Արտագաղթը դադարել է. ինչո՞ւ է մշտական բնակչության թիվը պակասել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/827920/

Հայաստանում վերջին մեկ տարում մշտական բնակչության թիվը 10 հազար 100-ով նվազել է: Այսինքն` ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 969 հազար 800 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս ցուցանիշը նվազել է: Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 100: Ըստ մասնագետների` եթե պաշտոնապես նշվում է` մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնողները շարունակում են համարվել ՀՀ մշտական բնակիչ, քանի դեռ նրանք չեն հրաժարվել քաղաքացիությունից: Այսինքն` արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Այսպես, մշտական բնակչության թիվը հիմնականում պակասել է մարզային քաղաքներում եւ գյուղերում: Օրինակ` Արագածոտնի մարզում բնակչության թիվը նվազել է 1200-ով, Արարատում` 200-ով, Սյունիքում` 200-ով, Վայոց Ձորում` 500-ով, Տավուշում` 900-ով, Արմավիրում եւ Գեղարքունիքում` 700-ականով: Սակայն բնակչության թիվը ամենաշատը Շիրակի մարզում է պակասել` 3600-ով: Իսկ ահա Լոռու մարզի բնակիչների թիվը մեկ տարվա ընթացքում 3500-ով է պակասել, Կոտայքում` 1100-ով: Միայն Երեւանում է, որ բնակչության թվաքանակը ավելացել է 2500-ով: Տպավորություն է, որ երկիրը գերկենտրոնացած է մայրաքաղաք Երեւանում, որտեղից դուրս գրեթե առաջխաղացում կամ, ինչպես ասում են, կյանք չկա:

Հայաստանի նախկին կառավարությունները մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին: Հուսանք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ուշադրություն կդարձնի այս խնդրին: Չէ՞ որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 3500 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Եւ այս ցուցանիշով պետք է արդեն սկսեն մտածել կառավարության նոր անդամները: Անգամ Երեւանի բեռնաթափման ծրագիրը նախկին կառավարությունների կողմից իրականություն չդարձավ: Մինչդեռ պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ պետք է իրականացվեր հանրապետության մյուս տարածքներում` բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում: Փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ: Իսկ գյուղերում եւ մարզային քաղաքներում մարդիկ աշխատանք չունեն, որպեսզի կարողանան ապրել, ընտանիք պահել: Եւ աշխատանք փնտրելու, գտնելու հույսով բնակություն են հաստատում երեւանում, ինչի արդյունքում տարեց տարի գյուղերը դատարկվում են, իսկ կողպված դռները` շատանում:

Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 189, անցած տարվա նույն ժամանակահատվածում`17 հազար 171, իսկ 2016 թվականի հունվար-հունիսին` 18 հազար 393: Այսինքն` այս տարվա հունվար-հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 982-ով պակասել է: Իսկ ահա 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 2204-ով: Նշենք, որ այս տարվա ծնելիության ցուցանիշները վերջին տասը տարիների մեջ ամենացածրն են: Փոխարենը նվազել է մահացածների թիվը. այս տարվա հունվար-հունիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը պակասել է 1387-ով:

Մյուս կարեւոր, բայց բացասական նորությունը` ամուսնությունների թիվն է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին ՀՀ-ում գրանցվել է 7739 ամուսնություն, 2017-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 7234-ի: Իսկ ահա այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6802 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 432-ով ավելի է: Բայց մյուս կողմից պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես 2018թ. հունվար-հունիսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 1915, 34-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից պակաս: Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, տարիների կտրվածքով աճի միտում է ցուցաբերել. Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 1753, 2017-ի նույն ժամանակահտվածում`1949: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Բայց աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները առաջին հերթին խանգարում են հայ երիտասարդներին ընտանիք կազմել: Միակ ուրախալի փաստն այն է, որ կտրուկ նվազել է արտագաղթող ՀՀ քաղաքացիերի թիվը. ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականի հունվար-հունիսին արտագաղթել է 50 հազար 796 ՀՀ քաղաքացի` անցած տարվա նույն ժամանակահտվածի 75 հազար 625 ՀՀ քաղաքացիների դիմաց: Սյունէ Համբարձումյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/827920/

Be the first to comment on "Արտագաղթը դադարել է. ինչո՞ւ է մշտական բնակչության թիվը պակասել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/827920/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ