Ո՞ւմ վրա էր կրակելու Հովիկ Աբրահամյանի պահած զենքը

Կանխատեսելի էր, որ Մարտի 1-ի գործի նոր շրջափուլը կապված է լինելու արյունոտ իրադարձություններին քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների մասնակցության հետ։ Փաստահավաք խմբի զեկույցներում նշված են ինը օլիգարխների կամ պաշտոնյաների անուններ, որոնց թիկնազորի կամ բանդաների անդամները մասնակցություն են ունեցել 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին։

Մի քանի օր առաջ «Առաջին լրատվական»ի եթերում պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ըստ էության հաստատեց Փաստահավաք խմբի զեկույցի այդ դրվագը՝ նկատելով, որ օլիգարխիայի բանդաները ՊՆ-ից հանդերձանք են ստացել՝ չբացառելով, որ կարող էին նաև հրաձգային զենք ստացած լինել։ Այդ ամենը փաստաթղթավորված է, ու եթե ՀՔԾ-ին հաջողվել է ՊՆ-ից ստանալ հույժ գաղտնի 0038 հրամանը, ապա, բնականաբար, նախաքննության մարմինը տիրապետում է նաև մյուս գաղտնի փաստաթղթերին։

ԱԱԾ երեկվա հաղորդագրությունը հուշում է, որ իրավապահ մարմիններին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, նրա վարորդ Գրիգոր Գևորգյանի եղբոր՝ Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված՝ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարան է տարել հենց Մարտի 1-ի հետքը։ Այսինքն՝ ԱԱԾ աշխատակիցները նշված տարածքից ենթադրաբար հայտնաբերել են այն զենքը, որը տասը տարի առաջ օգտագործվել է ցուցարարների դեմ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է պատկառելի զինապահեստ, այդ թվում՝ 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ: Բնականաբար, պատկան մարմինը կստուգի հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը: Սակայն սա հարցի մի կողմն է, որն օրակարգից չի հանում այլ ուշագրավ հարցեր, որոնք հուզում են հասարակությանը, մանավանդ, որ օլիգարխիայի բանդաները նոր Հայաստանում գուցե «քնած» են, սակայն ամենևին էլ վնասազերծված չեն։

Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնված զինամթերքը՝ իր տեսականիով, չէր կարող տնօրինվել մասնավոր անձի կողմից, այսինքն՝ սա ակնհայտորեն զինամթեք է, որը Աբրահամյանի մոտ հայտնվել է պետական խողովակներով։ Կարելի է ենթադրել, որ Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած օլիգարխիայի մյուս բանդաները «ծառայության» դիմաց զինամթերքի ձևով ստացել են իրենց «ավարը», որն այսօր պահվում է համապատասխան տարածքներում։ Հայաստանում շուրջ քսան տարի անսահմանափակ իշխանություն ունեցած քրեաօլիգարխիկ համակարգի տրամաբանությանն այս գործելաոճը միանգամայն հարիր է։ Այդ համակարգի կայունությունը պահպանվել է դրա սեգմենտների ընդհանուր հանցագործության, մեղսակցության հիմքով ու փոխադարձ զսպումների մեխանիզմներով, որոնց շարքում կարևոր դերակատարություն են ունեցել կոմպրոմատները և զինված բանդաները, որոնք փաստորեն, այսպես կոչված, այլընտրանքային բանակներ են եղել պետության ներսում՝ իրենց սպառազինությամբ ու չգրված օրենքներով։ Նույնիսկ 2016-ի պաշտոնանկությունից հետո Հովիկ Աբրահամյանը զրկված չի եղել այս «արտոնություններից», ինչի խոսուն ապացույցը դարձան ԱԱԾ երեկվա բացահայտումները։ Սա մի կողմից՝ խոսում է քրեաօլիգարխիկ համակարգում ստվերային պայմանավորվածությունների, հարաբերությունների մի ամբողջ համակարգի մասին, մյուս կողմից՝ բացահայտում է այն ոչ պետական վիճակը, որում Հայաստանը հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների հետևանքով։

Սակայն երեկվա բացահայտումները վերաբերում են ոչ միայն անցյալին, այսինքն՝ Մարտի 1-ի գործի բացահայտմանը, այլ թերևս՝ նաև ապագային։ Զենքը կրակելու հատկություն ունի, եթե նույնիսկ պահվում է շատ խորը տեղում։ Շատ կարևոր խնդիր է պարզել, թե ո՞ւմ դեմ էր օգտագործվելու Հովիկ Աբրահամյանի թաքցրած զինապահեստը։ Այն նախկին վարչապետի անվտանգության երաշխի՞քն էր նախկին համակարգի գոյության օրերին, որի միջոցով նա պաշտպանում էր իր բիզնես-կայսրությունն ու տարիների գողոնը, թե՞ Հովիկ Աբրահամյանը և քրեաօլիգարխիայի մյուս կարկառունները զինապահեստները էին պահում «սև օրվա» համար, երբ, ասենք, Հայաստանում կվտանգվի իրենց իշխանությունն ու թալանի իրավունքը, և թաքստոցում գտնվող զենքը կկրակի «ճիշտ» ուղղությամբ։

Տրամաբանությունը հուշում է, որ եթե Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ենթադրաբար կրակվել է ժողովրդի վրա, որը մարտահրավեր էր նետել քրեաօլիգարխիային, ապա հիմա էլ կրակելու էր հեղափոխության ուղղությամբ, որը տապալել է համակարգը։ Հակառակ դեպքում տասնամյա հանցագործության իրական ապացույց հանդիսացող զենքը վաղուց ոչնչացված կլիներ։ Սակայն այն պահպավել է, որը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղել է Հովիկ Աբրահամյանի «զենքը» երրորդ նախագահի դեմ՝ որպես ընդհանուր մեղսակցության կարևոր ապացույց, իսկ հիմա պոտենցիալ զենք է հեղափոխության դեմ։ Ու, անկասկած, քրեաօլիգարխիայի մյուս բոլոր սեգմենտները հետևել են իրենց «հայրերից» մեկի՝ Հովիկ Աբրահամյանի օրինակին, ինչը հրամայական է դարձնում օլիգարխիկ բոլոր բանդաների արագ վնասազերծումը և պահվող ապօրինի զինամթերքի առգրավումը։

Աղբյուր՝ 1in.am

Be the first to comment on "Ո՞ւմ վրա էր կրակելու Հովիկ Աբրահամյանի պահած զենքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ