Փաշինյանին. Էրդողանը «սանձ է դրել» ռուսական արջին

Ի՞նչ են լինելու Հայաստանի եւ հայության քայլը շուրջբոլորը ծավալվող փոթորկի դիմաց

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայյիբ Էրդողանը սեպտեմբեր 24-ին սյունակ է հրապարակել Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» օրաթերթում [1], որտեղ շարադրել է ռուս-թուրքական հարաբերությունների եւ շրջանի իրադրության իր տեսլականը: Իրական քաղաքականության ձեռնարկի կոչման արժանի այս բազմաշերտ նյութը հատկապես արժեքավոր է հայերի համար:

Մոսկովյան հրապարակումը իրականացվում է սիրիական Իդլիբ նահանգի վերաբերյալ Սոչիում ստորագրված ռուս-թուրքական հուշագրի շուրջ ծավալվող կրեմլյան հզոր քարոզարշավի պայմաններում: Ցավալի կորուստներ կրելով IL-20 օդային հետախուզանավի միջադեպում, պաշտոնական Մոսկվան ստիպված էր դիմել Իդլիբը թուրքերին զիջելը իբրեւ ռուս-թուրքական կապի համար «պատմական», «դարակազմիկ» եւ նույնիսկ «Սիրիայի համար բախտորոշ» [2] ներկայացնելու լայնածավալ գովազդային հնարքին: Թերթերը եւ հեռուստատեսությունը ողողված են պարոն էրդողանին մեծարող նյութերով: Ուշագրավ է, որ նույնիսկ թրքական իշխանամետ մամուլը, հակառակ ազգային ավանդույթին, հակված չէ երկրի համար իրոք նշանակալից իրադարձության այդաստիճան ներբողման: Անմիջապես Սոչիից հետո ռուսական մեդիա մի պահ սպրդած քննադատական ելույթները արագորեն մղվեցին դեպի «շոգին» պարպող հարթակներ [3]: Էրդողանի երեկվա հոդվածը, ըստ երեւույթին, հրահանգված է չքննարկել տեղական մամուլում առհասարակ: Արգելքի համար կան բոլոր հիմքերը:

«Կոմերսանտի» սյունակի տեքստը, բնականաբար, գտնվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած քննարկումների սահմանում: Այդուհանդերձ, նախագահ Էրդողանը Էրդողան չէր լինի, եթե առիթը չօգտագործեր Իդլիբի ձեռքբերմանը հետեւող իր հաջորդ քայլը Մոսկվա քաղաքից հրապարակելու համար: Ուշագրավ է քաղաքական գրոհի տեխնոլոգիան: Արեւմուտքի ծափահարության ներքո Իդլիբը ռուսներից ստանալուց արդեն երկու օր անց երեկվա մոլի արեւմտամետ եւ ժողովրդավար Էրդողանը Նյու Յորք ՄԱԿ ԸԱ մեկնելուց առաջ Անկարայում հայտարարեց, որ «իր երկրի որոշ դաշնակիցներ» պետք է դադարեցնեն աջակցությունը Սիրիայի հյուսիսի, իր բնութագրմամբ, «ահաբեկիչներին»: Սա Բաշար Ասադին, ռուսներին ու պարսիկներին Իդլիբ չթողնելու Նահանգներից պահանջվող թրքական գինն էր, ընդ որում՝ ԱՄՆ անունը ուղիղ չտրվեց: Եւ ահա, մոսկովյան թերթի էջերից, նորից անզիջում արեւելամետ դարձած Էրդողանը Նահանգներից արդեն ուղղակիորեն պահանջում է դադարեցնել քրդական «ահաբեկչական ճահճի» ֆինանսավորումը: Եւ վե՞րջ: Ամենեւին ո՛չ, շարադրության ընթացքին կենացները քաղցրանում են:

Վաղ թե ուշ պետք է հայցվեր արդեն այս պահանջի թրքական գինը ռուսներից: Եւ այն հայցվեց տեղնուտեղը՝ նույն հոդվածում: Էրդողանի խոսքը, որ ուղղվեց Ռուսաստանին, արժե ավելի ընդարձակ մեջբերել. «…Մենք այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների հետ պայքարում, ինչպիսիք են PKK, PYD եւ YPG-ն, Ռուսաստանի աջակցության հույսն ունենք: Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրները, լինելով հարեւան, պետք է միեւնույն հայացքն ունենան միմյանց անվտանգությանը սպառնացող հանգամանքների վրա»: Այսինքն. ռուսներ, մենք դեմ ենք Նահանգների ներկայությանը Սիրիայի հյուսիսում, իսկ դուք մոռացեք ձեր ստեղծած PKK-ն Թուրքիայի ներսում: Այնուհետեւ. «… Մենք, [Ասադի] հրեշավոր ռեժիմի զրպարտական մեղադրանքներին հակառակ, շարունակում ենք ընթանալ այն ուղով, որը միակ ճշմարիտն ենք համարում Սիրիայի ժողովրդի կողմից խաղաղության եւ անդորրի հասնելու համար»: Այսինքն, պարոն Պուտին, ձեր հովանավորյալ սիրիացիների դարդերից մենք ավելի ենք տեղյակ եւ, ուրեմն, մոռացեք նաեւ վերջին մոհիկան Ասադին: Ոչ ավել, ոչ պակաս: Սա արդեն տուրք Վաշինգտոնին:

Էրդողանի կիրառած մարտավարական հնարքը կարելի է անվանել իտերատիվ կամ «մեկուկես քայլի», այն է՝ մեկ քայլ իմ օգտին, կես քայլ ընդդեմ ձեր ախոյանի, մեթոդ: Դրա շնորհիվ իրականացվում է ռազմա-քաղաքական առաջխաղացում երկու եւ ավելի ուղղություններով: Ընթացքում գոյացող հավելյալ ուղղությունների քանակը եւ դրա հետ կապված քաղաքական խաղի բարդացումը որքան շահավետ, նույնքան եւ սահմանափակող ու ռիսկային հանգամանք կարող է լինել այսպիսի մարտավարության համար: IL-20 միջադեպը, որ պատահեց Թուրքիայի կառուցած՝ Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Իսրայել, Սիրիա հնգանկյան միջակայքում, հենց այդպիսի, պատահական թե ծրագրած, հանգամանք է, որ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Մասնավորապես, Ռուսաստանը, որ սկզզբնապես, նախագահ Վլադիմիր Պուտինի ՄԱԿ ԸԱ 2015թ. խիզախ ելույթի արդյունքում, Սիրիայում իր դաշնակիցներին արտոնություններ բաժանող կենտրոն է հանդիսացել, քայլ առ քայլ վերածվում է իր արտոնյալների կողմից վարույթի ենթակա երկրի:

Այդպես է առնվազն Թուրքիայի պարագային, իսկ հնարավոր է նաեւ Իսրայելի՝ Մոսկվա-Վաշինգտոն առանցքի շուրջ: Համենայն դեպս, Թել-Ավիվը կարող էր գայթակղվել թրքական ուղիով՝ ամերիկյան պատրոնին «գցելու» մոսկովյան հորդորների հետեւանքով, եթե հավատանք վերջինների գոյությանը ակնարկող շշուկներին: Նկատենք, որ Թուրքիան եւ Իսրայելը Սիրիայում տարբեր նպատակներ են հետապնդում. առաջինը ծավալապաշտական է, իսկ երկրորդը՝ պաշտպանական: Այդուհանդերձ, դրանք գտվում են մեկ հայտարարի տակ:

Ի՞նչ է այս երեւույթը: Բազմաբեւեռ աշխարհի վերականգմանն ուղղված մոսկովյան քաղաքականության օրգանական թերությու՞ն, թե՞ կրտսեր, բայց արտոնյալ գործընկերների լոկալ, «հողի» անխուսափելի առավելություն: Այս առումով ավելորդ պատկառանք չընծայենք ներկայիս քաղաքական քարտեզին: Հողը հող է մնում, եւ այն այդ տեղերում հայկական է:

Մինչ Հայաստանը եւ, ամենայն վստահությամբ կարելի է ասել՝ հեղափոխական հայ ժողովուրդը ձեռնամուխ է քաղաքակրթական բազմակողմ մարտահրավերների դիմակայությանը, շրջանի եւ մոլորակի ավանդաբար մեծ համարվող տերություններն իրականացնում են պրագմատիկ քաղաքականության պրակտիկա: Դժվար է պատկերացնել, որ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի գավառակենտրոն չեզոքության դիրքորոշմամբ [4] հնարավոր լինի զերծ մնալ այդ պրակտիկայի ազդեցություններից: Ընդսմին, հարկ է ընդունել, որ դրանք միմիայն բացասական կարող են լինել. սիրիահայերն ու թալիշցիները՝ վկա: Այլ կերպ ասած, Հայաստանն ու հայությունը ծառայելու են իբրեւ տարածքային, հումքային ու մարդկային սպառողական բազա՝ օտարների քաղաքական կոմբինացիաների սնուցման համար:

Մեր գոյությանը դեռեւս 2012-ից ուղղակիորեն սպառնացող այս վտանգին դիմակայելու համար 2018 ապրիլին Գյումրիից ծայր առած ինքնաբերական քաղաքակրթական գրոհը կարիք ունի երկու բանի: Նախեւառաջ այն պետք է ենթարկվի տեսական իմաստավորման եւ քաղաքական ֆորմալացման, այդ թվում Արցախ աշխարհի ինտեգրման շավղի վրա: Դրան զուգընթաց եւ, նույնիսկ, շրջանցիկ արագությամբ անհրաժեշտ է մշակել հայկական նոր իրականությունից բխող եւ դրան սպասարկող արտաքին քաղաքական, ինչպես նաեւ սփյուռքանպաստ դոկտրին: Ծանր իրադրությունը այլ բան չի ենթադրում, քան կատարել «կենսական պատվախնդրության» ոճական ընտրությունը:

Ինչ վերաբերում է քաղաքական տեխնոլոգիային՝ հուսանք Ռեջեբ-դայու ակնառու մեթոդական ավանդը անպահանջ չի մնա մեզանում:

[1] Турция не допустит террористических формирований на своей границе. Коммерсантъ

https://www.kommersant.ru/doc/3750794

[2] Песков о соглашении по Идлибу. НТВ

http://www.ntv.ru/novosti/2075127/

[3] Эдуард Лимонов. Опять двадцать пять, Сирия

https://limonov-eduard.livejournal.com/1356436.html

[4] Նախագահ Սերժ Սարգսյան. հարցազրույց իսպանական EFE գործակալությանը:

https://armenpress.am/arm/news/882527/hh-nakhagahi-harcazruycy-efe-gortsakalutyany.html

Փաշինյանին. Էրդողանը «սանձ է դրել» ռուսական արջին

Be the first to comment on "Փաշինյանին. Էրդողանը «սանձ է դրել» ռուսական արջին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ