Ռոբերտ Քոչարյանի ցնցող ինքնակենսագրությունը

Lragir.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը aravot.am-ին տեղեկացրել է, որ Քոչարյանի պաշտպանները դիմում են գրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն առ այն,

որ նրա պահման խցում պետք է ստեղծագործական աշխատանքի համար պայմաններ ստեղծվեն։

Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնակենսագրական է գրում, որը շուտով կամբողջանա։

Սուրբ Օգոստինոսն ասում էր, որ ամենադժվար բանը սեփական կենսագրությունն օբյեկտիվ գրելն է:

Օգոստինոսը մեր թվարկության 4-5-րդ դարերի հայտնի աստվածաբան ու փիլիսոփա էր, ով մեծ ազդեցություն է ունեցել քրիստոնեական գաղափարաբանության վրա:

Նրա որոշ դրույթներ մեծապես հակասական են, օրինակ այն, որ արհամարհանքը մարդու՝ որպես մեղավոր էակի նկատմամբ, սերն է Աստծո հանդեպ։

Բայց հայկական միջավայրում այս դրույթը մեծապես ընդունելություն է ունեցել մեծատոհմիկ հայերի, կամ ինչպես նոր ժամանակներում են ասում՝ քրեա-օլիգարխիայի ներկայացուցիչների վարքաբանության վրա:

Ունեզրկելով ու արհամարհելով սեփական ժողովրդին, նրանք պարզապես փնտրում էին Աստծուն, ուղիղ հաղորդակցություն ստեղծելով նրա հետ անզուսպ եկեղեցաշինությամբ, ստանալով աստվածահաճո մականուններ:

Բայց վերադառնանք Քոչարյանին, ով ամբողջացնում է իր ինքնակենսագրականը: Գրի հավերժությունը անքննելի է, և մանավանդ Քոչարյանի պարագայում,

ով եղել է հայկական իրականության ամենաբուռն իրադարձությունների կենտրոնում, գիրքը ձեռք է բերում ահռելի արժեք:

Բանն այն է, որ թեև մեր պատմության նորագույն շրջանն ընդամենը երեք տասնամյակի պատմություն ունի, բայց այդ պատմությունը հայտնի չէ հանրային լայն շրջանակներին,

իսկ այն, ինչ մատուցվում է դասագրքերում ու պաշտոնական պատմագրությամբ, գրեթե առնչություն չունի իրականության հետ:

Մի հետաքրքիր պատմություն կա: Երբ հանրային բավական մեծ ճանաչում ունեցող մի հրապարակագիր Ղարաբաղյան շարժման մասին իր գիրքը նվիրում է Իգոր Մուրադյանին, վերջինս հարցնում է նրան՝ իսկ դու ճշնարտությու՞նն ես գրել:

Հեղինակն ասում է՝ այո: Իգորն ասում է՝ սուտ ես ասում, որովհետեւ դու ճշմարտությունը չգիտես:

Իգորն իր կյանքի ընթացքում այդպես էլ չգրեց Ղարաբաղյան շարժման մասին, թեև դրա հիմնադիրն ինքն էր: Թե ինչու՝ առիթ կլինի խոսելու:

Հիմա, Քոչարյանը գրում է իր ինքնակենսագրականը: Հանրությանը թերեւս հետաքրքիր կլինի իմանալ մինչ Հայաստան նրա գալը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Օրինակ, ինչ դեր կատարեց սպորտային հետաքրքրությունը Ղարաբաղյան շարժման փուլերից մեկում:

Կամ ինչպես ինքը դարձավ ԼՂՀ նախ ՊՊԿ, ապա ԼՂՀ նախագահ, եւ ինչով էին զբաղված այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները, որն էր դրա նպատակն ու գինը:

Ի՞նչ թղթեր են ստորագրվել այդ ժամանակ, որոնք վերաբերվում էին Ղարաբաղի խնդրին:

Այս եւ այլ հարցերը կարոտ են պարզաբանումների, քանի որ դրանք մեկնարկն էին հետագա բուռն իրադարձությունների:

Կան նաեւ հետաքրքիր պատմություններ Ցեբո ֆիրմայի մի զույգ կոշիկի ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Սամվել Բաբայանի վոյաժների մասին, բայց դրանք էական չեն:

Քոչարյանի գիրքը կարող է ցնցող նշանակություն ունենալ նորագույն պատմության մեկնության համար:

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի ցնցող ինքնակենսագրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ