Քոչարյանին շրջապատում են. Շմայսի խելքը

lragir.am-ը գրում է. «Քննության շահերից ելնելով նպատակահարմար չէ խոսել Հովիկ Աբրահամյանի հարցաքննության մասին, ասել էր ՀՔԾ պետը լրագրողներին: Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկությունում հայտնաբերված զինանոցից հետո սակայն հարցն արդեն կարծես թե միայն Աբրահամյանի հարցաքննությունը չէ: Բանն այն է, որ Աբրահամյանի գործը ուշադրություն բեւեռեց հայտնի ցուցակի վրա, որ Մարտի 1-ի առումով հրապարակել էր փաստահավաք հայտնի խումբը: Այդ ցուցակում էին անուններ, որոնց թիկնազորներն ըստ հրապարակման ստացել էին զենք եւ հանդերձանք ու գործել ցուցարարների դեմ:

Այդ անուններն էին՝ Հովիկ Աբրահամյան, Վաչագան Ղազարյան՝ Սերժ Սարգսյանի համհարզը, Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյան, Սամվել Ալեքսանյան, Գագիկ Բեգլարյան, Մհեր Սեդրակյան՝ Թոխմախի Մհեր, Գագիկ Ծառուկյան, Լեւոն Սարգսյան՝ Ալրաղացի Լյով, ու Առաքել Մովսիսյան՝ Շմայս:

Հայտնի է, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալված ու կալանավորված է ապօրինի հարստացման մեղադրանքով: Իսկ Մարտի 1-ի մասով նրա հետ որեւէ գործողություն կատարվու՞մ է: Ցուցակի մյուս անունների մասով որեւէ բան չկա: Ամենից ուշագրավը սակայն Շմայսի հանգամանքն է:

Շմայսը նախկին իշխանության առայժմ միակ, եզակի օդիոզ ներկայացուցիչն է, որը բաց տեքստով հայտարարել է, թե այլեւս չի ուզում ապրել նախկինի նման եւ հանձնում է զենքերը, որովհետեւ այս երկրում այլեւս չկա զենք պահելու անհրաժեշտություն:

Ընդ որում, Շմայսը այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ ձերբակալվել էր Սերժ Սարգսյանի Վաչոն եւ նույն օրն էլ ապօրինի զենքի կասկածանքով բերման ենթարկվել Սաշիկը:

Մինչ այդ, ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկությամբ այցելել էր Շմայսի տուն, «շնորհքով ներխուժել», որտեղ էլ նա ցույց էր տվել զենքի տեղը եւ հանձնել ինքնակամ, ինչի դիմաց էլ ազատ էր արձակվել: Սակայն հետո նա «հիշել» էր Շմայսեր ավտոմատի մասին, որն ըստ էության կարող է դիտվել նույնիսկ քրեա-օլիգարխիկ եւ ռազմա-ֆեոդալական համակարգի խորհրդանշական մասունք, ու բերել այն հանձնել ԱԱԾ, ասելով, թե այլեւս չի ուզում ապրել նախկինի նման: Վաչիկի եւ Սաշիկի հանդեպ իրավապահների առաջին գործողություններն ըստ երեւույթին Շմայսին հասկացրել էին, որ ամեն ինչ վերջացած է:

Փաստորեն Շմայսն առայժմ միակն է նախորդ համակարգի օդիոզ կերպարներից, որ թե հասկացել է դա, թե հրապարակավ ընդունել եւ հայտարարել, որ այլեւս չի ուզում ապրել ինչպես առաջ եւ չի տեսնում նաեւ զենք պահելու անհրաժեշտություն:

Փաստորեն, Շմայսի խելքն առայժմ բացառիկ է, թեեւ քաղաքականության մեջ խելքի ավելորդության մասին էլ հայտարարել էր միայն Հովիկ Աբրահամյանը: Խորհրդանշական է, որ հենց նա էլ հայտնվեց առաջին թիրախում: Ո՞վ կլինի ցուցակից հաջորդը: Եվ արդյոք մյուսները Շմայսի նման զենքը ինքնակամ հանձնելու դեպքում կազատվեն հետապնդումից:

Մյուս կողմից, արդյոք Շմայսն ինքն ազատ է, թե՞ այդուհանդերձ ամենախելացին չէր եւ չէր հասկացել, որ հանձնի ինքնակամ, թե չհանձնի, միեւնույն է չի խուսափի պատասխանատվությունից»:

Մանրամասները` այստեղ:

Be the first to comment on "Քոչարյանին շրջապատում են. Շմայսի խելքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ