ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հրապարակել

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Այս հոդվածը գրել եմ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում։ Մի քանի օրից այն տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Որոշ ժամանակ անց տեղադրվել է «ՀԺ»-ի կայքում եւ արդեն որպես ԱԺ պատգամավոր այն տեղադրել եմ ֆեյսբուքյան իմ էջում։

Փաստորեն, հոդվածը որ գրել էի որպես քաղբանտարկյալ, ինձ արդիական թվաց նաեւ երբ պատգամավոր էի։ Այսօր՝ չգիտեմ ինչու՝ հիշեցի, ու այն ինձ արդիական թվաց նաեւ վարչապետի կարգավիճակում։

Իմ վախը

Հոդվածը տպագրվել է 2011 թվականին Հայկական Ժամանակի էլեկտրոնային կայքում

Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչեւ ի սրտե դրական:

Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջեւ է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան կարծիքներ, որոնք վաղուց են հատել սովորական դրականի սահմանագիծը:

Facebook սոցիալական ցանցում, օրինակ, մի այցելու իմ մասին թողել է հետեւյալ գրությունը. «Իրեն հիշելով` ես հավատում եմ բարոյականությանը, կամքին, ազնվությանը, իրեն հիշելով` փորձում եմ չդավաճանել ինքս ինձ»: Ի՞նչն է ուրեմն վախեցնում ինձ. մի՞թե հաճելի չէ սեփական անձի մասին այսպիսի թեկուզ մեկ կարծիք լսել: Հաճելին հաճելի է, բայց նաեւ` վախենալու…

Այն պահից, երբ առաջին անգամ գրիչ եմ վերցրել եւ հոդված գրել` ինքս ինձ հաշիվ եմ տվել, որ հրապարակային դեմք եմ այլեւս եւ ցանկացել եմ, շատ եմ ցանկացել լինել անբիծ: Անբիծ ազնվությամբ, անբիծ բարոյականությամբ, անբիծ արդարությամբ, անբիծ նպատակներով: Քավ լիցի, չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց բծեր, ինչպես հասկանում եք, առաջացել են:

Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Ազնիվ, անբիծ, արդար, բարոյական, անշահախնդիր. ինձ բնորոշելու համար այսպիսի բառերի օգտագործման թեկուզ աննշան դեպքերի հանդիպելիս ես ափսոսում եմ, որ չեմ կարողացել կատարյալ լինել եւ երբեք էլ չեմ կարողանա:

Հաջորդ պահին վախենում եմ, որովհետեւ նման բառերի, մակդիրների օգտագործումը ապացույցն է, որ տվյալ անձը, գրության հեղինակը, այդ մեկ հոգին, 1+-ի այդ միակ, եզակի հետեւորդը իր համար կարեւոր ինչ-որ բան է փնտրել եւ գտել իմ գործունեության մեջ: Նա ոգեւորվում է ինձնով, հպարտանում, հիանում եւ դրանից մի չնչին, բայց կարեւոր դրական լիցք է ստանում, գուցե եւ դառնում Ազատ եւ Երջանիկ Հայաստանի համար մղվող պայքարի հետեւորդ եւ դա անում է` մտածելով որ ես` Նիկոլ Փաշինյանս, ազնիվ եմ, արդար, բարոյական, անշահախնդիր: Ահա այստեղ է, որ վեր է հառնում վախը:

Իսկ ի՞նչ կլինի այդ մարդու հետ, եթե նա մի օր իմանա, որ այդ նույն Նիկոլ Փաշինյանն այսինչ տարվա այսինչ ամսվա այսինչ օրը, այսինչ վայրում անազնիվ մի քայլ է արել այսինչի նկատմամբ: Կամ` անարդար է վարվել այսինչի հետ: Կամ` բարոյապես կասկածելի ինչ-որ արարք է թույլ տվել: Կամ` շահախնդրություն է ցուցաբերել այսինչ հարցում: Կամ, կամ, կամ, կամ…

Ցանկացել եմ, միշտ ցանկացել եմ անբիծ լինել, որովհետեւ հասկացել եմ, որ պատասխանատու եմ մարդկանց առջեւ, մարդկանց համար: Չեմ ասի, թե տապալել եմ այդ գործը, բայց` հասկանո՞ւմ եք, բծերից խուսափել չի հաջողվել: Կյանքը, կենցաղը, մրցավազքը, մրցակցությունը, երբեմն` անելանելիությունը առաջացրել են այդ բծերը: Եղել են սխալ եւ կասկածելի արարքներ: Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել…

Հ.Գ. Նաեւ վախենում եմ գրածս սխալ հասկանաք: Սխալ չհասկանաք: Ու չվախենաք: Չեմ հիասթափեցնի:

Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց. 23, դեկտեմբեր, 2010թ.

 

Be the first to comment on "ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հրապարակել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ