Մոնիտորինգի արդյունքները շլացուցիչ կլինեն համազեկուցողների համար, իսկ ՀՀԿ-ի համար՝ ուղղակի սպանիչ

Մեր զրուցակիցն է փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանը

Պարոն ՆորիկյանՌոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Մի քանի օր առաջ էլ նրա որդին էր դատական հայց ներկայացրել Արա Պապյանի և Արթուր Վանեցյանի դեմ։ Ըստ Ձեզ՝ Քոչարյաններն այս քայլով ինչ են ուզում անել, իսկապես պատիվն ու արժանապատվությո՞ւնը վերականգնել։

Ակնհայտ է, որ սա հստակ նպատակադրված գործողություն է, և սա շղթաներից մեկն է, որով Քոչարյանը և իր պաշտպանական թիմը նպատակ են հետապնդում նախ մշտապես գտնվել ուշադրության կենտրոնում և երկրորդ՝ հասարակության ուշադրությունը շեղել իրենց առաջադրված մեղադրանքից «Մարտի մեկի» քրեական գործով, և երրորդ՝ տպավորություն ստեղծել, որ ինքը որևէ մտահոգվելու բան չունի, ավելին՝ քաղաքական հալածյալ է, հետապնդվում է գործող իշխանությունների կողմից: Եվ ամենակարևորը, հիպոթետիկ պատկերացրեք, հասնի հաջողության այն առումով, որ դատարանը որոշի բավարարել հայցապահանջը, և վարչապետ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Հասկանո՞ւմ եք դրա քաղաքական հետևանքները կամ դրա շահարկման մեծ դաշտը։ Ակնհայտ է, որ Քոչարյանը հետապնդում է հենց այդ նպատակը, թեև ներկայացված հայցապահանջի հրապարակված բովանդակությունից ինձ համար գոնե ակնհայտ է, որ անհիմն հայցապահանջ է ներկայացվել: Ես կարծում եմ, որ մենք կունենանք հրապարակված օրինական դատական ակտ, և այդ հրապարակված դատական ակտով բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն։

ԱԱԾ տնօրենը Քոչարյանի կողմից փողերի լվացման մասին հայտարարեց, ինչի՞ մասին է խոսքը:

Խնդիրը հետևյալն է, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը որդեգրել է մի մարտավարություն, որի նպատակն է այսպիսի բողոքների, այսպիսի հավելյալ ուշադրություն սևեռելու գործընթացով ցույց տալ, թե իբր իր նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, հանիրավի իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարվում են և այսպիսի պայմաններում ինքը ստիպված է ձեռնարկել դատական պաշտպանական միջոցներ։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանը, նույնպես իրավունք ունի իր ենթադրյալ խախտված իրավունքների համար դիմել դատական պաշտպանության։ Բայց մենք պետք է տեսնենք՝ արդյոք առկա՞ է որևէ խախտված իրավունք, թե ոչ։ Եվ այն, ինչ այսօր հրապարակվում է, ես՝ որպես իրավաբան, գտնում եմ, որ բացակայում է որևէ հիմք, ինչը դատարանին հնարավորություն կտա բավարարելու հայցապահանջը։ Հիմա օբյեկտիվ քննություն կընթանա, և մենք կտեսնենք, թե ինչ հավելյալ պատճառաբանություններ և հիմնավորումներ կներկայացնեն։ Բայց ակնհայտ է, որ այս ամենի տակ Քոչարյանը քաղաքական բաղադրիչ է դնում՝ օգտագործել իր անվան շուրջ հատուկ ուշադրություն սևեռելու և մշտապես «փոթորիկը» պահելու համար։ Ես գտնում եմ, որ այս ակտիվությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից չէր լինի կամ կպակասի այդ ակտիվությունը, եթե Մարտի մեկի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում մի փոքր տեմպ տրվի և այդ տեմպի արդյունքում հնարավոր լինի արագ ավարտել նախաքննությունը և գործն ուղարկել դատարան: Այդ պայմաններում օբյեկտիվ բազմակողմանի դատաքննության արդյունքում մենք կիմանանք «Մարտի 1»-ի ամբողջական պատկերը, կբացահայտվի ճշմարտությունը, որի ժամանակ, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը կամ ասելու բան չի ունենա, կամ ընդհանրապես կլռի։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդ տեմպը չի տրվում։

Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ իրավասու մարմինները պետք է նոր թափ հաղորդեն, պետք է արագացնեն, որովհետև «Մարտի 1»-ի գործով որոշակի շրջանակներ և հատկապես Ռոբերտ Քոչարյանի և նրան պաշտպանողների ամբողջ ուղղվածությունը տանում է նրան, որ մշտապես շահարկման կամ քննադատական կամ բողոքարկումների ինստիտուտով փորձում են տպավորություն ստեղծել, թե Ռոբերտ Քոչարյանը հետապնդվում է իր քաղաքական գործունեության համար։ Պետք է արագացնել տեմպերը, հնարավորինս արագ ավարտել քննությունը։ Իհարկե, ես հասկանում եմ գործի բարդությունը, բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները, դրա համար եթե անհրաժեշտ է, թող մեծացնեն քննչական խմբի անձնակազմը, թող 20 ժամ աշխատեն, թող գիշերները չքնեն, քանի որ մենք գործ ունենք առանձնահատուկ քրեական գործի հետ, և այս գործը պետք է հնարավորինս շուտ ավարտել և ուղարկել դատարան։ Այս պայմաններում հասկանալի է, որ գործ ունենք ծավալի հետ, բարդությունների հետ, նաև հետաքրքրություն ներկայացնող սուբյեկտների հետ, որոնք իրենցից կարևորություն են ներկայացնում։ Այս ամենը հաշվի առնելով հանդերձ, միաժամանակ ակնհայտ է, որ պետք է տեմպ հաղորդել։

Պարոն Նորիկյան, Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել էր Հայաստանում հեղափոխությունից հետո խոսքի ազատության, մարդու իրավունքների սահմանափակման խնդիրները, եւ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին գործուղել Հայաստան։ Ի՞նչ կարող են արձանագրել համազեկուցողները։

Ես իսկապես համաձայն եմ վարչապետ Փաշինյանի պնդմանը, որ ՀՀԿ ներկայացուցիչները օբյեկտիվորեն այս պահին ի վիճակի չեն համարժեք գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Ես չեմ կարծում, որ ԵԽԽՎ մոնիտորինգին դիմելով կամ ՀՀ-ում մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ մոնիտորիգ իրականացնելու արդյունքում իրենք կարող են ստանալ իրենց ակնկալած արդյունքը։ Ես գտնում եմ, որ բոլոր քայլերը՝ դրսից տղա բերելու և ՀՀ-ում ինչ-որ խնդիր լուծելու ձեռագրերը, դատապարտված են անհաջողության։ Ի վերջո, այն, ինչ կատարվում է Հայաստանում նոր իշխանությունների կողմից, անկախ նրանից ինչ գնահատականի կարժանանա, իրականացվում է բացառապես ժողովրդի տված մանդատով: Չկա արձանագրված որևէ փաստ, որ ՀՀ նոր իշխանություններն իրենց գործունեության այս կարճ ժամանակահատվածում իրականացրել են ՀՀ օրենսդրությանը հակասող որևէ գործողություն, և եթե անգամ այս կամ այն քայլը հարիր չէ մեր քիմքին, դա չի նշանակում, որ գործող իշխանությունները սխալ են անում կամ հակաօրինական քայլեր են անում։ Այս համատեքստում, ես գտնում եմ, որ նրանց կողմից իրականացված քայլերը որևէ հաջողություն չեն արձանագրելու:

Հատկապես Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ընտրությունների ընթացքը ցույց տվեցին, որ իսկապես բեկումնային փոփոխություններ են տեղի ունեցել նաև հասարակական գիտակցության մեջ: 1991-ից հետո մենք առաջին անգամ արձանագրեցինք մի ընտրական ցիկլ, որի ժամանակ բացառապես վերացած էր վարչական ռեսուրսի որևէ դրսևորում, մենք ականատես չեղանք ընտրակաշառքի դրսևորումների, ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների, թաղային խուլիգանների բռնի գործողությունների և անպատժելիության որևէ դրսևորման: Եվ խնդրեմ, թող Արփինե Հովհաննիսյանը հրավիրի այդ մոնտորինգին, սիրով, թող գան տեսնեն, թե մենք ինչ ընտրական գործընթաց ենք իրականացրել։ Կարծում եմ՝ արդյունքները շլացուցիչ կլինեն համազեկուցողների և մեր հասարակության համար, իսկ իրենց համար՝ ուղղակի սպանիչ։

Մոնիտորինգի արդյունքները շլացուցիչ կլինեն համազեկուցողների համար, իսկ ՀՀԿ-ի համար՝ ուղղակի սպանիչ

Be the first to comment on "Մոնիտորինգի արդյունքները շլացուցիչ կլինեն համազեկուցողների համար, իսկ ՀՀԿ-ի համար՝ ուղղակի սպանիչ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ