ ծախսի տակ գցում, կամ ինչպես են օգտագործվել պարտք վերցված գումարները։ Մեկը մյուսի հետ խառնել չի կարելի։

Գրեթե նույն բանն Ամուլսարի դեպքում է։ Միջազգային ընկերությունը հանքը շահագործելու լիցենզիա է ստացել նախկին իշխանության օրոք։ Քանի դեռ հիմնավոր ապացույցներ չկան, որ լիցենցիան անօրինական է, և հանքի գործունեությունն անթույլատրելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, պետությունն իրավունք չունի խոչընդոտել ընկերության գործունեությունը։

Այստեղ կա մի փոքրիկ «խորամանկություն». պետությունը ֆորմալ առումով չի էլ խոչընդոտում՝ հանքի գործունեությունը պաշտոնապես չի կասեցվել, ընկերությունը լիցենզիայից չի զրկվել։ Սակայն այդ «գործն» անում են մի քանի տասնյակ ակտիվիստներ՝ փակելով հանքի ճանապարհը և փաստացի կազմալուծելով ընկերության աշխատանքը։ Բայց պետության կողմից այդ արհեստական արգելքը չվերացնելը (որը նա պարտավոր է անել օրենքով) նույնքան անթույլատրելի է, որքան, եթե պետությունն ինքն առանց հիմքի կասեցներ լիցենզիան։ Ստացվում է՝ ընկերությունը ֆինանսական վնաս է կրում՝ պետության անգործության պատճառով։

Այսինքն, այդ «փոքր» խորամանկությունը չի աշխատում, որովհետև բոլորը հասկանում են՝ ինչ է կատարվում։ Հայաստանն ամեն օր կորցնում է վստահելի գործընկերոջ համբավը։ Ու եթե անգամ վերջում անկախ միջազգային փորձագիտական խումբը պարզի, որ Ամուլսարի հանքը կարելի է շահագործել, և ճանապարհները բացվեն, միևնույն է՝ Հայաստանի վստահելիությանն ու հեղինակությանն արդե՛ն իսկ վնաս է հասցված։

Իսկ այդ վնասի նշանակությունը  դժվար է գերագնահատել։ Փորձեք իրականությանը նայել օտարերկրյա ներդրողի աչքերով. մի կողմից՝ նա տեսնում է, որ Հայաստանի վարչապետը բոլորին կոչ է անում գալ և «արխային» ներդրում անել Հայաստանում՝ հավաստիացնելով, որ օրենքը հավասար գործում է բոլորի համար, և որևէ մեկը խնդիրներ չի ունենա։ Մյուս կողմից՝ նույն այդ պոտենցիալ ներդրողը տեսնում է, որ Հայաստանի խոշորագույն ներդրումային նախագիծը խնդիր ունի (մեղմ ասած), որը չի լուծվում՝ պետությունը չի անում այն, ինչը պետք է աներ։ Տեսնում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը թիթեռի և մեխակի հիման վրա՝ առաջարկում է լիցենզիայից զրկել ընկերությանը, հետո էլ տեսնում է, որ դա սուտ էր, և դրանից հետո այդ մարմնի ղեկավարը շարունակում է մնալ նույն պաշտոնում։ Տեսնում է, որ Ամուլսարի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցրած մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել, և այդպես շարունակ…

Ու Աստված չանի, եթե «Լիդիանը» որոշի Հայաստանին դատի տալ, ինչը մասնավոր ընկերության շահերի տեսանկյունից լրիվ տրամաբանական կլինի։ Այդ դեպքում կարող ենք ընդհանրապես մոռանալ լուրջ ներդրումների ներգրավման մասին։ Ոմանք հնարավոր դատական հայցը ներկայացնում են՝ որպես շանտաժ, և պաթետիկ՝ ուռա-հայրենասիրական տոնով հայտարարում՝ թող ինչ ուզում են՝ անեն։

Սակայն կարծում ենք՝ կառավարությունում գիտակցում են վերը նշվածի բոլոր վտանգները։ Ավելին ասենք, Նիկոլ Փաշինյանն ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի՝ Ամուլսարի հարցը հնարավորինս արագ լուծելու առումով, որովհետև հանքի աշխատանքների փաստացի դադարեցման ազդեցությունն արդեն երևացել է՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ անկման ձևով։

Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է 100%-անոց համոզվածություն ունենալ՝ որոշում կայացնելուց առաջ։ Սակայն արագությունն է չափազանց թույլ. նոր կառավարությունն արդեն 4 ամիս  գործում է, իսկ Ամուլսարի հարցով թիթեռից այն կողմ դեռ չենք անցել։

https://168.am/2018/09/27/1016141.html

Be the first to comment on "Նոր կառավարությունն արդեն 4 ամիս գործում է, իսկ Ամուլսարի հարցով թիթեռից այն կողմ դեռ չենք անցել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ