Հայաստանը թող սպասի՝ Պուտինը ժամանակ չունի․ Մոսկվայում հերթական անգամ ծաղրել են Հայաստանին

Ռուսաստանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան, այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են․ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ռուսաստանի նախագահի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետները հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ չասեմ մոտ ժամանակներս, բայց առաջիկայում նման հանդիպում ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,- ասել է Բալայանը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել, որ Պուտինը Հայաստան ժամանի կամ այս տարեվերջին, կամ՝ մյուս տարվա սկզբին։

Կարծես՝ Մոսկվայում առիթի են սպասում, որպեսզի տողատակով հակադրվեն Երևանից հնչած ցանկացած հայտարարության՝ ցույց տալու համար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամային բնույթը։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հասկացրել է, որ Պուտինի հայաստանյան այցելությունը Մոսկվայի համար առանձնապես առաջնահերթություն չէ, ու Երևանը կարող է հանգիստ սպասել իր «հերթին»։

«Իսկապես, քննարկվել է մեր նախագահի՝ Հայաստան այցելության կազմակերպման հավանականությունը, սակայն հստակ ժամկետներ չեն քննարկվել»,- ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ: «Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ նախագահները կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում, այլև Աստանայում անցկացվելիք ՀԱՊԿ նստաշրջանում: Բացի դրանից՝ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, ինչը նույնպես հնարավորություն կտա առաջնորդներին զրույց ունենալու, թեկուզ և կարճատև: Կարծում եմ՝ Հայաստան կատարելիք այցին նպատակահարմար կլինի սպասել հաջորդ տարի»,- հավելել է Ուշակովը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջնորդի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը «բոլորովին վերջերս» է տեղի ունեցել:

Տեղին է հիշեցնել, որ «բոլորովին վերջերս», ավելի ստույգ՝ սեպտեմբերի 1-ին Պուտինը Սոչիում ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն դա ամենևին չի խանգարում, որ վաղը Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները ևս մեկ հանդիպում ունենան, այս անգամ՝ Բաքվում։ Ընդ որում՝ ֆորմալ առումով Ռուսաստանի տարածաշրջանային դաշնակիցը Հայաստանն է, որը, ի տարբերություն Ադրբեջանի, ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է։

Սակայն Ուշակովի այսօրվա խոսքի մեջ այլ՝ ավելի վիրավորական ակնարկ կար։ Նա ռուսական քաղաքականության համար հնարավորինս նսեմացնում է Հայաստանի դերը, հետևաբար՝ Պուտինի հայաստանյան այցի պետական, քաղաքական նշանակությունը։ Մինչ հայկական կողմը հետևողականորեն պնդում է, որ Պուտինի երևանյան այցը պաշտոնական է լինելու, ըստ այդմ՝ այնքան էլ կարևոր չէ, թե Փաշինյանն ու Պուտինն իրար հետ քանի անգամ են հանդիպելու այլ հարթակներում, Ուշակովը հասկացնում է, որ հայ-ռուսական այսօրվա հարաբերություններն այնքան չեն ձգում, որպեսզի առաջնահերթորեն որոշվեն նրանց ժամկետները ու հերթականությամբ թվարկում է մի քանի միջոցառումներ, որոնց ընթացքում Փաշինյանը կարող է «լուսանկարվել» Վլադիմիր Պուտին հետ։ Ի դեպ, ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք անգամ հանդիպել է Պուտինին ու այդ հանդիպումներից որևէ մեկը պաշտոնական չի եղել։

Ահա այսպիսի պատկեր ունեն հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները։ Պուտինի շրջապատում վստահ են, որ Հայաստանը փախչելու տեղ չունի ու համբերատար սպասելու է Պուտինի «եղբայրական» այցին, որը տեղի կունենա, եթե Ռուսաստանի նախագահը մի քանի ժամ «ազատ պատուհան» ունենա։

Ռուսական կայսերականության նման դրսևորումները նորություն չեն, ու այս դեպքում Մոսկվային չէ, որ պետք է մեղադրել, այլ Հայաստանի իշխանությանը, որը, չնայած հեղափոխությանը, շարունակում է միավեկտոր արտաքին քաղաքականությունը՝ հնարավոր բոլոր հարթակներում հայտարարելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվելու։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի առաջին դեմքերի բոլոր օտարերկրյա այցերի հերոսը Ռուսաստանն է, որովհետև Փաշինյանի բոլոր ելույթները սկսվում են արտաքին քաղաքականությունը չփոխելու մասին հավաստիացումներով։

https://www.1in.am/2432894.html

Be the first to comment on "Հայաստանը թող սպասի՝ Պուտինը ժամանակ չունի․ Մոսկվայում հերթական անգամ ծաղրել են Հայաստանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ