Ռուսաստանը «շնորհքով» ներխուժում է Հայաստան. Լավրովի հայտարարությունը թիրախային էր Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/828250/

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ուղիղ միջամտություն էր ՀՀ ներքին գործերին։ Մոսկվայի ավանդական սքողված մեթոդաբանությունը ակնհայտորեն չի աշխատում՝ ստիպելով ՌԴ իշխանություններին այլեւս անթաքույց խառնվել ՀՀ ներքաղաքական կյանքին։ Հայաստանի իշխանություններից պահանջվում է առավելագույն զգոնություն եւ զգուշավորություն՝ հարաբերությունների անխուսափելի թվացող վատթարացմանը պատրաստ լինելու համար։ ՌԴ ԱԳ նախարարի արձագանքը Հայաստանում կատարվող իրադարձություններին բավականին կոշտ էր եւ, ըստ էության, իր հրապարակայնությամբ աննախադեպ ԽՍՀՄ փլուզումից հետո հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ։

 

Այդ միջամտությունը միաժամանակ տարօրինակ չէ՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մտերմությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը։ Ի վերջո, Ռուսաստանը մշտական ներկայություն է ունեցել Հայաստանի ներքին գործերում՝ թե՛ 1998թ. պալատական հեղաշրջման, թե՛ Հոկտեմբերի 27-ի, թե՛ Մարտի 1-ի ոճրագործությունների ժամանակ՝ նկատի ունենալով ՌԴ ղեկավարության բացեիբաց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Եվ այս համատեքստում նույնիսկ տարօրինակ էր, որ Ռուսաստանը արտաքուստ խաղաղությամբ վերաբերեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը։

 

 

Այսօր, սակայն, արդեն պարզ է, որ այնժամ խուսափելով անգամ Ռուսաստանի համար խելահեղ թվացող ռազմական ինտերվենցիայից՝ Ռուսաստանը վճռել է Հայաստանի նոր իշխանությունների հետ խոսել ուժի դիրքերից։ Եվ այս տրամաբանության մեջ է հարկավոր ընկալել Լավրովի արձագանքը։ Վերջինս, ի դեպ, բավականին պատրաստված էր ու կանխավ հաշվարկված։ Լավրովը Հայաստանի մասին խոսում է ոչ թե ինչ-որ հարցազրույցի կամ ասուլիսի շրջանակներում, այլ կոնկրետ տեսաուղերձով անդրադառնում է միմիայն ներհայաստանյան զարգացումներին։ Սա ինքնին պատկերացում է տալիս, թե որքան կարեւոր է եղել ՌԴ իշխանությունների համար այսօրինակ արձագանքով հանդես գալը։ Լավրովի տեքստը, ի տարբերություն Հայաստանին վերաբերող նախորդ հայտարարությունների, պարզ էր ու թիրախային։ Հրաժարվելով ընդհանուր բնույթի ձեւակերպումներից՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները հակասում են իրենց նախկին հայտարարություններին։ Միաժամանակ, սակայն, արձանագրենք, որ նա որեւէ մեկի անունը չի շեշտել: Եթե նման հայտարարություն արվեր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, կարելի էր ըմբռնումով մոտենալ, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը այդպիսով կպաշտպաներ իր պետության շահը։ Սակայն Լավրովը խոսում է ՀՀ իշխանությունների ներքին քաղաքականության մասին, ինչը ուղղակիորեն միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Ավելին՝ սա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։ Խնդիրն այն է, որ Լավրովը ոչ ձերբակալվածների պաշտպանն է, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպության ներկայացուցիչ։

 

 

Նրա մեկնաբանությունները ՀՀ ներքին գործերի վերաբերյալ միաժամանակ դիվանագիտական էթիկետի կոպտագույն խախտում են։ Լավրովի ասածից կարելի է ենթադրել, որ հեղափոխության շրջանում ՌԴ կառավարող շրջանակները որոշակի հավաստիացումներ են ստացել Նիկոլ Փաշինյանից, որ նախկինների նկատմամբ արդարադատական գործողություններ չեն իրականացվի։ Այստեղ ՌԴ ԱԳ նախարարը, փաստորեն, բացահայտում է, որ ՌԴ-ն նախկինում էլ է մասնակից եղել ՀՀ ներքաղաքական զարգացումներին եւ անգամ սակարկությունների գնացել ի շահ կոնկրետ անձանց։ Վերջապես, «դիվանագետերենից» թարգմանած՝ Լավրովը ակնարկում է Հայաստանի պետականության կայունության հնարավոր խաթարման մասին՝ միաժամանակ դա կապելով ԱՊՀ տիրույթում Հայաստանի հետ հարաբերություններին։ Հիշենք, որ դեռեւս ապրիլյան օրերին ՌԴ որոշ շրջանակներ ակնարկում էին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ներքին գործերին հնարավոր ռազմական միջամտությունը, եթե վտանգվեր հայկական պետականությունը։ Եվ ահա հիմա Լավրովը նույն մտքի շրջանակներում խոսում է հայկական պետության կայունության ու ԱՊՀ հարթակներում համագործակցության մասին, ինչը տողատակում նույն իմաստն է պարունակում։ Հայաստանի իշխանությունը նրբանկատորեն արձագանքեց լավրովյան ինտերվենցիային՝ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում համապետական հանրահավաք հրավիրելով։ ՀՀ իշխանությունը կարծես խնդիր ունի ռուսներին հիշեցնելու ապրիլյան օրերը՝ հասկացնելով, որ հակահեղափոխական շրջանակներին պաշտպանելով՝ Ռուսաստանը ինքնըստինքյան պատերազմ կհայտարարի հայ ժողովրդին։

 

Հավանաբար իրավիճակային առումով այս արձագանքը կարող է աշխատել, սակայն այն ունենալու է կարճաժամկետ էֆեկտ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 1997-98 թթ. ի վեր չի հանդուրժում այն «դաշնակիցներին», որոնք ունեն լեգիտիմ իշխանություն։ 7-ամյա դադարից հետո Ռուսաստանում իշխանությունն այնժամ գրավեցին հետադիմական ուժերը, որոնց խնդիրը ռուսական ինքնանպատակ էքսպանսիան է՝ ուղղակի, թե անուղղակ միջամտության միջոցով։ Հատկանշական է, որ Հայաստանի դեպքում Ռուսաստանը երկու տարբերակներն էլ օգտագործել է, սակայն այսօր որոշակի խնդիրներ ունի այս առումով։ Ռուսաստանը չի հասկանում Հայաստանի իշխանություններին բացառապես արժեկարգային իմաստով տարբեր դաշտերում լինելու պատճառով, ինչն էլ ինքնաբերաբար ստեղծում է անվստահության մթնոլորտ։

Ռուսական ներկայիս էլիտան պարզապես արհամարհում է ժողովրդավարական ու լեգիտիմ իշխանություններին՝ նախ եւ առաջ այդպիսին չլինելու պատճառով։ Իսկ ներկայումս խորքային իմաստով հայ-ռուսական հարաբերություններում հենց այսպիսի դրություն է, երբ Կրեմլը չի կարողանում ճանաչել ՀՀ նոր իշխանություններին՝ ինքնաբերաբար տրվելով իր բնույթին հարիր կասկածամտությանը։ Վերջինս, դժբախտաբար, ներուժ ունի փչացնելու հայ-ռուսական «դաշնակցությունը», ինչը կարող է բացառապես հակակշռվել արեւմտյան դաշտում կայուն ու վստահելի հարաբերությունների կառուցմամբ եւ հատկապես Իրանի ու Վրաստանի հետ համագործակցության խորացմամբ, իսկ Թուրքիայի դեպքում՝ հաստատմամբ։ Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/828250/

Be the first to comment on "Ռուսաստանը «շնորհքով» ներխուժում է Հայաստան. Լավրովի հայտարարությունը թիրախային էր Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/828250/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ