Երևանի սեփականությունը վերցրել են և անհիմն վկայականով ֆռֆռում են

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ոչ միայն մարդկանց մասնավոր սեփականությունն է խլվել, այլ նաև պետության սեփականությունը: Փաստաթղթերով օրինականացված շատ անօրինություններ ոսկորի պես մնացել են պետության ու մարդկանց կոկորդին, որովհետև այն չեն կարողանում վերացնել, բայց չեն էլ կարողանում իրականացնել…

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող այդպիսի մի գույքի էլ վերատիրացել են կասկածելի հովանավորներ ունեցող Իսրայելյան եղբայրները, որոնցից մինչ օրս՝ արդեն 12 տարի, տուժում են կիսախարխուլ տանը ապրող՝ նրանց նախկին հարևանները՝ Սվետիկ Հունանյանի և Գառնիկ Մելոյանի ընտանիքը:

Երևան քաղաքի Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 84 հասցեում, որտեղ արդեն 45 տարի բնակվում է Մելոյանների ընտանիքը, նախկինում ընդհանուր բակ է եղել մի քանի պատկից հարևաննների համար: Այդ հասցեից բոլորը, այդ թվում՝ Ռաֆիկ Իսրայելյանի ընտանիքը, տուն են ստացել պետությունից ու գնացել, իսկ նրանց պատկանող տարածքներն անցել են պետությանը՝ որպես սեփականություն:

Պետությունը միայն Մելոյաններին չի հասցրել բնակարանով ապահովել, քանի որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, և բնակարան հատկացնելու սկսված գործընթացը թերի է մնացել: Այսինքն՝ պետությունը չի կատարել իր պարտավորությունը, և Մելոյանները, ստիպված, մինչ օրս բնակվում են այդ կիսախարխուլ տանը, որը ո՛չ կարողանում են սեփականացնել, ո՛չ վերանորոգել …Իսրայելյանների պատճառով:

Ռաֆիկ Իսրայելյանը, տուն ստանալուց հետո, աչք է դրել իր հին հասցեի վրա. տան իր մասը դարձրել է աղբանոց և կոռումպացված պետական համակարգի տարբեր օղակների ու դատարանների միջոցով ձեռք է բերել իրականությանը չհամապատասխանող տվյալների վրա հիմնված դատական ակտ, ապա՝ սեփականության վկայական, որի հիմքը դատարանը մասամբ վերացրել է: Բայց Ռաֆիկ Իսրայելյանը շարունակում է օգտագործել վերացման ենթակա վկայականը, այնտեղ ապրող հարևանին էլ դատարանով զրկում է տան միակ մուտքից, քանի որ այն ներառված է իր՝ Իսրայելյանի սեփականության վկայականում: Խոսքը 51քմ բակային տարածքի մասին է, որտեղով ելումուտ են անում Մելոյանները:

Բանն այն է, որ Էրեբունու կաշառք «չսիրող» մի դատավոր, անտեսելով Իսրայելյանների տուն ստանալու հանգամանքը, 2005թ. կայացված դատական ակտով հին հասցեից 280քմ տարածք հատկացրել է Իսրայելյաններին:

Քանի որ վճիռն անհասկանալի տարրեր է պարունակել, շահագրգիռ կողմը դիմել է դատավորին՝ վճռի պարզաբանում ստանալու համար: Դատավորն էլ, փոխանակ գոնե պարզաբանում տա, թե վիճելի հասցեի ընդհանուր տարածքի որ մասից պետք է «գողանան» ու տան Իսրայելյաններին, 51քմ տարածքն էլ մտցրել է պարզաբանման մեջ ու տվել նրանց, որ սահմազատեն: Ստացվել է, որ Իսրայելյաններին պետք է հատկացնեն ընդհանուր 331քմ տարածք:

Այսինքն՝ դատավորի վճռի և դրա բաղկացուցիչ մաս կազմող պարզաբանման հիմքով ԿԱ անշարժ գույքի կադաստրը տվել է սեփականության իրավունքի վկայական 331 քմ-ի չափով: Ընդ որում՝ պետական սեփականություն հանդիսանալու հանգամանքը քողարկելու և օրենքը շրջանցելու համար Իսրայելյանների «սեփականության» հասցեին ավելացվել է մեկ տառ՝ «ա». Վկայականը տրվել է Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 84 ա հասցեով, որպեսզի ավելի հեշտ լինի անհրաժեշտության դեպքում մանևրելը և հետագայում Մելոյաններին տարածքից դուրս մղելը:

Մելոյանները բողոքարկել են վճիռը վերաքննիչ դատարան, որն էլ մասամբ բեկանել է դատական ակտը՝ պարզաբանման մասով, քանի որ առաջին ատյանի դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից և առանց դատաքննության 51 քմ հատված հատկացրել է հայցվորներին՝ դրա պահանջի բացակայության դեպքում:

Այսինքն՝ Իսրայելյաններին տրված սեփականության իրավունքի վկայականի (331 քմ-ի հատկացման չափով) իրավական հիմքը մասամբ վերացվել է, և 51 քմ տարածքը մնացել է կռվախնձոր:

Եվ ահա, այդ կռվախնձորի պատկանելության հարցը լուծելու համար կողմերը դիմել են դատարան:

Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանները դիմել են դատարան՝ ընդդեմ Սվետիկ Հունանյանի և Գառնիկ Մելոյանի՝ առանձնացված հողամասի և մուտքի սահմանազատման խոչընդոտները վերացնելուն պարտավորեցնելու պահանջով:

Պատասխանողները խնդրել են մերժել պահանջը և հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իսրայելյան եղբայրների՝ սեփականության իրավունքը մասնակի դադարեցնելու և այդ մասով գրանցամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

Դատարանն ընդունել է վարույթ և որոշել այն քննել սկզբնական հայցի հետ համատեղ:

Հակընդդեմ հայցվորների միջնորդությամբ դատարանը որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկացնող երրորդ անձ է ներգրավել ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին:

Հակընդդեմ հայցվորների միջնորդությամբ և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ե. Եսոյանի որոշմամբ՝ 2017թ. դեկտեմբերին նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, և փորձագետին պարզաբանման համար առաջադրվել են հետևյալ հարցերը՝

1. Որքան են կազմում Նոր Արեշի 11 փողոց 84 հասցեների /84Ա/ օրինական և անօրինական հողամասերը և շինությունները,

2. Ինչպե՞ս է հնարավոր ընդհանուր գույքից առանձնացնել 2005թ. հուլիսի 11-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով ճանաչված Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանների 280 քմ տարածքը,

3. Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանների սեփականության վկայականում նշված 331 քմ հողամասից ինչպե՞ս է հնարավոր առանձնացնել 51 քմ կիսաքանդ շինությունը (ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից որոշմամբ վերացված տարածքը), ում կողմից է այն փաստացի օգտագործվում և տեղանքում ում զբաղեցրած տարածքին է մոտ:

Փորձագետը, ելնելով իրեն տրամադրված ելակետային տվյալներից և կողմերի հայտնած տեղեկություններից, վերոնշյալ հարցերի վերաբերյալ հանգել է այսպիսի հետևության.

1. Նոր Արեշի 11 փողոցի 84ա հասցեի կողմից փաստացի օգտագործվում է 49, 5 քմ օրինական շինություններով ծանրաբեռնված հողամաս, 229, 65 քմ շինություններից ազատ օրինական հողամաս: Ըստ սեփականության վկայականի՝ հատկացված հողամասից 51,85 քմ մակերեսով կիսաքանդ ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է 84 հասցեի սեփականատերերի կողմից, ինչպես նաև կողմերը փաստացի օգտագործում են 85,5 քմ՝ կարգավիճակը չորոշված շինություններից ազատ հողամաս,

Նոր Արեշ 11 փողոցի 84 հասցեի սեփականատիրոջ կողմից փաստացի օգտագործվում է 87,1 քմ ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամաս, 60,0 քմ օրինական հողամասում շինություններից ազատ հողամաս, 51,85 քմ թիվ 84ա հասցեի օրինական հողամասից կիսաքանդ շինություններով ծանրաբեռնված հողամաս.

2. Ընդհանուր գույքից հնարավոր չէ առանձնացնել 2005թ. հուլիսի 11-ի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով ճանաչված՝ Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանների 280 քմ տարածքը՝ պահպանելով… Քաղաքաշինության …նորմի պահանջները,

3. …Նոր Արեշ …84ա հասցեի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի 331,0 քմ մակերեսով հողամասից 51,0 քմ կիսաքանդ շինությունների փաստացի մակերեսը կազմում է 51,85 քմ, որն օգտագործվում է 84 հասցեի սեփականատերերի կողմից և մոտ է նրանց կողմից օգտագործվող շինություններին, իսկ ինչ վերաբերում է այդ հողամասի առանձնացմանը, ապա պետք է նշել, որ պահպանելով փորձաքննության կատարման ժամանակահատվածում գործող Քաղաքաշինության …նորմի պահանջները, հնարավոր չէ առանձնացնել այդ հողակտորը:

Փորձագետի եզրակացության առնչությամբ հակընդդեմ հայցվորների ներկայացուցիչն իր մասնակի վերապահումներն էր ներկայացրել դատարան:

Օգոստոսի 22-ին կայացած նիստում Սկզբնական հայցվորների ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանն ասաց, որ առարկում է եզրակացության դեմ, դատավորն էլ բացատրեց, որ ոչ թե առարկում են, այլ համաձայնությունն են հայտնում կամ անհամաձայնությունը: Գրիգորյանն էլ ասաց՝ համաձայն չէ, որովհետև եզրակացության մեջ փորձագետը հակառակ կողմին ներկայացրել է որպես սեփականատեր, բայց սեփականատերն այդտեղ դատարանի որոշմամբ իր վստահորդներն են: Կամ ինչպես է փորձագետը որոշել, թե նրանցից ով՝ որ հողը, տարածքն է փաստացի օգտագործում: Կամ՝ վկայականով՝ Իսրայելյանի հողի մեջ գտնվող տարածքը (ապօրինաբար ներառված-հեղ.) ինչպե՞ս կարող է մոտ լինել պատասխանողներին:

Իսրայելյանների ներկայացուցիչը միջնորդեց փորձագետին հրավիրել դատարան՝ որոշակի հարցեր, հակասություններ պարզաբանելու: Դատավորն էլ բացատրեց, որ նախապատրաստական փուլում չեն հրավիրում, հատուկ նրա համար էլ ընթերցեց քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները:

Հակընդդեմ հայցվորներն էլ միջնորդության կապակցությամբ ասացին, որ պետք չէ «սեփականություն» բառից կախվել, մանավանդ որ իրենք 50 տարի այդտեղ են ապրում, իսկ Իսրայելյաններն այդտեղից տուն են ստացել և արդեն 30 տարի հեռացել, չեն ապրում: Ամեն դեպքում չառարկեցին, որ փորձագետին հրավիրեն դատարան: Կադաստրի ներկայացուցիչը ևս թողեց դատարանի հայեցողությանը:

Դատարանը կրկին բլից -դասընթաց տվեց. նշեց, որ փորձագետը կարող է դատարան հրավիրվել դատաքննության փուլում, որպեսզի հնարավոր լինի նրա պարզաբանումները հետազոտել մյուս ապացույցների համակցությամբ:

Արսեն Գրիգորյանը միանգամից ներկայացրեց երկրորդ միջնորդությունը՝ Երևան համայնքին հրավիրել դատարան, քանի որ Մելոյանների զբաղեցրած տարածքը Երևան համայնքի սեփականությունն է: Դատավորն էլ հետաքրքրվեց՝ որպես ի՞նչ հրավիրեն, և բացատրեց, թե ովքեր կարող են հրավիրվել, օրինակ՝ փորձագետը, վկան… Ներկայացուցիչը մի կերպ գլխի ընկավ, որ երրորդ կողմ ներգրավելու մասին է խոսքը: Դրանից հետո դատարանը կրկին փորձեց ճշտել՝ որպես ինքնուրո՞ւյն պահանջ ներկայացնող կողմ է ուզում ներգրավել, թե՞ ինքնուրույն պահանջ չներկայացնող և՝ ո՞ւմ կողմում: Գրիգորյանը «զարմացրեց». պատասխանեց՝ քր. դատ. օր.-ի 34-րդ հոդվածով կամ 35-րդով, թող իրենք գան որոշեն, քանի որ դա Երևան համայնքի սեփականությունն է:

Հակընդդեմ հայցվորները զարմացան, թե ինչպե՞ս կարող է իրենց տարածքը Երևանի սեփականությունը լինել, երբ իրենք գրեթե կես դար այդտեղ են ապրում, ամեն դեպքում՝թողեցին դատարանի հայեցողությանը՝ նշելով, որ իրավասու պետական մարմինն իրենց առաջարկել է չափագրում անել՝ սեփականացնելու համար:

Ի դեպ, լավ կլիներ՝ քաղաքապետարանի ներկայացուցիչն ի վերջո գար և դատարանում հստակ հայտարարեր, որ ոչ թե Մելոյանների, այլ Իսրայելյաններին ապօրինաբար տրված հատվածն է Երևան համայնքի սեփականությունը, և ապօրինության հեղինակները, փաստերը կեղծողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության (ինչի մասին անընդհատ բարձրաձայնել են հակընդդեմ հայցվորները):

Տեղեկացնենք նաև, որ մինչ սեփականության վկայական տալը քաղաքապետարանն իր առարկություններն է ներկայացրել դատարան՝ փաստարկված ներկայացնելով, թե ինչու է դեմ Իսրայելյանների սեփականատեր դառնալուն, սակայն ինչ-որ ուժ ստիպել կամ համոզել է՝ չպնդել պահանջը…Եվ քաղաքապետարանը բազմանշանակ լռել է…

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ՝ նշելով, որ միջնորդությունը պատշաճ ձևակերպված չէ, կոնկրետ իրավական նորմին հղում չի արվել, և Երևան համայնքը, որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող կողմ, չի կարող ներգրավվել, քանի որ համայնքն ինքը պետք է ինքնուրույն պահանջ ներկայացնի, իսկ ինքնուրույն պահանջ չներկայացնելու կողմ ներգրավելու դեպքում ներկայացուցիչը չնշեց, թե որ կողմում պետք է նրան ներգրավել՝ հայցվորի՞, թե՞ պատասխանողի:

Երրորդ միջնորդությամբ Արսեն Գրիգորյանը խնդրեց հետաձգել դատական նիստը 1,5 ամսով, որպեսզի ինքը կարողանա քաղաքապետարանից լրացուցիչ ապացույցներ ձեռք բերել փորձագետի եզրակացության հակասությունների առնչությամբ: Դատարանը մոտ մեկ ամիս ժամանակ տվեց՝ հորդորելով կողմերին ներկայացնել իրենց միջնորդությունները, ապացույցները, որպեսզի նախապատրաստական փուլից անցնեն դատաքննության փուլ:

Հիշեցնենք, որ նախկինում անդրադարձել էինք այս վեճին: Մեր տեսախցիկը տեղում ուսումնասիրել է կողմերի մատնանշած փաստերը, որն էլ ներկայացնում ենք հետաքրքրասերներին՝ իրենց աչքով տեսնելու և գնահատելու փաստերը:

Հ.Գ.- Ռ. Իսրայելյանի փեսան ԱԱԾ-ից է, ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանը նրա բարեկամն է, բայց կարևորը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի գործոնն է: Նա Տաշքենդից եկած հակահետախույզ է, ով տեղավորվելով դատարանում՝ հասցրել է դատավորի կարգավիճակում մարդ սպանել ու անպատիժ մնալ, ՊՆ փոխնախարար Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձի գործը քննել… 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ հայ հանրությունը ռուսական հետք էր տեսնում ու փնտրում, իսկ պետական մարմինները՝ ոչ…

Այժմ եթե անցումային արդարադատությունը գործի դրվի, և պետական համակարգի պաշտոնյաները լյուստրացիայի ենթարկվեն, ապա Լևոն Գրիգորյանը հավանաբար կլինի առաջիններից մեկը. նա, 18 տարի լինելով դատական համակարգում, իր դատական ակտերով «կազմակերպել» է բազմաթիվ անձանց օրինական սեփականության զրկման գործընթացը կամ նպաստել դրան: Պաշտոնի բերումով նա տիրապետել է նաև Մելոյանների՝ բնակարանի ձեռքբերման ձախողված նախապատմությանը և հետագա ընթացքին…

Եվ հիմա տեղին կլիներ, որ Երևանի քաղաքապետարանը շտկեր իր սխալը՝ պահանջ ներկայացներ Իսրայելյանների դեմ, որ նրանց խելքները գլուխները գա, և վերջ դրվի 12 տարվա քաշքշուկին. կեղծ վկայականներով պետության ու մասնավոր գույքը խլելուն: Թույլ տվեք մարդկանց՝ գոնե հանգիստ սեփականացնեն ու վերանորոգեն իրենց հասանելիք կիսախարխուլ տունը…

Աղբյուր՝ 1in.am

Be the first to comment on "Երևանի սեփականությունը վերցրել են և անհիմն վկայականով ֆռֆռում են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ