Նիկոլ Փաշինյանին կեղծ մեղադրանքով դատապարտած դատավորին ինքնաբացարկ հայտնեցին

Երևան քաղաքի
Ընդհանուր իրավասության դատարանի
Դատավոր պարոն Մ.Մարտիրոսյանին

Մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի պաշտպաններ
Տիգրան Աթանեսյանից,
Էրիկ Ալեքսանյանից և
Զորայր Հարությունյանից

Միջնորդություն
Ինքնաբացարկ հայտնելու մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանի վարույթում է գտնվում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ԾՀՔ բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Մարուքյանի միջնորդությունը իր վարույթում գտնվող թիվ 12200518 քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մհերի Համբարձումյանին կալանքի տակ պահելու ժամկետն երկու ամիս ժամանակով երկարացնելու մասին միջնորդությունը:
Գտնում ենք, որ դատավոր Մ.Մարտիրոսյանը սույն վարույթով պետք է հայտնի ինքնաբացարկ հետևյալ պատճառաբանությամբ՝
Բոլորս քաջատեղյակ ենք մեր երկրում՝ Հայաստանում սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն և երկրի ղեկավար է դարձել ընդդիմության երկարամյա գործիչ Նիկոլ Փաշինյանը: Հեղափոխության հետևանքով Հայաստանի նորագույն պատմության մեջ տեղի ունեցած իրադարձություններին տրվել է նոր քաղաքական և հասարակական գնահատական: Պետության և իրավունքի տեսություն առարկային հպանցիկ անգամ ծանոթ իրավաբանը հստակ գիտակցում է, որ իրավական գործունեությունը, առավել ևս արդարադատության իրականացումը ածանցյալ է հասարակական-քաղաքական իրավիճակին:
Յուրաքանչյուրս պետք է հիշենք այդ իրավաբանական հիմնարար գիտության գլխավոր թեզերից մեկը, որ օրենքը ի վերջո հանդիսանում է իշխող քաղաքական վերնախավի կամքի արտահայտությունը:
Այս ձևակերպումը ոմանք կարող են համարել հնացած, սակայն իրականում այն փոփոխման ենթակա չէ, ելնելով պետության հասկացության բազային պատկերացումներից:
Այսինքն՝ եթե քաղաքական կամքով մի երևույթին տրվում է գնահատական, այդ գնահատականը որոշ ժամանակ անց իր արտահայտությունն է գտնում օրենքներում և դառնում արդարադատության իրականացման հիմք և փիլիսոփայություն:
Հակառակը պնդելը կլինի պարզապես զավեշտալի, կամ պարզ ասած՝ երեսպաշտություն:
Ինչքանով է վերաբերվում այդ հիմնարար մոտեցումը սույն վարույթին և դատավոր Մ.Մարտիրոսյանին: Պետք է հստակ եզրակացնել, որ կապը ուղղակի է և անհերքելի, որի պայմաններում դատավոր Մ.Մարտիրոսյանը որևէ կերպ չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատարան քննիչի սույն միջնորդությունը քննության ենթարկելիս:
Եվ այսպես՝ բոլորս քաջատեղյակ ենք, որ դեռևս 2009 թվականին դատավոր Մ.Մարտիրոսյանը վարույթ է ընդունել թիվ ԵԿԴ/0227/01/09 քրեական գործը, որով Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով և 316 հոդվածի 1-ին մասով:
19.01.2010թ. Նիկոլ Փաշինյանը դատավոր Մ.Մարտիրոսյանի կողմից կայացրած դատավճռով արդարացվել է 316 հոդվածի 1-ին մասով և մեղավոր է ճանաչվել 225 հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով ազատազրկման 7 տարի ժամկետով:
Այսօր արդեն իսկ կարելի է ասել, որ այդ դատավճիռը իրավական խայտառակություն էր և դատապարտվել է ակնհայտ անմեղ անձ:
Ընդ որում, սույն միջնորդությունը ներկայացնող պաշտպան Տ.Աթանեսյանը այդ մասին հայտարարել է նաև 2009 թվականին, քանի որ նախաքննություն փուլում հանդիսացել է Ն.Փաշինյանի պաշտպանը, այսինքն՝ այս միջնորդությունը օրվա պատեհություն չէ, այլ վաղուց կազմավորված և արտահայտված կարծիք:
Ակնհայտ է, որ հեղափոխական Հայաստանի ղեկավարին ապօրինաբար դատապարտած դատավորը ներկա դրությամբ գտնվում է առավել, քան խոցելի վիճակում, քանի որ ՄԻԵԴ կողմից համապատասխան վճիռ կայացնելու օրը՝ իսկ Ն.Փաշինյանի գործը ՄԻԵԴ-ում սպասում է իր հանգուցալուծմանը, դատավոր Մ.Մարտիրոսյանը բոլոր դեպքերում հրաժեշտ է տալու իր պաշտոնին:
Այս ամենը ավելի քան պարզ է և հայտնի, նախ և առաջ դատավոր Մ.Մարտիրոսյանին:
Հաջորդ էական հարցը, որը թույլ է տալիս մեզ սույն դատական նիստերի դահլիճում հնչեցնել վարչապետի անունը հետևյալն է՝
Մեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով:
Այս պահին չենք ցանկանում անդրադառնալ մեղադրանքի էությանը, քանի որ ակնհայտ է, որ իրականում սա ոչ թե քրեական գործ է, այլ համացանցային ֆեյք, որը ծնվել է փիառի նպատակներով, այն չունի որևէ քրեադատավարական հիմնավորում, պարզապես նպատակ ունի հանրությանը ցույց տալու, որ պատժի են ենթարկվում ապրիլյան հեղափոխության թշնամիները կամ հակահեղափոխականները:
Այդ <հակահեղափոխականի> դերում համացանցային խժդժությունների շնորհիվ հայտնվել է մեր պաշտպանյալը՝ Դավիթ Համբարձումյանը:
Այս պահին նաև չեմ ցանկանում անդրադառնալ նման դերում հայտնվելու իրական պատճառներին, միայն կարող եմ նշել, որ դա որևէ աղերս չունի իրավաբանության և արդարադատության հետ:
Եվ այսպես՝ սույն թվականի մայիսի 8-ին հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ում Դուք , հարգելի պարոն Մարտիրոսյան բառիս բուն իմաստով քաղաքական պատվերով զնդանել էիք 7 տարի ժամկետով, դարձավ Հայաստանի ղեկավար՝ վարչապետ:
Մայիսի 17-ին կառավարության նիստում վարչապետը պահանջեց ՀՀ ոստիկանապետից հնարավորինս արագ բացահայտել հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ հարձակումներ և բռնություն գործադրած անձանց:
Վարչապետի հանձնարարականը հավուր պատշաճի կատարելու փոխարեն, ոստիկանությունը շատ արագ գտավ <մեղավորներին>, ում ցուցակը, ի դեպ, չի գլխավորում Դավիթ Համբարձումյանը, այլ իրական թիրախն է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ով հանդիսանում է մեր պաշտպանյալի ոչ ավել, ոչ պակաս՝ աները:
Չունենալով որևէ ապացույց Դավիթ Համբարձումյանի դեմ, իրավապահ մարմինները, որոնք դեռ մի քանի ամիս առաջ փառապանծորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանի իշխանությունը և պատրաստ էին արդարացնել նրա և նրա թիմի անդամների ցանկացած հանցանք, անցան արագ հարձակման և ձերբակալեցին Դավիթ Համբարձումյանին մի անձի բառիս բուն իմաստով հոգեբուժական դեպք հանդիսացող ցուցմունքի հիման վրա, հիմնվելով անանուն մի ահազանգի վրա:
Ի դեպ, նշեմ, որ այդ անանուն ահազանգը կատարվել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության առջևի մասում գտնվող տաքսոֆոնից:
Այդ ժամանակ, դատարանը գտնվեց իր բարձրության վրա և ազատ արձակեց Դավիթ Համբարձումյանին՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով:
Բայց դրա արդյունքում ստացվեց, որ վարչապետի հանձնարարականը կատարված չէ և հասկանալի է, թե պետական ապարատում նման երևույթը չի կարող մնալ անպատժելի:
Շատ արագ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ հորինվեց նոր մեղադրանք՝ լրացվեց հինը, և այս անգամ կալանավորման միջնորդությունը քննարկման համար հանձնվեց դատավոր Մ.Մարտիրոսյանին:
Արդյունքը կանխատեսելի էր և Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց: Պաշտպանության կողմը այդ ժամանակ որոշեց մնալ զուտ քրեագիտական դաշտում և փորձեց իրերը գնահատել զուտ իրավական առումով՝ ապրիորի ընդունելով, որ երկրում իրավիճակ է փոխվել և արդարությունը, անպայման, կհաղթի:
Առաջին հարվածը մենք ստացանք հենց դատավոր Մ.Մարտիրոսյանի կողմից, ում 17.08.2018թ. որոշմամբ մերժվեց գրավի միջնորդությունը:
Արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ իրավաբանությունը մղվել է 8-րդ պլան, իսկ գլխավոր դերում օրվա հորինված քաղաքական և պաշտոնի պահպանման մղումն է:
Երկու օր առաջ ստանալով քննիչից իր միջնորդությունը հիմնավորող նյութերը, մեզ համար արդեն կասկածից վեր էր, որ սույն միջնորդությունը քննվելու է և կայացվելիք որոշումը իր իրավաբանական բովանդակությամբ ոչնչով չի տարբերվելու 19.01.2010թ. Նիկոլ Փաշինյանի դատավճռից՝ այն լինելու է ակնհայտ ապօրինի և քաղաքական ենթատեքստով:
Պարզ ասած՝ դատավոր Մ.Մարտիրոսյանը ունի հետևյալ ընտրությունը կամ ավելի ճիշտ, չունի որևէ ընտրություն՝ եթե նա ազատ արձակեց Դ.Համբարձումյանին, ապա կնշանակի, որ ձեռնոց է նետում վարչապետին, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ ապօրինաբար զրկել է նրան ազատությունից, որի պատճառով նա գրեթե 2 տարի կրել է անարդար պատիժ, և դրա հետևանքով իր դատավորի դիրքը և պաշտոնավարումը որպես դատավոր դնելով մահացու վտանգի տակ:
Մենք չենք կասկածում, որ դեռևս հին իշխանությունների օրոք ձևավորված Բարձրագույն դատական խորհուրդը միանգամից կարող է արձագանքել նման որոշմանը՝ նոր իշխանություններին սիրաշահելու համար:
Մյուս կողմից՝ երկարացնել Դ.Համբարձումյանի կալանքը՝ անունը դնելով, թե տեսեք ձեր գլխավոր <հակահեղափոխականին> թողեցի կալանքի տակ և սպասել, թե ի վերջո ինչ կլինի վարչապետի վերջնական որոշումը իր պաշտոնավարման ճակատագրի մասին, չմոռանալով իհարկե, որ վերը նշված դատավճիռը մի օր կարող է դիտվել նաև որպես ակնհայտ ապօրինի դատական ակտ՝ իր բոլոր իրավական հետևանքներով:
Պարզ է, որ ընտրությունը միակն է՝ միանշանակ կալանքի տակ թողնել Դ.Համբարձումյանին, քանի որ վերջինիս ճակատագիրը չի կարող լինել էական, եթե այդ հարցից կախված է քո սեփական ճակատագիրը:
Հարկ եմ համարում նշել, որ պաշտպանության կողմը Հայաստանի բոլոր խնդիրների մեղավոր չի համարում դատավոր Մնացական Մարտիրոսյանին կամ նրա անձը:
Այդպիսինն էր քաղաքական վիճակը, այդպիսինն էին տարբեր այլ հանգամանքներ: Բայց միևնույնն է այդ ամենը չի ազատում անձին իր գործածի համար մի օր պատասխան տալու պարտականությունից:
Նման պայմաններում, դատավոր Մ.Մարտիրոսյանը չի կարող և չի հանդիսանում անկախ և անկողմնակալ դատարան: Առկա են, իսկ ավելի ճիշտ ակնհայտ են և անհերքելի, որ սույն գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը ունի կանխակալ վերաբերմունք մեղադրյալ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, ուստի համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 71 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի, պարտավոր է հայտնել ինքնաբացարկ:
Հարկ եմ համարում նաև ընդգծել, որ սույն միջնորդությունը մերժելու դեպքում, պաշտպանության կողմը ազատ է զգալու իրեն հրապարակավ հայտարարելու, որ դատավոր Մ.Մարտիրոսյանը 19.01.2010թ. արդարացի և օրինական է դատապարտել ՀՀ ներկայիս վարչապետին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով 7 տարի ազատազրկման և սա ամենևին դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ չէ, այլ օրենքով չարգելված ցանկացած եղանակով պաշտպանություն իրականացնելու մեր պարտականության կատարում:

Վերոգրյալի հիման վրա՝
Միջնորդում ենք՝

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանին հայտնել ինքնաբացարկ:

Պաշտպաններ՝

Տիգրան Աթանեսյան

Էրիկ Ալեքսանյան

Զորայր Հարությունյան

Նիկոլ Փաշինյանին կեղծ մեղադրանքով դատապարտած դատավորին ինքնաբացարկ հայտնեցին

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանին կեղծ մեղադրանքով դատապարտած դատավորին ինքնաբացարկ հայտնեցին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ