Փաշինյանի կառավարման օրոք հայ-վրացական հարաբերություններում չի եղել մի կարևոր քայլ, որով առաջ գնացած լինենք. Շիրակ Թորոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վրացական հեռուստաընկերություններին, որտեղ շեշտել է, որ վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն՝ մեր գործողություններում դավադրություն կամ բացասական նպատակներ չկան: Փաշինյանի ղեկավարման օրերին հայ-վրացական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:

-Պարո՛ն Թորոսյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել վրացական հեռուստաընկերություններին և կրկին նշել հայերի և վրացիների՝ բարեկամ ազգեր լինելու մասին: Իր պաշտոնավարումից հետո էլ  ՀՀ վարչապետը մեկ պաշտոնական այց է ունեցել, և դա Վրաստան այցն էր: Եթե ամփոփ՝ հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ է տեղի ունեցել կամ ինչի՞ հիմք է դրվել, որը տարբերվելու է մնացած իշխանությունների նույնաբովանդակ տեքստերից:

-Երեք ամիսը բավական կարճ ժամանակ է ընդհանրական գտահատական տալու համար միջպետական հարաբերությունների վերաբերյալ, բայց հնարավոր է որոշակի կարծիք հայտնել:

Նախ այս ընթացքում տեղի ունեցավ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան,  ինչը բացառիկ էր այս ընթացքում, և դա արդեն ինչ-որ բան նշանակում է: Այդ այցի ժամանակ հնչեցին մտքեր, որոնք շատ կարևոր էին հարաբերությունների հետագա զարգացումների համար: Մասնավորապես, Փաշինյանն այդ մասին հայտնեց նաև վրացական ԶԼՄ-ներին: Հիմնական թեզն այն է, որ վրաց ժողովուրդն ու Վրաստանի կառավարությունը պետք է վստահ լինեն, որ հայ ժողովրդի ու Հայաստանի կառավարության կողմից որևէ դավադիր քայլ չի կարող լինել իրենց նկատմամբ, պետք է վստահ լինենք, որ նույնը կանի Վրաստանը: Սա կարևոր թեզ է, որը պետք է դրվի հարաբերությունների հիմքում: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այդ հարաբերությունները չպետք է կախվածության մեջ լինեն աշխարհաքաղաքական գործոններից: Սա շատ կարևոր է այն պատճառով, որ մեր  տարածաշրջանում խաչվում են գերտերությունների շահեր, հաճախ Հայաստանը և  Վրաստանը տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ ունեն՝ ելնելով իրենց երկրների շահերից, միաժամանակ  երկու երկրներն ունեն տարածաշրջանային շահեր, որոնք չպետք է մթագնեն աշխարհաքաղաքական գործոնների պատճառով: Այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն այս գործոններից դուրս:

Այս երկու թեզերը  երկկողմանի ընդունելի են և պետք է լինեն հետագա հարաբերությունների կառուցման հիմքում, այլապես մենք կկանգնենք այն կոտրած տաշտակի առաջ, ինչպես միշտ է եղել, կտեսնենք իրար, «ջանով-ջիգյարով»  կխմենք հայոցի ու քարթլոսի կենացը և վերջ:

Այսինքն՝ եկել է ժամանակը, որ այդ հարաբերությունները դրվեն ռեալ հիմքերի վրա՝ միմյանց ազգային ինքնությունը հարգելով: Ընդհանրացնելով ասեմ, որ շրջադարձային որևէ լուրջ  խնդիր չի առաջացել, որ անլուծելի լինի, և խաթարվեմ հարաբերությունները, բայց և չի եղել մի կարևոր քայլ, որով մի մեծ քայլ առաջ ենք գնացել հարաբերությունների զարգացման գործում:

Առաջիկայում սպասվում է Վրաստանի նորանշանակ  վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան, որը ևս կխորացնի երկու երկրների հարաբերությունները, և ես կուզենամ, որ մենք այդ հարաբերությունները բնութագրենք ռազմավարական:

-Նշեցիք, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց աշխարհաքաղաքական գործոնների ազդեցության: Բայց որքանո՞վ է դա հնարավոր, օրինակ, և՛ նախորդ իշխանության օրոք Հայաստանը չմասնակցեց Վրաստանում տեղի ունեցած Agile Spirit-2018-ին, և՛ այս իշխանությունը որոշեց չմասնակցել՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի գործոնն այդ զորավարժություններին: Արդյոք այստեղ արտաքին ազդեցությամբ չէ՞, որ երկու իշխանություններն էլ նույն որոշումն են կայացնում:

-Խնդիրն այն է,  որ նմանատիպ իրավիճակներում Հայաստանն ու Վրաստանը պետք է միմյանց ըմբռնումով մոտենան՝ նկատի ունենալով, որ իրենցից յուրաքանչյուրն ունի իր պետական շահը:

Ի վերջո, Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ՆԱՏՕ-ի հետ շփվում է կոնկրետ ձևաչափերով և պարտադրված չէ մասնակցել այդ զորավարժություններին: Հայաստանը որոշել է չմասնակցել՝ ելնելով իր նախասիրություններից, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում:

-Պարո՛ն Թորոսյան, հետևելով նախորդ տարվա չմասնակցելու հետևանքներին՝ գուցե Վրաստանն էլ որևէ խնդիր չտեսավ, բայց այստեղ խնդիրն այլ է, համաձայն չե՞ք, որ նախասիրությունները, միևնույնն է, կարգավորվում են արտաքին ազդեցությամբ, այս դեպքում՝ Ռուսաստանի:

-Նախասիրությունները կարգավորվում են շահերով, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձեր չկան իշխանափոխությունից հետո:

http://www.tert.am/am/news/2018/09/01/Shirak-torosyan/2779651

Be the first to comment on "Փաշինյանի կառավարման օրոք հայ-վրացական հարաբերություններում չի եղել մի կարևոր քայլ, որով առաջ գնացած լինենք. Շիրակ Թորոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ