«Սասնա ծռեր»-ին ազատ են արձակում, իսկ Քոչարյանին չէ՞, ի՞նչ տարբերություն այդ գործերի միջեւ. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու՝ իրավապահների որոշումը քաղաքական միտում ունի։ Ըստ ՀՀԿ ներկայացուցչի, եթե «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխում են, ապա դատարանը 45 պատգամավորի երաշխավորությունը հաշվի առնելով՝ պետք է փոխի նաեւ Քոչարյանի խափանման միջոցը։

Պարոն Շարմազանով, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքի առնչությամբ  մեկնաբանություններ եղան, որ այդպիսով ՀՀ-ն ինքնապաշտպանվում է եւ փորձում է կանխել Սերժ Սարգսյանի ուղղությամբ հնարավոր քայլերը։ Ի՞նչ կասեք այս մասին։

Պատգամավորն իրավունք ունի միանալ այս կամ այն քաղաքացու, պաշտոնաթող նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ստորագրությանը։ ՀՀԿ-ն երկու հայտարարություն արեց հստակ ու ամբողջական, որ կալանքն իր մեջ պարունակում է քաղաքական միտումներ։ Պետք է լիներ հրապարակային դատաքննություն։ Ես կիսում եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքը միջազգային ներկայացուցիչներից կազմված խմբի ներգրավմամբ անաչառ քննություն անցկացնելու եւ ամեն ինչ հրապարակային, ոչ թե ափալ-թափալ Քոչարյանին կալանավորելու մասին: Ինչ վերաբերում է մեր ինքնապաշտպանությանը. մենք ինքնապաշտպանվում ենք օրենքով: Եթե օրենքը չի գործում, գործում է անձնական վրեժխնդրությունը, վենդետան, քաղաքական ճաշակը…

Դուք հայտարարում եք՝ Մարտի 1-ի գործով Քոչարյանին կալանավորելը վենդետա՞ է։

Ես հայտարարում եմ, որ շատ հնարավոր է՝ առկա է անձնական եւ քաղաքական դրդապատճառ։ Կալանավորման հարցն ինձ համար անընդունելի է։ ՀՔԾ պետի հայտարարությունը, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի վրա ուղիղ ճնշում է։ Արմեն Գեւորգյանին «Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա մեղադրանք են առաջադրում, թե ճնշում է գործադրել ՍԴ դատավորի վրա, այնինչ նույն դատավորը հայտարարում է, որ նման բան չի եղել։ Այս ամենից հետո ասում եմ՝ սա ունի քաղաքական պատճառներ։ ՀՔԾ պետն ասում է՝ վտանգ է տեսնում, Քոչարյանը պիտի մնա անազատության մեջ, բայց «Սասնա ծռեր»-ն օրը ցերեկով բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, պիտի ազատ արձակվեն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ պատգամավորների ստորագրության դեպքում՝ ո՞չ։  Ի՞նչ տարբերություն այս գործերի միջեւ։

ՀՔԾ պետը հիմնավորեց նաեւ այն պատճառով, որ Քոչարյանը կարող է ճնշում գործադրել եւ խոչընդոտել քննությանը։  

«Սասնա ծռեր»-ը վտանգ չե՞ն ներկայացնում: ՊՊԾ գունդը գրավելը նույն բանն է, ինչ մտնես, ՀՀ զինվորի վրա կրակես: Սպանվել է ՀՀ ոստիկանության գնդապետ՝ իր ծառայողական պարտականությունները կատարելիս, ի՞նչն են տարբեր գործեր։ Քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում։

Դուք քննադատում եք այս իշխանության իրավապահ մարմինների գործողությունները, մինչդեռ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը տասը տարի ժամանակ ուներ Մարտի 1-ի գործը քննելու եւ մեղադրյալներին Ձեր նշած օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկելու, ինչո՞ւ ՀՀԿ-ի իշխանությունը դա չարեց։

Մարտի 1-ը հանեք, ես դրա մասին գնահատականներ չեմ տալիս: Մարտի 1 կլինի, Հոկտեմբերի 27 կլինի, ցանկացածի վերաբերյալ պետք է լինի բաց, համակողմանի, արդար քննություն, ոչ թե ուղղորդված։ Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ դատավոր, որ որոշեմ՝ ով է մեղավոր։ Ես կրկնում եմ. իմ համոզմամբ՝ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտություն չկար։ Խոսքը Քոչարյանի մեղավոր լինել-չլինելու մասին չէ, դատարանը պիտի որոշի համակողմանի քննության արդյունքում։ Ես կալանքի միջնորդությունը հիմնավորված չեմ համարում։

Քոչարյանին կալանավորելուց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ մտահոգություն հայտնեց Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Դա քաղաքագետները մեկնաբանեցին միջամտություն մեր երկրի ներքին գործերին, ինչպես նաեւ նախկին իշխանության կողմից «դրսից տղա բերելու» քայլ։ Ինչո՞վ եք բացատրում Լավրովի հայտարարությունը, ինչպես նաեւ դրա հետ կապված արձագանքը։

Էդ ո՞ւր էին էդ քաղաքագետները, երբ Եվրամիության, Միացյալ Նահանգների տարբեր երկրների դեսպաններ առավոտից երեկո միջամտում էին ՀՀ ներքին գործերին։ Ինչո՞ւ որեւէ մեկը ձայն չէր հանում։ Եթե ուրիշ երկրներ միջամտել են, եւ էդ քաղաքագետները լռել են, ապա Հայաստանի դաշնակից երկրի նախարարն իրավունք ունի իր կարծիքը արտահայտել։ Թե ով ինչպես է ընկալել, դա իր խնդիրն է։ ՀՀ ինքնիշխանության պաշտպաններն ինչի՞ ոչինչ չէին ասում, երբ Եվրամիության, ԱՄՆ հարգարժան դեսպաններն այս կամ այն իրադարձության վերաբերյալ կարծիք էին հայտնում, ինչո՞ւ չէին ասում՝ միջամտում են մեր ներքին գործերին։ Լավրովի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հետ էր կապված։ Այո՛, ես վտանգներ եմ տեսնում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման առումով։ Նոր կառավարությունն այդ ճանապարհով է գնում, իրենց իրավունքն է։ Մեզ ասում են՝ տղա են բերել իրենց վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը Զախարովային ու Պեսկովին էր բերում մեզ վրա՞, տղա ու աղջիկ էր բերո՞ւմ, որ առավոտից իրիկուն Զախարովային ու Պեսկովին էին ցիտում թավշյա հեղափոխության օրերին։ Երբ Սվիտալսկին է խոսում, չեն ասում՝ միջամտում է երկրի ներքին գործերին, երբ Լավրովն է խոսում՝ ասում են՝ միջամտություն է։

Պարոն Շարմազանով, ասացիք՝ հայ-ռուսական հարաբերություններում վտանգավոր զարգացումներ եք տեսնում, հեղափոխության թեժ փուլում էլ ահազանգում էիք պատերազմի վերսկսման մասին, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ։ Ինչի՞ հիման վրա եք նման կանխատեսումներ անում։    

Մենք կարծիք կազմում ենք ոչ թե մեր ԱԳՆ-ի հարգարժան ներկայացուցիչների հայտարարությունների հիման վրա, այլ գործընթացների։ Ես էն կարծիքին եմ, որ այս պահին հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում։ Փոխնախարարն ասում է՝ Լարսում 10 կիլոմետրանոց հերթ է, ասելու փոխարեն թող գնա բանակցի վրացական կողմի հետ։ Հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մենք ուրախանում ենք հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից։ Մենք մեր մտահոգություններն ասել ու ասում ենք։

Պարոն Շարմազանով, ՀՀԿ-ն Քոչարյանի հետ քաղաքական ճանապարհ ունի՞ սպասվող խորհրդարանական ընտրություններում։ 

Մենք քննարկում ենք բացառապես պարոն 2-րդ նախագահի կալանքի միջնորդության փոփոխության հարցը: Թե վաղը ինչ ու ոնց կլինի, չեմ կարող ասել։ Երբ կգա ժամանակը, կքննարկենք, այս պահին ժամանակավրեպ է։

ՀՀԿ-ին եւ Քոչարյանի թիմին ի՞նչը կարող է միավորել։

Ապագայի վերաբերյալ որեւէ գնահատական, սցենար չեմ կարող կանխատեսել։ Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ ասել է՝ ազգային գաղափարախոսության ջատագովն ենք եւ չենք անի քայլ, որ վտանգի ՀՀ անվտանգությունը, իսկ թե այդ ճանապարհին ո՞ւմ հետ կդաշնակցենք, ժամանակը ցույց կտա։  Դաշնակցելու դեպքում էլ՝ «հանուն»-ի շուրջ, ոչ թե «ընդդեմ»-ի։

Մտահոգություն ունե՞ք, որ Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանին էլ պատասխանատվության կենթարկեն։

Ես չեմ կարող ասել: Եթե խոսում ենք իրավական կատեգորիաներով, մտավախություն չունենք, եթե խոսում ենք ոմանց քաղաքական ճաշակով ու վրեժխնդրությամբ, Դուք էլ  կարող եք ունենալ։

Աղբյուր՝ News.am

Be the first to comment on "«Սասնա ծռեր»-ին ազատ են արձակում, իսկ Քոչարյանին չէ՞, ի՞նչ տարբերություն այդ գործերի միջեւ. Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ