100 օր ուշացած հեղափոխությունը. Վտանգավոր սահմանագիծ

Ձայնս վարչապետի փափուկ կյանքից թուլացել է, այսօրվա հանրահավաքում կատակում էր Նիկոլ Փաշինյանը: Բայց կատակի մեջ կա ճշմարտության որոշակի հատիկ՝ ոչ այն առումով, որ նա փափուկ կյանքով էր ապրում, այլ այս հարյուր օրերի գործունեության:

Նիկոլ Փաշինյանն այսօր կարեւոր հայտարարություններ արեց, սակայն ելույթն ամբողջությամբ դժվար է ծրագրային համարել: Խնդիրը հենց այդտեղ է՝ 100 օրվա ընթացքում համակարգային բարեփոխումների վերաբերյալ ծրագրերի, հայեցակարգերի եւ ըստ էության այդ ուղղությամբ քայլերի բացակայությունը: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին, իրականում նրա ելույթում նշված գործողություններն ու մտադրություններն ընդամենն արձանագրում են, որ հեղափոխությունը 100 օրով «դադարեցվել» էր վարչապետի «փափուկ» պաշտոնում:

Այս ընթացքում եղել են կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ, աղմկոտ ձերբակալություններ, մարտի մեկի գործի վերաբացում: Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է դատավորների խնդրի մասին, որոնք նշանակվել են նախկին վարչակարգի կողմից եւ կատարում են նրանց հրահանգները:

Նա համաձայվել է Հայ ազգային կոնգրեսի առաջարկին՝ ստեղծել անցումային արդարադատության մարմիններ, որոնք գործելու են այն պայմաններում, երբ գործող օրենքները չեն նպաստում հանցագործությունների բացահայտմանն ու պատժին: Այդ մարմինները ենթադրում են «պարզեցված ընթացակարգով» գործընթացներ, եւ որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, որ դրանք չեն լինելու ռազմադաշտային դատարաններ, այնուամենայնիվ «հարակից էֆեկտները» չափազանց տհաճ կարող են լինել:

Նիկոլ Փաշինյանը խոսում է Սահմանադրության մեջ «ականների» մասին, որոնք կարող են պայթել արտահերթ ընտրություններից առաջ իր հրաժարականի դեպքում «արագ ու թաքուն վարչապետ ընտրելու» դեպքում: Խորհրդարանում մեծամասնություն է կազմում նախկին վարչակարգը, եւ այդ հնարավորությունն իսկապես չի բացառվում:

Դա բացառելու համար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է նախաձեռնել Սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն ժողովրդի ճնշմամբ: Նրա ելույթներից այլ օրինակներ էլ կարելի է բերել:

Ընդհանրապես, նա այսօր իշխանությունը «հանձնեց» հրապարակին՝ որպես ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու միջոց: Փաստորեն ստացվում է, որ ներկայում վարչապետը լիարժեք չի տիրապետում պետական լծակներին եւ մտցնում է այսպես ասած հրապարակի դիկտատի ուղիղ կառավարում, առկա խնդիրները լուծելու համար:

Այս իրապես հեղափոխական քայլերը պետք է արված լինեին վաղուց, որպեսզի այսօր չլիներ խորհրդարանական մեծամասնությանը կամ դատական համակարգին ժողովրդով ճնշելու անհրաժեշտությունը: Դժվար է ասել, թե որն է 100-օրյա դադարի պատճառը կամ պատճառները, որոնք կարող էին լինել թե ներքին, թե արտաքին: Փաստն այն է, որ դրանց մասին հայտարարվում է ներկայում, երբ բավական բան է փոխվել: Ընդ որում, ամենաէականն այն է, որ կարող է փոխվել հրապարակի կազմը, եւ այն ժամանակների սիրո եւ համերաշխության կառուցողական էներգետիկային փոխարինի լիովին այլ էներգետիկա, որի «թելադրած» որոշումները կբարդացնեն համակարգային բարեփոխումները՝ դրանից բխող քաղաքական ու տնտեսական խնդիրներով:

Այսպիսով, հեղափոխությունն ուշացումով շարունակվում է, եւ առաջանում է վտանգավոր մի սահմանագիծ բոլոր առումներով: Նոր իշխանությունից պահանջվում է գերագույն կամք ու լարում՝ այն չանցնելու համար, հատկապես՝ «զուգահեռ պետության» գայթակղությունը:

100 օր ուշացած հեղափոխությունը. Վտանգավոր սահմանագիծ

Be the first to comment on "100 օր ուշացած հեղափոխությունը. Վտանգավոր սահմանագիծ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ