Պարոն Քոչարյան, կարո՞ղ էիք այսպիսի սանձարձակ ալան-թալան անել, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը․ Վահան Շիրխանյան

«Ամենավտանգավորը և սարսափելին այն է, որ չենք կարողանում անկեղծանալ։ Նույնիսկ հիմա, երբ հայտնի են դառնում բազմաթիվ զազրելի արարքների 20-25-ամյա գոյության փաստեր։ Ավելին, մենք հարմարվել էինք դրանց գոյության հետ, համակերպվել էինք։ Գիտեինք, որ իշխանությունը մեզ խաբում է, ստում է, քցում է, ճնշում է, մեր վրա բռնանում է, մեզ թալանում է, նսեմացնում է, մեզ ստիպում է հեռանալ հայրենիքից, զրկվել հայրական տնից։ Գիտեինք, չէ՞։ Ու համակերպվել էինք… վախից։ Բայց հիմա ինչո՞ւ չենք անկեղծանում։ Առանց անկեղծանալու, մենք չենք կարող միմյանց վստահել ու Նոր Հայաստան կառուցել, քանի որ դա հնարավոր է միայն միասին, ազգովի»։ Այս կարծիքն ունի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Նրա խոսքերով՝ Քոչարյանի կառավարման բոլոր 10 տարիների առաջընթացը կրում է բացարձակապես իմիտացիոն-սիմուլյացիոն բնույթ, այսինքն՝ պարզ խաբեբայություն․ «Ռոբերտա-սերժական 20-ամյա իշխանության տրամաբանությունը և էությունը կայուն քրեածին է և ստեղծվել ու գոյատևել է արյան վրա, մեծ արյան վրա։ Հայ մարդը ներողամիտ է, բայց պատմությունը երբեք չի ներում, խեղված, աղտոտված, թալանված, հավասարակշռությունը կորցրած բնությունը նույնպես երբեք չի ներում ու ժամանակի ընթացքում ազգին կանգնեցնելու է ծանրագույն խնդիրների առաջ։ Համարենք, որ ռոբերտա-սերժական մղձավանջը անցյալում է և այլևս հետդարձ չունի։ Համարենք, բայց քայքայման, ալան-թալանի, անարդարության, երկրի և հայի հանդեպ խոր անտարբերության և արհամարհանքի, կեղեքման, նսեմացման 20-ամյա համակարգի հետևանքները, կենդանի շոշափուկները դեռ երկար ու ծանր մնալու են մեր հիշողության և իրողության մեջ։ Հազարավոր անօրինաբար, պատվերով ազատազրկված մարդիկ դեռ բանտերում են»։

Նա Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կոչ է անում ընդունել, որ տանուլ են տվել, ոչ թե Նիկոլ Փաշինյանն է հաղթել, այլ իրենք են պարտվել և պետք է ժողովրդին պատասխան տան ամեն արածի համար, ոչ թե հոխորտան․«Հայաստանն ունի շատ ավելի ծանր խնդիր՝ ազատվել ձեր ժառանգությունից, իսկ դա, առաջին հերթին, Հայաստանում ներդրված քայքայման, ավերման ծրագիրն է, որը ռոբերտա-սերժական 20 տարիներին հղկվեց, հարմարեցվեց մաֆիոզ շահերին և սարդոստայնեց Հայաստանն ու Արցախը, բանակը և հասարակությունը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Be the first to comment on "Պարոն Քոչարյան, կարո՞ղ էիք այսպիսի սանձարձակ ալան-թալան անել, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը․ Վահան Շիրխանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ