Ծառուկյանը ձեռնոց է նետում Փաշինյանին․ նոր ինտրիգ Երևանի ընտրություններում

Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում որոշվել է՝ ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ հորիզոնականում է Պետրոս Ղազարյանը, որին հաջորդում է Արման Աբովյանը»,- ասել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Վահե Էնֆիաջյանը նշել է, որ միաժամանակ որոշում է կայացվել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը:

Նաիրա Զոհրաբյանի թեկնածության առաջադրումը քաղաքապետի պաշտոնում կանխատեսելի էր․այդ մասին տևական շրջան գրում էր մամուլը, իսկ պատգամավորը երեկ Եկմալյան փողոց՝ քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու նպատակով, գնացել էր «Երևանս՝ ապրելու քաղաք» նշումն ունեցող շապիկով՝ թերևս ոչ պաշտոնապես ազդարարելով իր քարոզարշավի մեկնարկը։

Սակայն անակնկալ՝ թեև ոչ զարմանալի էր Արարատ Զուրաբյանի մասով կայացված որոշումը։ Այստեղ արտառոցն այն է, որ ԲՀԿ-ն որոշում է կայացնում մեկ այլ կուսակցության՝ ՀՀՇ-ի ընտրություններին մասնակցության վերաբերյալ ու նույնիսկ որոշում է, թե ով պետք է գլխավորի նրա ցուցակը։ Արարատ Զուրաբյանը «Ծառուկյան» խմբակցության անդամ է, սակայն ՀՀՇ-ն ֆորմալ առումով նույնիսկ «Ծառուկյան» դաշինքի (այն բաղկացած է ԲՀԿ, «Առաքելություն» և «Ալյանս» կուսակցություններից) մաս չի կազմում, ու փաստորեն ԲՀԿ-ն այսօր որոշում է կայացրել մի կուսակցության մասով, որը նույնիսկ պաշտոնապես իր դաշնակիցը չէ։ Սա իսկապես արտառոց վիճակ է Հայաստանի քաղաքական համակարգի համար ու նման երևույթ չի եղել անգամ քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում։ Ըստ ամենայնի՝ Գագիկ Ծառուկյանը դեռ իրապես չի ադապտացվել նոր իրողություններին, որովհետև այսօրվա նրա որոշումը, ըստ էության, քաղաքական «բեսպրեդելի» դրսևորում է։

Սակայն շատ ավելի կարևոր է Երևանի ընտրություններին Գագիկ Ծառուկյանի թիմի, այսպես կոչված՝ երկբևեռ մասնակցության բովանդակային կողմը։ ԲՀԿ-ի մարտավարությունը միանգամայն պարզ է ու բխում է այն ցանկությունից, որ կուսակցությունն անպայման հաղթի ավագանու ընտրություններում՝ ունենալով իր քաղաքապետը։ Հաշվարկը շատ պարզ է․Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և նրա սատելիտ ՀՀՇ-ն պետք է գործեն էլեկտորալ տարբեր միջակայքերում, ապա յուրաքանչյուրն իր հավաքած քվեներով դաշինք ու մեծամասնություն ձևավորեն նոր ավագանիում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ Զուրաբյանի ՀՀՇ-ն, որի անունը որոշակիորեն կապվում է համաժողովրդական շարժման հետ, պետք է քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ ֆունկցիա կատարի ու գործի Նիկոլ Փաշինյանի թիմի «դաշտում»՝ քվեներ տանելով հենց ՔՊ-ից կամ այն դաշինքից, որի առանցքը կլինի ՔՊ-ն։ Եթե անդամ ՀՀՇ-ն անհրաժեշտ ձայներ չհավաքի և չկարողանա ներկայացված լինել ավագանիում, ապա նա գոնե կկատարի Ծառուկյանի մինիմում պլանը՝ մի քանի հազար ձայն «պոկելով» Նիկոլ Փաշինյանի թիմից, որը գուցե սկզբունքային լինի ընտրությունների ընդհանուր պատկերի համատեքստում։

Փաստորեն Երևանի ավագանու ընտրություններում Գագիկ Ծառուկյանը ձեռնոց է նետում Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս հասկացնելով, որ չի սահմանափակվելու դեկորատիվ մասնակցությամբ կամ երկրորդի կարգավիճակով և քաղաքային ու խորհրդարանական առաջիկա ընտրություններում ձգտելու է իշխանության։

Դժվար է ասել, թե ինչի վրա են կառուցված երկրում մնացած թերևս միակ օլիգարխի քաղաքական հավակնությունները, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն առաջիկա ընտրական ցիկլում գնալու է վաբանկ՝ թերևս գիտակցելով, որ ավագանու և ԱԺ ընտրություններն իր վերջին քաղաքական շանսն են նոր իրավիճակում սեփական ազդեցությունը պահպանելու համար։

ԲՀԿ-ի այս մարտավարության ֆոնին խիստ կարևոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը ավագանու ընտրություններին ունենա հնարավորինս կոնսոլիդացված մասնակցություն, ինչի լավագույն դրսևորումը թերևս ավագանու ընտրություններում «Ելք»-ի ձևաչափը պահպանելն է։

Լուսանկարը՝ Photolure-ի

https://www.1in.am/2401322.html

Be the first to comment on "Ծառուկյանը ձեռնոց է նետում Փաշինյանին․ նոր ինտրիգ Երևանի ընտրություններում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ