Ի՞նչ կարիք կա երկրորդ նախագահին պահել կալանքի տակ, ինքը բնավորությամբ վոյին է. Արցախի պատգամավորը` Քոչարյանի մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829696/

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանի 15 պատգամավորներ ստորագրահավաք են կազմակերպել ու դիմել ՀՀ դատախազին խնդրանքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, եւ նա ազատ արձակվի։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ։ -Պարո՛ն Թովմասյան, ո՞վ էր նախաձեռնել ստորագրահավաքը` Դո՞ւք, ԱԺ նախագա՞հը, թե՞ Արցախի նախագահը։ -Հաշվեք, որ նախաձեռնությունը ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի կողմից է, որովհետեւ առաջինը ես եմ ստորագրել։ Իսկ երիտասարդ պատգամավորները համարյա չեն ստորագրել։ -Չե՞ն ցանկացել։ -Ամեն մարդ ինքն է որոշում՝ ստորագրի, թե ոչ։ -Այսինքն՝ չե՞ք ստիպել։ -Ո՛չ, ո՛չ։ -Խորհրդարանի 33 Ձեր պատգամավորներից փաստորեն մոտ կե՞սն են ստորագրել։ -Այո՛։ -Այսինքն, ոչ բոլորի համար էր դա ընդունելի՞։ -Ես չգիտեմ։ Կուսակցություններ կան, որոնք չեն միացել։ Դա իրենց անձնական որոշումն է։ -Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշել եք միանալ այդ նախաձեռնությանը։ -Երբ կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին, ես ցավ ապրեցի։ Երբ ես Արցախի Ազգային ժողովի նախագահն էի, ինքը երկրի նախագահն էր։ Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց հաճելի, արդյունավետ։ Եվ ես բարոյական իրավունք չունեի… ես ստորագրել եմ Արցախի նախագահի համար եւ Արցախի հերոսի համար։ -Եվ ուզում եք, որպեսզի Քոչարյանն ազատ արձակվի՞։ -Խափանման միջոցը փոխվի։ -Դուք չե՞ք ցանկանում, որպեսզի Մարտի 1֊ի դեպքերը բացահայտվեն։ -Ես կարեւորում եմ 2008 թվականի մարտի 1֊ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը, բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը։ Դրանից ելնելով՝ մոտ 15 պատգամավորներ ստորագրել ենք տարբեր կուսակցություններից։ -2008֊ին Քոչարյանը եղել է ՀՀ նախագահը։ Նա առնվազն քաղաքական պատասխանատվություն կրում է։ -10 տարի նա աշխատել է նախագահի պաշտոնում, եւ ես այդ ընթացքում ոչ մի անգամ նրա հետ չեմ առնչվել։ Բայց ես համոզված եմ, որ դատական գործընթացը կընթանա ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության տառին եւ ոգուն համահունչ։ Եվ ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։ Եվ համաձայն եմ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որ պետք է կալանավորումը փոխարինել կալանքի հետ չկապված միջոցով։ ֊Այսինքն` քննությունն ընթանա եւ պարզվի՝ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ։ -Ես ասեմ` մենք արդարադատությանը չենք խառնվում։ Մենք վստահում ենք ՀՀ արդարադատության համակարգին։ Համոզված ենք, որ դատական գործընթացը ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում։ Մենք համոզված ենք, որ այդ կերպ է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ։ Իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի մեղադրանքին, դրա հավաստիությունը, արդարացիությունը ես չեմ կարող գնահատել։ Դա դատարանի բացառիկ գործառույթ է։ Սակայն ակնկալում ենք, որ գործընթացը կընթանա թափանցիկության եւ արհեստավարժության պայմաններում։ Իսկ եթե Ռ. Քոչարյանը մնա ազատության մեջ, որ ասում են կխոչընդոտի գործընթացին, ես համամիտ չեմ։ Ինքը Հայաստանը չի թողնի, հեռանա եւ կպատասխանի բոլոր հարցերին էլ։ Ես խոսում եմ այն Քոչարյանի մասին, որի հետ աշխատել եմ։

-Իսկ գուցե նա փոխվե՞լ է։

-Իմ հրաժարականից հետո 10 տարվա մեջ մենք չենք հանդիպել։ Իսկ հետո մի երկու անգամ հանդիպել ենք Արցախում։

-Եթե մեղադրանքը հաստատվի, ի՞նչ պետք է արվի՝ ըստ Ձեզ։

-Ամեն մարդ ինքն է պատասխան տալիս իր կատարած ե՛ւ լավ, ե՛ւ վատ արարքի համար։ Նախագահը միանձնյա որոշում չի կայացնում։ Լինում են տարբեր կարծիքներ. ավելի կոշտ կարծիքներ։ Նայեք, թավշյա հեղափոխության ժամանակ Սերժ Սարգսյանը միանգամայն ուրիշ որոշում կայացրեց. ՀՀ նախագահը չգնաց բախումների եւ ասաց, որ Նիկոլ, դու ճիշտ ես։

-Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Մարտի 1֊ին կատարվածի համար։

-Նա պատասխանատու է այնքանով, որքանով որ եղել է ՀՀ երկրորդ նախագահն այդ պահին։ Իսկ մնացածը թող արդարադատությունը որոշի։ Ինչ կարիք կա երկրորդ նախագահին պահել կալանքի տակ։ Ինքը բնավորությամբ վոյին է, եթե եկել է, ապա իրեն կարելի է հարցաքննել, բայց ոչ թե կալանքի տակ պահելով հարցաքննել։ Մենք ուղղակի խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվի կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոցով։

-Իսկ մարտի 1֊ին Արցախից զորքեր բերվե՞լ են։ -Չկա Հայաստանի բանակ, չկա Արցախի բանակ, կա հայկական բանակ։

-Իսկ բանակի արցախյան հատվածը ներգրավված եղե՞լ է։ -Անհնարին է, որ որեւէ արցախցի կրակած լինի։ Մենք՝ Արցախի ժողովուրդս, քիչ չենք շահագրգռված, որպեսզի բացահայտվեն Մարտի 1֊ի դեպքերը, քան ՀՀ մեր հայրենակիցները։ Թող բացահայտեն։ Ես դրանում համոզված եմ, որ կբացահայտեն…ով է սպանել..։ -Իսկ երբ Մարտի 1֊ը տեղի ունեցավ, ինչո՞ւ Արցախից որեւէ պաշտոնյա չպահանջեց ՀՀ իշխանություններից, որպեսզի բացահայտվեն սպանությունները։ -Ես նորից եմ կրկնում՝ Արցախի ժողովուրդը շահագրգռված է։ Ես ճիշտ չեմ համարում, որպեսզի Արցախի իշխանությունները կամ որեւէ ուժ խառնվի Հայաստանի ներքին գործերին։ Մենք պետք է ունենանք կայուն Հայաստան եւ ուժեղ սփյուռք։ -Իսկ հիմա այս ստորագրահավաքով չե՞ք խառնվում Հայաստանի ներքին գործերին։ -Մեր պատգամավորները խնդրել են։ Սա ուղղակի խնդրանք է։ Այս նամակը լրիվությամբ տարբերվում է ՀՀ 46 պատգամավորների ստորագրություններից։ Մենք խնդրել ենք Արցախի առաջին նախագահի եւ Արցախի հերոսի համար ոչ թե որ դատը չգնա, այլ խափանման միջոցը փոխվի։ Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829696/

Be the first to comment on "Ի՞նչ կարիք կա երկրորդ նախագահին պահել կալանքի տակ, ինքը բնավորությամբ վոյին է. Արցախի պատգամավորը` Քոչարյանի մասին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829696/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ