Մարտի մեկի էջը փակելու միակ ձեւը

Մեր զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Պարոն Իգիթյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու որոշումը հակասական արձագանքներ է առաջացրել, նախ ՌԴ դիվանագիտական աղբյուրներն են շատ կոշտ արձագանքել դրան, նաև Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այն ձևն ու կերպը, որով իրականացվեց այդ գործընթացը, վնասել է ՀԱՊԿ-ի հեղինակությանը։ Որքանո՞վ են տեղին այս պնդումները և որքանո՞վ է դա վնասում ՀԱՊԿ-ի հեղինակությանը։

Նախ լավ կլինի լրագրողները Արմեն Աշոտյանից ճշտեն, թե ինչ հեղինակության մասին է խոսքը, որ մենք կարողանանք քննարկել հեղինակության որ մասն է նվազել՝ Հայաստանի՞ առումով, թե՞ ընդհանրապես որպես ԱՊՀ ընդհանուր դաշտի ապահովության երաշխիքի տեսանկյունից։ Ինձ թվում է, որ եթե պարզվի, որ Յուրի Խաչատուրովն իրոք քրեական դերակատարություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին և եթե դրանից հետո նա մնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, այդ դեպքում միայն կտրուկ կնվազի դերակատարությունը։ Ես խորհուրդ կտամ բոլորին, ովքեր գրում են այս թեմայով, ուշադիր լինել, որ խոսքը ոչ թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի մասին է, այլ ՀՀ քաղաքացու մասին, որի վերաբերյալ քրեական գործ կա և պետք է պարզվի, թե արդյոք նա մարտի 1-ին անօրինական ձևով ներքաշվել է ցուցարարների ցրման և կրակելու, սպանելու հարցերում։ Պետք է պարզել, թե ի՞նչ դերակատարում է ունեցել պաշտպանության նախարարությունը, և քանի որ Միքայել Հարությունյանը որոշեց թաքնվել Ռուսաստանի անձնագրի հետևում, ապա Յուրի Խաչատուրովը կարող է մեզ և քննչական մարմիններին բացատրել, թե ով է տվել հրամանը և ինչ հրաման էր այն։ Արդյոք դա պաշտպանության նախարարի կողմից է եղել, թե դա ավելի վերևից է եղել։ Սա շատ բնական գործընթաց է և այստեղ փորձել քաղաքականացնել, փորձել գտնել միջազգային պարզաբանումներ, պարզապես անհեթեթ է։

Այդուհանդերձ, սա որքանո՞վ կարող է բարդացնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։

Եթե իրոք ստացվի այնպես, որ իսկապես Հայաստանում անձեռնմխելի մարդ գոյություն չունենա օրենքի առջև՝ անկախ նախկինում կամ ներկայում իր դիրքից, անկախ պատերազմում իր ունեցած ծառայություններից, դա կբարձրացնի Հայաստանի համբավը ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Երկրորդ, ես ուզում եմ հիշեցնել բոլոր մարդկանց, քաղաքական կուսակցություններին, մասնավորապես ՀՀԿ-ին Մանվել Գրիգորյանի գործը։ Չեմ ուզում իրենց հիշեցնել իրենց հայտարարությունները Մանվել Գրիգորյանի կալանավորման օրը և համեմատել այսօր Մանվել Գրիգորյանի մասին իրենց կարծիքի հետ։ Թող նրանք մտածեն երկրորդ անգամ նույն զավեշտալի իրավիճակում չհայտնվելու մասին, երբ մի քանի օր հետո, իմանալով հանգամանքները, ստիպված լինեն հրաժարվել իրենց հայտարարություններից։ Ի վերջո, ի՞նչ է եղել, սարսափելի ոչ մի բան չի եղել, մարտի 1-ի գործի հետ կապված թե մեր ժողովուրդը, թե միջազգային հանրությունը՝ ի դեմս Եվրախորհրդի և այլ կազմակերպությունների, զեկույցներում որպես պարտավորություն նշված է, որ պետք է բացահայտել մարտի 1-ը։ Ուզում եմ հիշեցնել, որ հենց ՀՀԿ-ն խորհրդարանում խոսում էր այդ մասին, հանձնաժողովներ էր ստեղծում, հայտարարում էր, որ իրենք իրոք ուզում են, որ այդ գործը բացահայտվի։

Այսօր այդ գործընթացն սկսվել է, և տրամաբանական է, որ այդ գործընթացը պետք է և ներքևից, և վերևից ընթանա։ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ երկրի նախագահն էր, գերագույն գլխավոր հրամանատարը և բազմաթիվ հարցեր կան հենց իրեն ուղղված։ Եթե պարզվի, որ նա իրականացնում էր իր սահմանադրական լիազորությունները, ուրեմն նա ազատ կարձակվի, եթե պարզվի, որ նա լավ հրամաններ էր տալիս, բայց իր ենթակաները, ասենք Յուրի Խաչատուրովը կամ մյուսները ինքնուրույն որոշումներ են կայացրել, և բանակն ու ոստիկանությունը անհամաչափ ուժ են կիրառել, որի հետևանքով 10 քաղաքացի է զոհվել, 200-ից ավելի մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում, հազարավոր մարդիկ հետապնդվում էին, քաղաքական բանտարկյալներ ենք ունեցել խայտառակ ձևով, այդ ամենը պետք է քննվի և պարզվի։ Մարտի մեկի էջը փակելու միակ ձևն այն է, որ բոլորը պետք է իրենց իմացած տեղեկությունները հայտնեն թե ժողովրդին, թե քննչական մարմիններին, այդ թվում նաև այն ժամանակվա պառլամենտականները կամ իշխանությանը մոտ կանգնած պաշտոնյաները։

Անդրադառնալով մարտի մեկի ոճրագործությանը՝ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ ամեն դեպքում պետք է փորձել պարզել՝ կողմերից ով է առաջինը սկսել կրակել։ Տեսակետ կա, որ նա փորձում է օգնել Ռոբերտ Քոչարյանին։ Համամի՞տ եք։

Ինքը չի օգնում Ռոբերտ Քոչարյանին, որովհետև այդ հարցի պատասխանը կա։ Եվ իրոք այդ հարցից պետք է սկսել, թե ով է սկսել կրակել։ Առնվազն 10.000 և ավելի վկաներ կան Թատերական հրապարակում վրաններում քնած և շատ լրագրողներ, որոնք ինչքանով կարողացել, նկարահանել են և ռեպորտաժներ պատրաստել։ Կրակել սկսել են զորքերը, որոնք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, որոնց մեծ մասը ուղղակի քնած էր վրաններում։ Եթե հիշում եք, դա եղել է լուսադեմին։ Այնպես որ, այս հարցի պատասխանը կա, և պետք է տրվի նաև հաջորդ հարցը՝ ով էր տվել կրակելու հրամանը և ինչու, օրինակ, դիպուկահարները կրակում և սպանում էին այն մարդկանց, ում ձեռքը որևէ զենք չի եղել։ Եվ որ զենք չի եղել մարդկանց մոտ, դա ապացուցվել է հենց այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետագայում Սերժ Սարգսյանի կառավարության և քննչական մարմինների կողմից։ Որևէ խաղաղ ցուցարարի նկատմամբ որպես զենք կրող մարտի 1-2-ի ժամանակ չի արձանագրվել։ Եվ այս հարցի պատասխանն էլ կա։

Հաջորդ հարցը, որ պետք է տանք՝ ովքեր են եղել այն մարդիկ, ովքեր կրակում էին՝ օգտագործելով մարտական զենքը։ Այդ մարդիկ զենք կրելու պետական իրավունք չեն ունեցել, դրանք տարօրինակ մարդիկ էին, և պետք է հայտնաբերվեն նաև այդ մարդիկ։ Այդ գործընթացը սկսվել է, և ինձ թվում է, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, և հույս ունեմ, որ քննչական մարմիններն էլ են կիսում ժողովրդի վճռականությունը։

Կարծում եք՝  բոլոր մեղավորները մարտի մեկի գործով պատասխանատվության կենթարկվե՞ն։

Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ մեկը պետք է պատժվի, պատասխանատվության ենթարկվի։ Հետաքննչական պրոցես է, և բոլորը՝ պաշտոնյաներ և անուղղակի պաշտոնյաներ, պետք է ասեն՝ ինչ տեղեկություններ ունեն մարտի մեկի մասին։ Իսկ պատժելու հարցը գալու է այն ժամանակ, երբ պատկերն ամբողջանա, թե ինչ է տեղի ունեցել։ Ուզում եմ անպայման նշել մեկ այլ չարաշահման մասին. խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից է նետվել և քաղաքական վերնախավից բոլորը փորձում են դա օգտագործել. Խոսքն այսօր չի գնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ընտրվել էր, թե ոչ, կեղծիքներ եղել են, թե ոչ։ Խոսքն այն մասին է, թե ինչպես պետական մեքենան և մասնավորապես զորքը օգտագործվել է խաղաղ բնակչության դեմ, ինչի հետևանքով եղել են բազմաթիվ զոհեր։ Մի բան պետք է բոլորը հասկանան. Մարտի մեկի քննությունը վաղուց դուրս է եկել թե ընտրական, թե հետընտրական պրոցեսներից, սա առանձին հանցագործություն է, որը կապված է պետության ուժը, ծանր զենքը խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու հետ։

Be the first to comment on "Մարտի մեկի էջը փակելու միակ ձեւը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ