Սովոր էին հային տեսնել խեղճուկրակ. Նրանք պետք է այդ գինը վճարեն

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանի այցը Բրյուսել սվիններով էր ընդունվել ռուսական որոշ լրատվամիջոցների կողմից, որին հաջորդեց Փանիկի միջադեպն ու Փաշինյանի կոշտ արձագանքը, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը։

Դա այդպես էլ պետք է լիներ, որովհետև վերջին 30 տարում ՀՀ երեք նախագահների օրոք Ռուսաստանի հետ մենք ունեցել ենք ենթակայության հարաբերություններ։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո նա ունի լիարժեք լեգիտիմություն ոչ միայն Հայաստանում, այլև համայն հայության շրջանում, այդ թվում Ռուսաստանում։ Սա բոլորովին այլ իրավիճակ է առաջացնում, և Հայաստանի նոր առաջնորդը ռեալիզացնում է Հայաստանի շահը և ելակետն ու վերջակետը Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններն են։ Սրան Ռուսաստանը սովոր չէ, ու այդտեղ մեղք ունեն ՀՀ երեք նախորդ նախագահները։ Նրանք գնացել են մեկ ճանապարհով՝ ճնշել սեփական ժողովրդին սեփական երկրում և ստորադասել Հայաստանի շահերը Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրություններին։ Ռուսաստանն ահռելի քաղաքականությամբ զիջումներ է անում օտար երկրներին՝ Սիրիա, Լիբիա, Կուբա, Վիետնամ, բայց Հայաստանը կողոպտեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ասածս այն է, որ այդ ենթակայական հարաբերությունները Փաշինյանը դուրս է բերում և չի կարող չբերել, որովհետև նա որոշակի ուղերձով է ընտրվել՝ մեր մասնակցությամբ։

Հայկական կողմի համար գլխավոր խնդիրը ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության հաստատումն է որպես հավասար գործընկերոջ, իսկ Ռուսաստանի համար կարևոր են ռուսական աշխարհն ու ԵՏՄ կոչվածը, ինչը իրատեսական չէ։ Այստեղից էլ գալիս է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական ու ռուսական հաղորդագրությունների տարբերությունը։ Շատ լավ է, որ Հայաստանը հայտ է ներկայացրել, ու դա է պատճառը, որ ռուսական լրատվամիջոցները վայրահաչում են։ Այնտեղ ազատ լրատվամիջոցներ գրեթե չկան, դրանք իմպերիայի, պետական կառույցի տեղեկատվական միջոցներ են, որոնք վրա են տալիս նաև հոգեբանորեն, որովհետև իրենք սովոր են հային տեսնել խեղճուկրակ, Ռուսաստանի հույսին ապավինած։ Սակայն երբեք Ռուսաստանը Հայաստան չի փրկել, դավել է Հայաստանին, կերակրել սուտ խոստումներով՝ հարաբերություններ ստեղծելով Ադրբեջանի հետ և Վրաստանին արտոնություններ տալով։ Հիմա ուզեն, թե չուզեն, պետք է ընդունեն մեզ հետ հավասար գործընկերությունը։ Ու թող չերգեն հին երգը՝ 10 միլիոնանոց Ադրբեջանի ու 80 միլիոնանոց Թուրքիայի մասին։ Առանց Հայաստանի տարածքի, առանց Հայաստանի հետ հարաբերությունների՝ Ռուսաստանի մերձավորարևելյան և միջին արևելյան քաղաքականությունը զրո է, այդ թվում՝ Սիրիայում։ Մենք դա լավ հասկանում ենք, ու նրանք պետք է այդ գինը վճարեն, իսկ գինը հավասարը հավասարի հարաբերություններն են, ուրիշ ոչինչ։ Մեր ժողովրդի  գիտակցության մեջ պետք է նստեցնել, որ ռուսները մեր խոշոր եղբայրն են, իսկ մենք իրենց մեծ եղբայրն ենք։ Ռուսաստանը պարտավոր է հարգել իր մեծ եղբոր իրավունքներն ու կհարգի։ Իսկ եթե չի հարգի, այդ ժամանակ կմտածենք ռազմակայանի օրենսդրական հիմքերի մասին։ Թուրքական բոբոն թող անընդհատ չթափահարեն։

Իր վերջին ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմի վերսկսում Արցախում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

Ես միշտ էլ ասել եմ, որ ապրիլյան պատերազմը կազմակերպել է Ռուսաստանը։ Արցախի այս վիճակը, որ չի դիտվում որպես Հայաստան, էլի Ռուսաստանն է արել։ Ժամանակին օտարել է Արցախն ու դրել թուրքական տիրապետության տակ։ Նույնը եղել է Նախիջևանում։ Մենք գնում ենք մեր ազգային շահերի ռեալիզացման ճանապարհով, և կարծում եմ՝ դա ըմբռնում կգտնի Ռուսաստանի կողմից։ Եթե չի գտնի, կմտածենք այլ բաների մասին։ Ռուսաստանը հիմա լուրջ պատժամիջոցների տակ է ու ստիպված է լինելու հաշտվել Հայաստանի իշխանությունների վարած կուրսի հետ։ Փաշինյանը ճիշտ է, քաղաքական կուրսը հստակ է ընտրված։ ՀՀ վարչապետը բերում է նոր քաղաքական մշակույթ՝ բաց խոսել, ազնվորեն խնդիրները դրել։ Իսկ ՀՀ նախկին երեք նախագահները իրենց կրթվածության պակասի պատճառով չեն կարողացել կամ չեն ցանկացել դա անել։ Նրանք շատ հեռու էին ազգային շահերի պաշտպանությունից։ Ընդհանրապես դիվանագիտության մեջ դիմացինին խաբելը սխալ մոտեցում է, դիմացինը հո ապուշ չի՞։ Ավելի լավ է շահերը համաձայնեցնել ու համադրել, ոչ թե փորձել խաբել։ Հիմա համադրման հարցն է գնում, և կարծում եմ՝ Ռուսաստանը չցանկանալով կգնա դրան ընդառաջ, որովհետև բոլոր դեպքերում Պուտինը ռեալիստ է։ Ռուսական աշխարհ չի լինելու, ԵՏՄ չի լինելու, իսկ մենք ռուսական աշխարհի հետ ոչ մի առնչություն չունենք, իսկ ԵՏՄ-ն կառույց է, որի նպատակը միայն ու միայն Ռուսաստանի հետ կանոնավոր հարաբերություններ պահելն է։

Հիմա Ռուսաստանն իսկապես վտա՞նգ է տեսնում հայ-ռուսական հարաբերություններում՝ ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված։

Իր պատկերացմամբ հայերն այնպիսի հարցեր են ներկայացրել, որ ինքը սովոր չէ ու դրա համար վտանգ է տեսնում, բայց վտանգ չկա։ Այլևս երբեք Հայաստանը Ռուսաստանի գրպանում չի լինելու։ Մենք ունենք մեկ ելակետային փաստաթուղթ Ռուսաստանի հետ, այն է՝ 1920 թվականի դեկտեմբերի երկուսի Երևանի պայմանագիրը, որտեղ Ռուսաստանը Նախիջևան և այլ տարածքներով երաշխավորեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը երկու ամիս հետո խաբել գցել է։ Մենք իրար հետ փաստաթղթային ոչ մի հարաբերություն չունենք, բոլորը սովետական փաստաթղթեր են։ Չգիտեմ՝ վարչապետը այս ամենը գիտի, թե ոչ, բայց առողջ դատողությամբ գնում է այդ ուղղությամբ։ Եվ մենք մեր ժողովրդով, աշխարհով մեկ մեր լոբբիստական կազմակերպություններով պետք է պաշտպանենք վաչապետին՝ ճզմելով երկրի ներսում հինգերորդ շարասյունը և օլիգարխիան։ Օլիգարխիան և ռուսական հինգերորդ շարսյունը Հայաստանից պետք է ոչնչանա, որպեսզի մեր հարաբերությունները միջպետական լինեն։

Աղբյուր՝ Lragir.am

Be the first to comment on "Սովոր էին հային տեսնել խեղճուկրակ. Նրանք պետք է այդ գինը վճարեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ