Ինչ զանգեր է ստացել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշում կայացրած դատավորը. մանրամասներ զրույցից Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/828239/

Ինչպես հայտնի է` հուլիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ կալանավորվեց ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երկրորդ նախագահին կալանավորման որոշում կայացնելու գործընթացի, դատական համակարգի ներսում քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրեն առաջադրվել է շինծու մեղադրանք: «Կարող է` ես հայտնվեմ բանտում, կմտածեն` փախնելու եմ, բայց չէ… կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ»- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը:Իսկ ինչ քննարկումներ են եղել դատական համակարգում երկրորդ նախագահի կալանավորման օրը, ինչպես են դատավորները փորձել օգնել կալանքի միջնորդությունը քննող նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանին, «Ժողովուրդ» օրաթերթին այս գործընթացից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:

Դատական համակարգում զարմացած են Այսպիսով` երբ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով, դատական համակարգում սկսել են խասակցությունները եւ քննարկումները այն մասին, որ եթե նախաքննություն իրականացնող մարմինը հարցաքննության է հրավիրել Ռոբերտ Քոչարյանին եւ մեղադրանք առաջադրել, ինչո՞ւ չի ձերբակալել եւ հետո նոր միանգամից խափանման միջոցը` կալանավորումը, ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան, այլ հարցաքննել է, մեղադրանք առաջադրել եւ հետո դիմել դատարան, որ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Դատական համակարգի ներկայացուցիչներից ոմանք խոսակցության ընթացքում նշել են, որ Հայաստանում ընդունված պրակտիկան այլ է, որ սովորաբար ձերբակալում են, հետո նոր են խափանման միջոցը կալանավորում ընտրելու հարցով դիմում դատարան, սակայն ՀՀ երկրորդ նախագահի դեպքում այդ պրակտիկան չի կիրառվել: Ի վերջո, այս հարցի շուրջ քննարկումները դատական համակարգում բերել են այն եզրակացության, որ նախաքննություն իրականացնող մարմինը, ըստ էության, այդ քայլին չի գնացել, քանի որ իր կողմից առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հետ կապված այդքան էլ վստահ չի եղել, ուստի միանգամից որոշել է դիմել դատարան: Սակայն նկատենք, որ դատական համակարգի որոշ ներկայացուցիչներն էլ նշել եմ, թե նախաքննության մարմնի այս գործողության մեջ որեւէ տարօրինակ բան չկա, նախաքննությունը իրականացնող մարմինը կարող է առանց ձերբակալելու էլ կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան: Գործը հասավ դատարան Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ հուլիսի 27-ի վաղ առավոտից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր դատարան, եւ նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու որոշումը քննեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանը: Այն, որ վերջինիս է բաժին հասել վերոնշյալ միջնորդության հարցը քննելու որոշումը, դատական համակարգում անհանգստություն է առաջացրել:

Մեզ հասած լուրերի համաձայն` դատական համակարգի կարկառուն ներկայացուցիչները նշել են, որ Վաչե Մարգարյանը նորանշանակ դատավոր է, եւ չեն ցանկանա, որ այս իրավիճակը որեւէ կերպ անդրադառնա նրա հետագա գործունեության վրա: Ուստի, ըստ մեզ հասած լուրերի, դատական համակագի մի շարք ներկայացուցիչներ` հաշվի առնելով, որ այս միջնորդությունը դատական համակարգի համար բացառիկ երեւույթ է, ասել է, թե ամեն անգամ չէ, որ նախագահի կալանավորման հարց են քննարկում, կապ են հաստատել Վաչե Մարգարյանի հետ, առաջարկել են իրենց մասնագիտական օգնությունը, որ կարող են նրան օգնել իրավական գիտելիքներով, ինչպես նաեւ իրենց կենսափորձով, որ նա որոշում կայացնելիս առավել վստահ գնա: Արդյունքում` դատական համակարգի հնաբնակների եւ պրոֆեսիոնալների օգնությունը դատավոր Մարգարյանը մերժել է` նշելով, որ, ամեն ինչ կարող է անել ինքնուրույն եւ օբյեկտիվ մոտենալ իրավիճակին: Ասել է, թե դատավորին հնչած օգնության զանգերը մերժվել են: Երկար խորհրդակցությունը Միջնորդության քննարկումից հետո դատավոր Մարգարյանը երկար ժամանակ գտնվեց խորհրդակցական սենյակում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` դատավոր Մարգարյանին խորհրդակցական սենյակում երկար է պահել մեկ հարց. խոսքը մասնավորապես վերաբերել է ՀՀ սահմանադրության 140 հոդվածին, որը վերաբերում է Հանրապետության նախագահի անձեռնմխելիությանը, մասնավորապես` «1. Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: 2. Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»: Ահա երկրորդ կետն էլ դատավոր Մարգարյանին երկար մտածելու տեղիք է տվել, ըստ դատական համակարգում տարածված խոսակցությունների` Սահմանադրության այս կետը կարգավորող այլ նորմ չկա, ինչն էլ դատավոր Մարգարյանին վերոնշյալ կետի շուրջ մտածելու խնդրի առաջ է կանգնեցրել:

Ասել է, թե նրա կոնկրետ խորհրդակցական սենյակում երկար մնալը եւ որոշում կայացնելը հիմնականում պայմանավորված է եղել այս 2-րդ կետի հետ: Դատական համակարգում քննարկել են, որ 80 տոկոսով կալանավորման հիմքերը կան, բայց այդ դրույթը խնդիր է առաջացնում, ի վերջո, ՀՀ երկրորդ նախագահ են կալանավորում, եւ պետք է կալանավորման հիմքերը լինեն հարյուր տոկոս, ինչեւէ, երկար քննարկումներից հետո որոշումը կայացվել է: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման որոշումը վերջինիս պաշտպանները բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում, իսկ թե ինչ որոշում կկայացնի դատարանը, սպասենք զարգացումներին: Քնար Մանուկյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/828239/

Be the first to comment on "Ինչ զանգեր է ստացել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշում կայացրած դատավորը. մանրամասներ զրույցից Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/828239/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ