Հայաստանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո․ երևացող և թաքնված ռիսկեր

«Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի անկախ քննություն»,– այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», – ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական և ապօրինի սպանություններ»:

«Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված»,– ասվում էր ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցում, որը հետևել էր 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգությանը:

ԱՄՆ-ը կառավարությունն անցած տաս տարիների ընթացքում հետևողականորեն պահանջել է Մարտի 1-ի ամբողջական բացահայտում ու թերևս օրինաչափ է, որ Վաշինգտոնն առաջիններից մեկն է արձագանքում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին։

Առայժմ Երևանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններին որևէ կերպ չի արձագանքել Մոսկվան՝ թեև դրանց կենտրոնում է հայտնվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Բացի այդ, անցած տարիներին հետևողականորեն խոսվել է Մարտի 1-ի, այսպես կոչված, ռուսական հետքի մասին։ Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը արյունոտ հաշվեհարդարի գործողություններն ընթացքի մեջ դրեց Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո ու գրեթե անկասկած է, որ նա իր մտադրությունների մասին մանրամասն խոսել էր Վլադիմիր Պուտինի հետ՝ ստանալով վերջինիս աջակցությունը։ Այս համատեքստում բնավ պատահական չէ, որ նախագահ ընտրվելուց հետո Մոսկվա այցելած Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին շնորհակալություն էր հայտնում նախագահական ընտրությունների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։
REGNUM լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

Մոդեստ Կոլերովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրել է՝ այս ամենը Մոսկվային չի հետաքրքրում՝ Հայաստանի ներքին հարցերն են։ Մեր զրուցակիցն ասել է. «Ի՞նչ է, Քոչարյանը հիմա գործո՞ղ նախագահ է»։ Մեր այն դիտարկմանը, թե նա ամուր կապեր ունի Մոսկվայում, Կոլերովն արձագանքեց. «Ի՞նչ կապեր։ Նա իր նախագահության ժամանակ Պուտինի հետ ուներ նախագահների հարաբերություն։ Եթե դուք ունեք ինֆորմացիա, որ նրանք ընկերներ են, ապա պետք է այդ մասին պատմեք, ես այդպիսի տեղեկություն չունեմ»։

Ի՞նչ է, Քոչարյանը հիմա գործո՞ղ նախագահ է․ հենց այս նախադասությամբ է Կոլերովը բացատրում Մոսկվայի անտարբերությունը։ Կոլերովի ասածների մեջ ճշմարտության հատիկ կա, որովհետև հետխորհրդային երկրներում Մոսկվան միշտ գերադասել է աշխատել գործող իշխանությունների հետ՝ անտեսելով հասարակությունների կարծիքը, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ։ Դա, իհարկե, այդպես է, ինչը մի քանի դեպքերում Ռուսաստանի իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել՝ ինչպես դա եղավ վրացական և ուկարինական հեղափոխություններից հետո։

Հայկական հեղափոխության հարցում Մոսկվայի վարքագիծն ավելի բալանսավորված էր, ինչը, սակայն, ոչ թե նոր քաղաքականության կամ մարտավարության, այլ՝ անորոշության, հստակ անելիքի բացակայության հետևանք էր։

Մոսկկվան թերևս սահմանափակվի ֆորմալ ձևակերպումներով, եթե, այնուամենայնիվ, որոշի ինչ-որ կերպ արձագանքել Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը կամ Յուրի Խաչատուրովի դեմ սկսված քրեական հետապնդմանը։ Այնաուամենայնիվ, դրանով, այսպես կոչված, ռուսական ռիսկերը չեն չեզոքանում, որովհետև նույն Կոլերովը խոսում է վարքագծի մասին, որը բնորոշ է, այսպես կոչված, ստանդարտ իրավիճակներին։

Հայաստանյան այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ հեղափոխությունից հետո Երևանը հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն փորձում է դուրս բերել ստվերից, ազատել կոռուպցիոն, օլիգարխիկ դրսևորումներից, սակայն նույնքան ակնհայտ է, որ Մոսկվան չի կարողանում ադապտացվել նոր իրավիաճակին՝ հընթացս Հայաստանում կորցնելով իր ազդեցության հիմնական սեգմենտին՝ քրեաօլիգարխիային, որն էր ռոսական վասալության հիմնական ինստիտուցիոնալ հենքն էր։

Մոսկվան Հայաստանում, ըստ էության, կորցրել է հենման կետը՝ նոր իշխանության մեջ այդպես էլ չգտնելով նոր գործընկերոջ։ Ի՞նչ է անելու Ռուսաստանը․ սա թերևս այնքան էլ հռետորական հարցադրում չէ, որովհետև Պուտինի շրջապատն նոր իրավիճակում Հայաստանի մասով առայժմ չունի հստակ քաղաքականություն։

Բանակնությունն, անշուշտ, հուշում է, որ Ռուսաստանն արմատապես պետք է վերանայի հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը՝ փորձելով ակտիվ երկխոսություն վարել Հայաստանի նոր կառավարության հետ և գտնել երկկողմ հարաբերությունների ռացիոնալ օրակարգ։

Սակայն հայտնի է, որ կայսրությունները հաճախ չէ, որ առաջնորդվում են բանական հաշվարկաներով, մանավանդ, որ Մոսկավան ունի Հայաստանի վրա ներազդելու կոնկրետ գործիքներ։ Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե Հայաստանում կարող է տեղի ունենալ նոր «Հոկտեմբերի 27»․ ճիշտ է՝ Սկրիպալների գործը ցույց տվեց, որ Ռուսաստանի ձեռքերը հասնում են նույնիսկ Մեծ Բրիտանիա, այնուամենայնիվ՝ Հայաստանի իշխանության բաց քաղաքականությունն էապես սահմանափակել է Մոսկվայի մանևրելու հնարավորությունը։

Մոսկվան Հայաստանի քաղաքականությունը «խմբագրելու» համար կարող է դիմել էներգետիկ կոշտ քաղաքականության, օրինակ՝ բարձրացնել գազի սակագինն, ինչի մասին արդեն մի քանի օր է՝ ահազանգում են հայսատնայան մի քանի թերթեր։ Սակայն նույնիսկ այդ հեռանկարը մշուշոտ է թվում, որովհետև գազի գնի թանկացումն այս պահին զուտ տնտեսագիտորեն մոտիվացված չէ։

Շատերը խոսում են նոր պատերազմի վերսկսման ռիկերի մեծացման մասին՝ համարելով, որ Բաքվի ռազմատենչությունը նոր իրավիճակում կարող է արժանանալ Մոսկվայի լռելայն աջակցությանը։ Նման ռիկսկեր թերևս հաշվարկել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ասուլիսում, ապա մի քանի հարցազրույցներում պատերազմի վերսկման քաղաքական պատսախանատվությունն, ըստ էության, թողել է Մոսկվայի վրա՝ վերջինիս զրկելով մանևրելու հնարավորությունից։

Մյուս կողմից՝ մենք թերևս անտեսել ենք այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարման նոր համակարգը բոլոր դեպքերում իշխանությունն ավելի բազմակերնտրոն է դարձրել, ինչը Մոսկվային կարող է թույլ տալ ավելի ակտիվ միջամտություն ունենալ արտահերթ ընտրություններում՝ խորհրդարանական ավելի բարենպաստ համատեքստ ունենալու և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հակակշիռներ ձևավորելու նպատակով։ Այս տրամաբանության մեջ ամենևին պետք չէ բացառել, որ առաջիկայում Հայաստանի քաղաքական թատերաբեմում կարող են հայտնվել նոր խաղացողներ։ Ի դեպ, արդեն այն հանգամանքը, որ կոալիցիոն ՀՅԴ-ն աջակցում է Ռոբերտ Քոչարյանին ու բացահայտ խոսում է քաղաքական հալածանքների մասին՝ հուշում է, որ քաղաքական դաշտում նախապատրաստվում են լուրջ վերադասավորումներ, որոնք շատ հնարավոր է՝ ռուսական տարբեր կենտրոնների ազդեցությունների կամ միջամտությունների հետևանք են։ Ի վերջո, չմոռանանք, որ Հոկտեմբերի 27-ի համակարգաստեղծ ոճրագործության շահառուների թվում է նաև ՀՅԴ-ն, որի սերտաճումը քրեաօլիգարխիկ համակարգին տեղի ունեցավ հենց ռուսական վասալության ռեժիմում։

Քոչարյանի կալանավորումը մի կողմից գրեթե զրոյացրեց հակահեղափոխական ռևանշի հնարավորությունը, մյուս կողմից՝ գեներացրեց քաղաքական նոր բևեռի ձևավորման գործընթացը, որը կարող է տեղի ունենալ հենց Մոսկվայի աջակցությամբ։

Հակակոռուպցիոն քաղաքականության խորացումն օբյեկտիվորեն հարվածում է հասարակության ավելի լայն շերտերի շահերին, որոնք սկսում են ավելի հաճախ բողոքել իշխանության քայլերից, ինչի դրսևորումներն են բողոքի լոկալ գործողությունները։ Մյուս կողմից՝ կառավարությունը չունի բարեփոխումների հստակ տեսլական, ինչը թույլ չի տալիս խոսել հեղափոխության սոցիալական բազայի ընդարձակման հեռանկարի մասին։ Նման իրավիճակից փորձելուեն օգտվել ներքին ու արտաքին այն ուժերը, հատկապես՝ Մոսկվան, որոնք ձգտում են առնվազն խմբագրել հետհեղափոխական Հայաստանի քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է գիտակցի, որ հակակոռուպցիոն քաղքաքականությունն ոչ թե պետական քաղաքականության նպատակ է, այլ՝ ընդամենը ենթահամակարգ, որը պետք է սպասարկի պետական քաղաքականությանը։ Եթե այն բացակայում է, հակակոռուպցիոն պայքարը ժամանակի ընթացքում կորցնում է իր կենսունակությունը։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ հաղթահարել անցումային այս իրավիճակը, երկիրը դուրս բերել ընտրական ցիկլի սպասման անորոշության ռեժիմից և կենտրոնանալ զարգացման ռազմավարական քաղաքականության վրա։

Be the first to comment on "Հայաստանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո․ երևացող և թաքնված ռիսկեր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ