Թավշյա հեղափոխությունը ՀՀԿ-ՀԱԿ աքցանում. Արցախն ու խայծը

Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների ֆոնին աշխուժացել են արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված դատողությունները, առավելապես մտահոգությունների տեսքով, որոնք սկզբնավորվեցին ՀՀԿ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Քոչարյանի ու Խաչատուրովի:

ՀՀԿ-ն հայտարարել էր, թե մտահոգիչ է, որ հետապնդվում են Արցախի խնդրում վաստակ և «հաստատակամ» դիրքորոշում ունեցող գործիչները: Մի կողմ թողնենք, թե որքանով էր Ռոբերտ Քոչարյանը, ինչպես իհարկե նաև բոլոր երեք նախագահները, «հաստատակամ» Արցախի խնդրում: Սրա վերաբերյալ քննարկումներ, մամուլի հրապարակումներ եղել են բազմաթիվ, փուլային-փաթեթային տարբերակներից մինչև Քի Վեսթ, Մադրիդյան սկզբունքներ կամ Կազան:

Կենտրոնանանք այն հանգամանքի վրա, թե ինչ փորձեց հրապարակ նետել ՀՀԿ-ն, Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման իր գնահատականը այսպես ասած հիմնավորելու համար: Ի դեպ, այդ տեսանկյունից ՀՀԿ-ն փաստորեն հերքեց հենց Քոչարյանի գնահատական-հիմնավորումը, քանի որ նա չէր խոսել Արցախի խնդրում իր դիրքորոշման մասին՝ որպես հետապնդման պատճառ, այլ ասել էր, որ պատճառն իր ներքաղաքական ակտիվությունից վախենալն էր: Բայց սա էլ թողնենք Քոչարյան-ՀՀԿ հարաբերության տիրույթին, որտեղ, իհարկե, նույնպես բավական հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում:

Տասը տարի իրար գրեթե ծաղրող երկու սուբյեկտները ներկայումս դե ֆակտո դաշնակիցներ են, սակայն Սերժ Սարգսյանի հետաքրքիր լռությամբ: Արցախի խնդրի մասով ՀՀԿ նետած խայծը բավական արագ վերցրեց ՀԱԿ-ը, համենայն դեպս, իր ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի հայտարարությամբ՝ «գրավված տարածքների» մասին: Պատվիրակե՞լ էին Զոյա Թադևոսյանին, թե՞ ոչ, բավականին դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, որ նրա հայտարարությունից հետո բարձրացված աղմուկի կապակցությամբ, որտեղ հայտարարությունը դե ֆակտո վերագրվում է ՀԱԿ դիրքորոշմանը, կուսակցությունը չի արել որևէ արձագանք և ասել, թե դա Թադևոսյանի անձնական կարծիքն է:

Այդպիսով, ստացվում է ուշագրավ մի պատկեր՝ Քոչարյանի ձերբակալությունից հետո ՀՀԿ-ն նետեց արցախյան խայծը, որպես «դավադրության» տեսություն, իսկ ՀԱԿ-ն իր անդամի հայտարարության և դրա հանդեպ լռության տեսքով, փաստորեն, խորացնում կամ հաստատում է խայծը, դնում կնիքը: Դրան հաջորդել է Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, Ստեփանակերտում շաբաթներ առաջ քաղաքացիական բողոքների օրերին պաշտոնից ազատված Արշավիր Ղահրամանյանի հայտարարությունը, որը ներկայումս Բակո Սահակյանի խորհրդականն է: Նա ասել է, որ փորձ է արվում ձևավորել «հող հանձնելու կեղծ օրակարգ», ինչը անթույլատրելի է, և շարունակվելու դեպքում արցախցիները պետք է դուրս գան փողոց: Պարզ չէ ելակետը, որովհետև, ի վերջո, օրակարգի մասին պետք է դատել Հայաստանի իշխանության հայտարարություններից, ոչ թե իշխանությունից զրկված ուժի, կամ առավել ևս արցախյան խնդրում իր մոտեցումներով 1-2 տոկոս ձայն հավաքած ուժի ներկայացուցչի հայտարարություններով:

Եթե նրանք շարունակեն հայտարարությունները, արդյո՞ք Արցախի իշխանությունը արցախցիներին կհանի ոտքի, թե՞ այդուհանդերձ ելակետը պետք է լինի Հայաստանի իշխանությունը, համենայն դեպս, ըստ տրամաբանության, որն իր հերթին շատ հստակ ու մի քանի անգամ է հայտարարել ոչ միայն այն մասին, որ խոսք չի կարող լինել փոխզիջում ասվածի կամ դե ֆակտո «հող հանձնելու» վերաբերյալ, այլ որ այդ հարցը բանակցել իրավազոր է միայն Արցախի իշխանությունը: Այլապես, եթե հիմքը լինելու է մերժված ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ոչ թե Հայաստանի իշխանության դիրքորոշումը, ապա Արցախի իշխանությունը պարզապես կուլ տված կլինի խայծը, որը, սակայն, ըստ «կեղծ օրակարգ» ձևավորողների տրամաբանության, պետք է մնա արդեն թավշյա հեղափոխության կոկորդին:

https://www.1in.am/2400858.html

Be the first to comment on "Թավշյա հեղափոխությունը ՀՀԿ-ՀԱԿ աքցանում. Արցախն ու խայծը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ