«Ռոբերտ Քոչարյանն անկեղծ չէ իր փաստաբանների հետ, փաստաբաններն էլ՝ նրա հետ»

Իրավապաշտպաններն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դժգոհություններին, թե Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանքի որոշումն անհիմն են, նրա նկատմամբ քաղաքական ու անձնական հաշվեհարդար է իրականացվում:

Իրավապաշպան Արթուր Սաքունցը նշեց, որ ողջունելի է, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ասուլիս հրավիրելու հնարավորություն ունեն, որովհետև 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո փաստաբանների պակաս կար երկրում, մարդիկ վախենում էին պաշտպանել քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց: Ըստ նրա՝ Քոչարյանի իշխանության տարիներին այդ ազատությունը չկար: Արթուր Սաքունցի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի հիմքում դրված հոդվածը պետք է ընդլայնվի, և Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրանք առաջադրվի իր նախագահության օրոք մարդու իրավունքների համատարած խախտումների, կոռուպցիոն հանցագործությունների և այլ արարքների համար:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ կալանքի համար հիմնավոր ապացույց պետք չէ, կասկածը բավարար է, որ անձն առնչվում է իրեն վերագրվող մեղադրանքին: “Սա նոր սկսվող գործըթնաց է, և սկզբնական փուլում անհրաժեշտ չէ ապացույցների համակցություն, որ մեղքը հիմնավորվի: Հետևաբար, ասել, որ ընդհանրապես ոչինչ չկա, առողջ տրամաբանությունն ասում է, որ այն աստիճան, որը բավարար է մեղադրանքն առաջադրելու համար, պետք է որ եղած լինի: Հակառակ դեպքում տրամաբանությանը դեմ է, թե ինչպես կհամարձակվեն անձին ընդհանրապես կալանավորել առանց որևէ փաստական տվյալի”,- նշեց Ղազարյանը:

Մարտի մեկի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն էլ կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը հավանաբար անկեղծ չէ իր փաստաբանների հետ, փաստաբաններն էլ երևի անկեղծ չեն Ռոբերտ Քոչարյանի հետ: “Երևի իրար ճիշտ չեն ասում փաստերը: Եթե Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ասի, որ իր հրամանով է զորքը տեղաշարժվել, և 0038 հրամանը Միքայել Հարությունյանի ստեղծագործությունը չէ, այլ իր լիազորությունների հետ կապ ունեցող հրաման է, դրա հիմքով է զորքը տեղափոխվել ու մասնակցություն ունեցել ներքաղաքական կյանքին, այլ կլինի իրավիճակը: Իսկ Սահմանադրությունն ուղիղ արգելում է քաղաքականության մեջ զորք օգտագործել: Դրանք փաստող տեսանյութեր կան, մեր փաստերը ծնվել են տեսանյութերից: Բառախաղով փորձում են Քոչարյան պաշտպանել, թող պաշտպանեն”,- ասաց Սաֆարյանը:

Be the first to comment on "«Ռոբերտ Քոչարյանն անկեղծ չէ իր փաստաբանների հետ, փաստաբաններն էլ՝ նրա հետ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ