ՀՀԿ-ն կորցրեց ժամանակը եւ շանսը, ստանձնելով Քոչարյանի քաղաքական փաստաբանությունը

Մեր զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը

Պարոն Բադալյան, դերասան ու պրոդյուսեր Հայկ Մարությանը գլխավորելու է Երևանի ավագանու ընտրության ՔՊ կուսակցության ցուցակը: Համացանցում հակասական են կարծիքները, մի մասը քննադատում է, մյուս մասը՝ խրախուսում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ԲՀԿ ավագանու ցուցակն ընտրություններին կառաջնորդի Նաիրա Զոհրաբյանը, ԵԾ-ինը՝ Զարուհի Փոստանջյանը։ Հայկ Մարությանին ո՞վ կլինի իրական մրցակից։

300×250

Երևանի ավագանու այս ընտրական գործընթացը ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասի ոչ ադեկվատությունը, որովհետև այն պահին, երբ հրաժարական տվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արդեն հասկանալի էր, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, և կուսակցությունները հենց այդ օրվանից պետք է որ անուղղակի ընտրական գործընթացը սկսեին և անուղղակի քարոզարշավ իրականացնեին։ Իսկ այս պահի դրությամբ մենք ընդամենը գիտենք, որ ՔՊ-ն է միայն որոշել՝ ով է լինելու քաղաքապետի իր թեկնածուն։ Գիտենք նաև, որ ԲՀԿ-ն է մասնակցելու և այս պահի դրությամբ չգիտենք՝ այլ ուժեր մասնակցելո՞ւ են, թե չեն մասնակցելու։ Մի մասը նշում է, որ հավանական է մասնակցի, սակայն քաղաքապետի թեկնածուի անունը չի տալիս, մի մասն էլ նշում է, որ ինքը դեռևս մտածում է և այլն։ Սա այն դեպքում, երբ Երևան քաղաքը ամեն ինչով հանդիսանում է Հայաստանի կեսը՝ բնակչությամբ, տնտեսական պոտենցիալով։ Երևանի ավագանին կարևորագույն նշանակություն ունի։ Երևանը ի վերջո Մեղրին, Տաշիրը կամ Իջևան քաղաքը չէ, և քաղաքային ավագանու ընտրությունների նկատմամբ այդ վերաբերմունքը ուղղակի ցույց է տալիս քաղաքական ուժերի ոչ ադեկվատությունը։ Սա ընդհանուր քաղաքական բոլոր ուժերի բնորոշումն է։

Երկրորդ՝ ՔՊ-ն որոշել է, որ իր թեկնածուն լինելու է տվյալ գործիչը, սակայն սա արդյոք նշանակո՞ւմ է, որ նա լինելու է նաև Ելքի թեկնածուն, թե ՔՊ-ն առանձին է գնում ընտրությունների։ Այս հարցում նույնպես հստակություն չկա, որովհետև Ելք դաշինքի մյուս երկու ուժերը դեռևս պաշտոնապես չեն հայտարարել իրենց դիրքորոշումը։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ եթե ՔՊ-ն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին առանձին է գնում, ապա ինչ տրամաբանությամբ է կառավարությունում շարունակվում Ելք դաշինքի անդամ հանդիսացող կուսակցությունների, հատկապես Լուսավոր Հայաստանի և Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների հարցը, երբ փաստորեն դաշինքը բաժանվում է։ Արդյոք սա նշանակում է, որ հաջորդ տարի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մի կողմից ՔՊ-ն, մյուս կողմից ԼՀ-ն ու Հանրապետություն կուսակցությունն առանձին են գնալու։

Երրորդ՝ դեռ հստակ չէ, թե Երևանի ավանագու ընտրություններին ում է առաջադրելու քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ն։ Հստակեցված չէ նաև այլ ուժերի թեկնածուների հարցը։ Օրինակ՝ ՕԵԿ գործիչները նշում են, որ իրենք մասնակցելու են ընտրություններին, սակայն հստակ չէ, թե ով է նրանց վերջնական թեկնածուն։ 45-50 օր հետո լինելու է քվեարկություն, և դեռևս կուսակցությունները իրենց համար այս հարցերը չեն հստակեցրել։ Եվ սա ցույց է տալիս քաղաքական դաշտի ոչ ադեկվատությունը։

Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուին։ Բերում են ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի օրինակը, որը դերասանից նախագահ դարձավ՝ մոռանալով, որ նա անմիջականորեն դերասանից չդարձավ նախագահ, այլ երկար ճանապարհ անցավ, քաղաքական արհմիութենական գործունեություն իրականացրեց, ղեկավարեց նահանգային իշխանություն և այլն։ Այսինքն՝ նա քաղաքական ճանապարհ անցավ և որպես քաղաքական գործիչ՝ առաջադրվեց Հանրապետական կուսակցությունից։ Դրա համար տեղին չէ համեմատությունը։ Երբ ասում ենք, որ ֆեյսբուքում կողմ և դեմ կարծիքներ, մենք մի բան կարող ենք հստակ արձանագրել. Ֆեյսբուքը չի ներկայացնում հայ հասարակության տրամադրությունները, ֆեյսբուքը այդ տրամադրությունների շատ փոքր մասն է ներկայացնում, բայց ոչ ամբողջությունը, և ճիշտ չէ առաջնորդվել ֆեյսբուքում առկա տրամադրություններով և դա փորձել պրոյեկտել Երևանի բնակիչների վրա։ Այս պահի դրությամբ սոցիոլոգիական հարցումներ չեն իրականացվել Երևանում, որպեսզի տեսնենք, թե որ ուժը ինչ հավանականություն ունի ավագանիում հայտնվելու և նրա թեկնածուն ինչ վարկանիշ ունի։ Գիտեք, որ ընդհանուր անվստահություն կա սոցիոլոգիական հարցումների նկատմամբ։

Ինչ վերաբերում է ընտրությունների օրը որոշելուն, իհարկե, այստեղ իշխանությունն օգտվեց օրենքներում եղած բացերից և կարողացավ քվեարկության օրը ձգել մինչև սեպտեմբերի կեսը, որպեսզի քարոզարշավը օգոստոսին տեղի չունենա, որովհետև ինչպես նախկինում նշել եմ, օգոստոսը հակացուցված է քարոզարշավ անցկացնելու տեսակետից։ Եվ եթե սեպտեմբերի կեսին կամ վերջին տեղի ունենա քվեարկություն, դա հնարավորություն կտա ուժերին գոնե սեպտեմբերի հով շրջանում իրենց քարոզարշավն անցկացնել։

Հաշվի առնելով քաղաքական ուժերի՝ Երևանի ավագանու ընտրություններին պասիվությունը՝ կունենանք պասիվ ընտրություննե՞ր։

Դժվար է ասել, թե ինչպիսի ընտրություններ կունենանք, որովհետև կա կախված է կուսակցությունների գործունեությունից, ինչը չկա, և սա ձեռնտու է իշխող քաղաքական թիմին, որովհետև Երևանի ավագանու ընտրությունը բոնուսային համակարգով իրականացվող ընտրական համակարգ է, և հերիք է իշխող քաղաքական թիմին ունենալ 40 տոկոսից ավել տեղ ավագանիում, որ նա ուղղակի քաղաքապետի իր թեկնածուն կունենա։ Թե ինչու մյուս ուժերը չառաջարկեցին հունիս-հուլիս ամիսներին արտահերթ կարգով ընտրական մեխանիզմը փոխել, դա նույնպես խոսում է այս ուժերի ոչ ադեկվատության մասին։

Ինչ  վերաբերում է ծրագրային, գաղափարական պայքար կլինի թե ոչ, հասկանալի է, որ այս պահի դրությամբ գոյություն ունի հեղափոխության էյֆորիա և այդ էյֆորիան, իհարկե, որոշակի քանակով ձայներ է բերելու իշխող քաղաքական թիմի ներկայացուցչին, ինչը դժվարացնելու է նրա մրցակիցներին, որովհետև նրանք ոչ միայն թեկնածու պետք է առաջադրեն իշխող քաղաքական թիմի թեկնածուի դեմ, այլև պետք է փորձեն հաղթահարեն այդ էյֆորիան, ինչն ավելի դժվար է։ Եվ դա է պատճառը, որ քաղաքական բոլոր ուժերը՝ բացառությամբ վարչապետի ներկայացրած թեկնածուի, կորցնում են շատ կարևոր ռեսուրս՝ ժամանակի ռեսուրսը։ Որովհետև մեկ ամիս նրանք կարող էին անուղղակի քարոզչություն իրականացնել և որոշակիորեն իրենց վարկանիշը բարձրացնել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ՀՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելը տրամաբանական կլինի, քանի որ ՀՀԿ-ն ցույց է տալիս իր ոչ ադեկվատությունը։ Երկու ամիս ժամանակ ուներ ՀՀԿ-ն իմիջի փոփոխման համար և պետք է փոփոխված իմիջով փորձեին հասարակությանը ներկայանալ, բայց մենք այս երկու ամսվա ընթացքում տեսանք, որ ՀՀԿ-ն բացարձակապես որևէ քայլ չարեց այդ ուղղությամբ։ Ավելին՝ ՀՀԿ-ն ստանձնեց ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական փաստաբանությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի պաշտպանության գործընթացն իր վրա վերցրեց։ Այսպիսով, նրանք իրենց վրա են վերցնում երկրորդ նախագահի բացասական իմիջը։ Եվ փոխանակ ՀՀԿ-ն իր բացասական իմիջը մաքրեր և նոր, դրական իմիջով հանդես գար, մի բան էլ երկրորդ բացասական իմիջը իրեն կցեց։ Եվ այս պարագայում, իմ կարծիքով, նրանց մասնակցությունն ընտրություններին տրամաբանական չէ, քանի որ նրանց կորցրին ժամանակը և խելամիտ գործողություններ իրականացնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է ծրագրերին, կլինեն նախորդ 30 տարիներին հնչած ծրագրերը՝ սա կանենք, նա կանենք, աղբը կհավաքենք, այսինքն՝ լինելու է շաբլոնային ծրագրերի ներկայացում, և որևէ դերակատարություն այդ ծրագրերը չեն ունենա, որովհետև այդ ծրագրերն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրելու։ Այստեղ հիմնական գործոնը լինելու է հեղափոխական էյֆորիան և վարչապետի թեկնածուի հարցը։

Այսինքն՝ ընտրելու են ոչ թե Հայկ Մարությանին, այլ վարչապետի առաջադրած թեկնածուի՞ն։

Այո, ընտրելու են վարչապետի առաջադրած թեկնածուին, որովհետև հասկանալի է, որ վարչապետի անունն է դրվելու ընտրության, վարչապետի դիրքերի ամրապնդման հարցն է լուծվում և ոչ թե թեկնածուի։ Իսկ ընտրողների այն մասը, ովքեր համաձայն չեն գործող վարչապետին, նրանք այս պահի դրությամբ ադեկվատ այլընտրանք չեն տեսնում, որպեսզի կարողանան այս կամ այն ուժին ձայն տան, որովհետև տեսնում են, որ նրանց մոտ ոչինչ չի փոխվել, այդ ուժերն այդպես էլ չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ մայիսին: Իսկ մայիսին ոչ միայն իշխանափոխություն տեղի ունեցավ, այլ նաև մենթալիտետային հեղափոխություն տեղի ունեցավ։ Մի բան, որ այդ ուժերն այդպես էլ հաշվի չառան։ Եվ որպես չհասկացվածության արդյունք՝ հայտնվել են այսպիսի իրավիճակում։

ՀՀԿ-ն կորցրեց ժամանակը եւ շանսը, ստանձնելով Քոչարյանի քաղաքական փաստաբանությունը

Be the first to comment on "ՀՀԿ-ն կորցրեց ժամանակը եւ շանսը, ստանձնելով Քոչարյանի քաղաքական փաստաբանությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ