Ռոբերտ Քոչարյանը մեկնում է երկրից․ Պուտինի զանգի առաջին հետևանքները

Նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու այդ մասին տեղյակ է պահել քննությունն իրականացնող մարմնին՝ ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Չենք կարծում՝ Քոչարյանն իր օտարերկրյա այցը պլանավորել է հենց երեկ՝ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգից հետո, բայց հատկանշական է, որ լուրը հրապարակայնացվում է Ռուսաստանի նախագահի «ջերմ շնորհավորանքների» համատեքստում։

Չենք էլ պնդում, որ Քոչարյանը մեկնում է՝ անպայման չվերադառնալու նպատակով, այլ խոսքով՝ ճողոպրում է։ Խնդիրը դա չէ, այլ այն, որ Քոչարյանը սկսել է ամբողջ ծավալով օգտագործել Պուտինի հեռախոսազանգը՝ ռազմավարություն կառուցելու տրամաբանությամբ։ Նա բացահայտորեն ցույց է տալիս, որ Մոսկվայից հետ է ստացել իր «անձեռնմխելությունը» և ազատ է անգամ իր տեղաշարժի հարցում, եթե նույնիսկ մեղադրյալ է։ Մեծ հավանականությամբ՝ Քոչարյանը ճողոպրելոու նպատակ չունի, եթե անգամ մտքում թաքուն նման մտադրություններ կան։ Բանն այն է, որ Մոսկվային առանձնապես չի հետաքրքրում Քոչարյանի ճակատագիրը, սակայն երեկվա շնորհավորական զանգով Պուտինը Հայաստանում տվել է երկբևեռ քաղաքական համակարգն ամբողջովին ռուսիֆիկացնելու գործընթացի մեկնարկը ու Քոչարյանը նրան պետք է Հայաստանում՝ ռուսական հավատարմության նշաձող սահմանողի կարգավիճակում։

Մյուս կողմից՝ Քոչարյանի մեկնման թեման հարուցելու է հասարակության օբյեկտիվ դժգոհությունը՝ որոշակի լարվածություն ստեղծելով քաղաքական դաշտում։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը հասարակության առջև պատասխանատվության գիտակցություն չի ունեցել անգամ իր նախագահության շրջանում ու պետք չէ սպասել, որ նրա վարքը սոցիալական պատասխանատվության բաղադրիչ կունենա հիմա, երբ երկրորդ նախագահն, ըստ էության, առաջնորդվում է բացառապես ինքնապաշտպանության բնազդով՝ թքած ունենակով թե քաղաքական օրինաչափությունների և թե հասարակական կարծիքի վրա։

Ի դեպ, նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերությունում Պետրոս Ղազրայանին հյուրընկալվել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով փաստացի հերքել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը Մարտի 1-ի գործում, այլ նաև՝ նրա քաղաքական, բարոյական պատասխանատվությունը։ Սողոմոնյանի խոսքն այնքան ցինիկ է եղել, որ Պետրոս Ղազարյանը ստիպված բառացի արձանագրել է․ «Ես ճի՞շտ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի համար ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական պատասխանատվություն չի կրում: Երբ դուք եք պատկերում, տեսեք ինչ է եղել: Իշխանությունը եկել ա, ժողովուրդը սիրում էր նրան, նա մաքուր ընտրություններ ա արել, հաղթել ա, ոչ մի ընտրակեղծիք չի եղել: Գազազած ընդդիմությունը եկել ա Օպերայի հրապարակ, էնտեղ ես հիշում եմ Հայլուրից, ներարկիչներ, լոմեր և այլն, խեղճ ոստիկանությունը եկել ա, փորձել ա կարգը պաշտպանի: Գազազած ընդդիմությունը եկել ա Մյասնիկյանի արձանի տարածք, խեղճ ոստիկանությունը եկել ա, փորձել ա գազազած ընդդիմությանը կարգի բերել, էս գազազածներն էլ հարձակվել են, իրենք իրենց 8 հոգու սպանել են, երկու ոստիկան են սպանել, և խեղճ իշխանությունը… Հետո էլ 10 տարի արդեն գազազած ՀՀԿ-ականները սև փիար են արել ձեր դեմ, և ահա դուք փիարի զոհ եք: Մոտավորապես սե՞նց, այդպիսի տպավորություն եղավ ձեր ասածից»։

Պետրոս Ղազարյանն, անշուշտ, ճիշտ է հասկացել, Քոչարյանի ասածը հենց դա է․ պատասխանատավության գիտակցումը բնորոշ է պետական գործիչներին, Քոչարյանը գողապետության խորհրդանիշ է, որի համար իշխանությունը թալանի ու հարստացման միջոց է։ Նման պարագարայում՝ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, իսկ բռնվելու պարագայում՝ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսներն իրենց պահում են քրեական աշխարհի «պախանների» տրամաբանությամբ․ «սուխոյ ատկազով» պաշպանում են իրենց «ճիշտը», որը ոչ մի կապ չունի պետական, քաղաքական օրակարգի հետ։

Սակայն վերադառնանք Քոչարյանի մեկնմանը, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ։ Ինչքան էլ երկրորդ նախագահը փորձում է վստահեցնել, որ վերադառանալու է՝ երեկվանից հայտնվել է արտաքին շահառու, որը փորձում է վտանգել Մարտի 1-ի գործի բացահայտման հեռանկարը։

Ռուսաստանը մտադիր չէ արտահանձնել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, կասկածից դուրս է, որ «ատամներով» պահելու է նաև Յուրի Խաչատուրովին, ո՞րն է երաշխիքը, որ ռուսական կողմը «տանիք» չի հանդիսանալու նաև Ռոբերտ Քոչարյանի համար, մանավանդ, երբ վերջինիս կալանավորումը նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտման բանալի է ՝ Մոսկվայի համար վտանգավոր ռիսկերով։

Վերաքննիչ դատարանի նիստից հետո, երբ Քոչարյանն ազատ արձակվեց, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ակնարկել էր, որ եթե Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կհամարվի նախաքննությանը խոչընդոտելու փորձ՝ դրանից բխող հետևանքներով։ Արդյո՞ք ՀՔԾ-ն մտադիր է կանխել Քոչարյանի մեկնումը, թե՞ երկրորդ նախագահը մեկնելու է արտերկիր, հետո նոր պատկան մարմինները «հերոսաբար» պայքարեն նրա վերադառնալու համար։

Իսկ գուցե մերոնք անզո՞ր են, որովհետև Պուտինը երեկ իր ընկեր Քոչարյանին հյուր է կանչել․․․

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը մեկնում է երկրից․ Պուտինի զանգի առաջին հետևանքները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ