Քոչարյանի «ռեվերանսը» Նիկոլ Փաշինյանին. Ով է Բերիան, որին պատժելու են

Lragir.am-ը գրում է.

Դա ամենևին ոչ բռնի, թավշյա, խաղաղ մեթոդներով հեղափոխություն չէր, այլ զանգվածային անկարգություններ, որոնք բերեցին տասը զոհի, հուլիսի 28-ին հայտարարել է երկրորդ նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը,

խոսելով իր ղեկավարի դեմ քրեական գործի, մեղադրանքի ու նրա կալանավորման մասին: Հայտնի է, որ Քոչարյանն ու թիմը դա համարում են ապօրինություն, շինծու գործ եւ քաղաքական հետապնդում:

Սա Հայաստանի հանրապետությունն է եւ այստեղ չի լինելու իրավական ամենաթողություն, հայտարարել է Սողոմոնյանը, ասելով, թե փնտրելու են ով է Բերիան, անպայման գտնելու են, ու նա պատժվելու է:

Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ նշմարվում են հետաքրքիր ակնարկներ եւ որոշակի ռեվերանս Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, ասել է թե Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Կա՞ դրա նպատակը, թե ոչ, իհարկե դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, երբ Վիկտոր Սողոմոնյանը խոսում է, թե Մարտի 1-ին թավշյա մեթոդներ չէին, կարծես թե դրանով որոշակիորեն դրական ֆոնի տակ է ներկայացնում թավշյա հեղափոխությունը:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի համար Նիկոլ Փաշինյանին մեղադրելու փոխարեն, ինչի նկատելի փորձ արեց հուլիսի 26-ի երեկոյան բացառիկ հարցազրույցում, ներկայում ընտրել է նրա հետ «պայմանավորվելու» մարտավարություն, իսկ մեղադրանքի սլաքն ուղղում է այլ կողմ:

Հետաքրքիր է, որ փնտրում են ոչ թե «Ստալինին», այլ «Բերիային», այսինքն ոչ «առաջինին»:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե պաշտպանվելու է մինչեւ վերջ եւ պատրաստ է բանտ նստել, սակայն չի դադարեցնի պայքարը:

Միաժամանակ նա բավական հստակ նշեց, որ Մարտի 1-ի իրադարձությունները մի ամբողջ շղթա են բազմաթիվ դերակատարներով եւ հարցադրում արեց, թե ինչու միանգամից ինքը կամ միայն ինքը:

Քոչարյանը թափանցիկ ակնարկներ արեց Սերժ Սարգսյանի հասցեին: Եվ այդ համատեքստում էլ է հետաքրքիր համեմատությունը թավշյա հեղափոխության հետ, որը կարծես թե պարունակում է նաեւ համեմատություն իր ու Սերժ Սարգսյանի գործողությունների հետ:

Քոչարյանը գուցե ակնարկում է, որ Փաշինյանը պատրաստ էր բանակցել, պայմանավորվել Սարգսյանի հետ նրա հեռացման պայմանների շուրջ՝ ինչպես հայտարարում էր, իսկ Մարտի 1-ին ոչ մեկը պատրաստ չէր իր հետ բանակցել:

Արդյոք Քոչարյանն ակնարկում է, որ զգում էր վտանգ, որ պարզապես Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էին պայմանավորվել իրեն զոհաբերելու հարցում:

Ի վերջո, Մարտի 1-ից հետո այդպիսի պայմանավորվածության գործընթաց եղավ, հայտնի երկխոսության տեսքով, երբ Մարտի 1-ի գործով ստեղծվեց փաստահավաք խումբը, որը բավական լուրջ հանգամանքներ բացահայտեց այդ իրադարձությունների վերաբերյալ:

Պայմանավորվածություն չեղավ, Սերժ Սարգսյանը «գցեց», բայց դա իհարկե այլ հարց է, թեև հետո արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանն անուղղակի փորձում էր պայմանավորվել կամ պայմանավորվել էր Քոչարյանի հետ, գործակցելով նրան հավատարիմ մնացած զինակցի՝ Վարդան Օսկանյանի հետ, ոչիշխանական բեւեռի ֆորմատով:

Մարտի 1-ը հանցագործություն էր, սակայն ոչ միայն:

Մարտի 1-ը խոշոր հաշվով գծեց նաեւ հետագա տասնամյակի քաղաքական պատկերը, հարաբերությունների կառուցվածքը, վերադասավորումները, ըստ էության դառնալով այդ տասնամյակի «ղեկը» կամ կառավարման յուրօրինակ վահանակ:

Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը նշանակալի է երկու առումով: Մեկն այն, որ պետք է պատասխան տան հանցագործության բոլոր մեղավորները, մասնավորապես տասը սպանության համար, եւ մյուսն այն,

որ այդ գործը պարունակում է Հայաստանում ձեւավորված եւ քառորդ դարից ավելի իշխած համակարգի իրապես ապամոնտաժման, ոչ միայն կառուցվածքային, այլեւ բարոյահոգեբանական, բովանդակային, արժեքային առումով ապամոնտաժման ահռելի ներուժ:

Ռոբերտ Քոչարյանը այդ գործում բանալին է, որով կբացվի համակարգն ամբողջությամբ: Համենայն դեպս, պետք է բացվի, իր բոլոր բաց եւ քողարկված կողմերով, հարաբերություններով, բնույթով:

Պետք է բացվի, որովհետեւ նախ հենց միայն այդպես է հնարավոր հասնել Մարտի 1-ի իրական, ամբողջական, անաչառ բացահայտման, եւ մյուս կողմից միայն այդպես է հնարավոր համակարգը զրկել որեւէ ձեւով վերստեղծվելու եւ իր դիրքերը վերականգնելու հնարավորությունից:

Խոսքը ռեւանշիզմի մասին չէ, դրա հնարավորությունը չկա, սակայն կա հնարավորություն կամ վտանգ, որ հեռացած կամ հեռացող համակարգը կարող է վերադառնալ այսպես ասած ռեինկարնացիոն տրամաբանությամբ, «հոգով վերաբնակվելով» այլ արդիական ֆորմատների կամ կառուցվածքների մեջ:

Այդ իմաստով շատ կարեւոր է, որ Քոչարյանը պաշտպանվի մինչեւ վերջ: Թող պաշտպանվի, թող անուններ տա, թող փորձի բացել տեղի ունեցածը սկզբից մինչեւ վերջ:

Իսկ խնդիրն այն է, որ Մարտի 1-ը կոնկրետ իշխանության եւ կոնկրետ քաղաքական ուժի հարաբերության հարց չի եղել, այլ համակարգի եւ հասարակության,

իսկ այդ համակարգը ամենեւին փետրվարի 29-ին կամ ընդհանրապես 2008 թվականին չէ, որ ստեղծվել է ու սկսել մտածել վերարտադրվելու մասին:

Այդ համակարգը գործել է 1995-96 թվականների ընտրական փուլից սկսած, ու Մարտի 1-ը եղել է ընդամենը դրա «գագաթնակետը»:

Հենց այդ պատճառով է, որ կարեւոր է թե կոնկրետ հանցագործությունների բացահայտումը՝ կապված հենց փետրվար-մարտի այդ օրերի հետ, թե ընդհանրապես համակարգային հանցագործությունը հայ ժողովրդի եւ հայկական պետականության դեմ, որ գործվել է առնվազն առաջին կեղծված ընտրություններից սկսած:

Be the first to comment on "Քոչարյանի «ռեվերանսը» Նիկոլ Փաշինյանին. Ով է Բերիան, որին պատժելու են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ