Տարոն Մարգարյանի հայտարարագրված ու թաքցրած ահռելի հարստությունը

Երկու օր առաջ՝ հուլիսի 10-ին, հրաժարականի դիմում ներկայացրած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2017 թվականի հունիսի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք Մարգարյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 առանձնատուն, 1 այգետնակ, 2 ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն եւ 1 արտադրական նշանակության շինություն։

Որպես շարժական գույք Մարգարյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «MERCEDES-BENZ S 450» մակնիշի։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Մարգարյանը ունեցել է 25 հազար դրամի բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո։

2017 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը զբաղեցնելու օրը Տարոն Մարգարյանի եկամուտները կազմել են 5 մլն 36 հազար 840 դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից։

2018 թվականի մարտի 15-ին Մարգարյանը ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ Մարգարյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 25 հազար դրամի բաժնեմաս, որը հարկային տարում օտարվել է 1 մլն 800 հազար դրամով։

Մարգարյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում եւ վերջում անփոփոխ են մնացել՝ 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո։

Տարոն Մարգարյանի տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 921 հազար 769 դրամ, որից 8 մլն 121 հազար 769 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 800 հազար դրամը գոյացել է օտարված գույքից։

Տարոն Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, 2018 թվականի մարտի 15-ին իր ամուսնու տարեկան հայտարարագիրը ներկայացնելուն զուգահեռ ներկայացրել է իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

Գոհար Սարգսյանը, ըստ հայտարարագրի, չունի անշարժ եւ շարժական գույք։ Տարեսկզբում Սարգսյանի դրամական միջոցները կազմել է 50 մլն դրամ, իսկ տարեվերջում այն նույնչափ էլ մնացել է։

Հիշեցնենք, FACT TV-ի ֆեյսբուքյան էջը 2017թ․-ի նոյեմբերի 1-ից մինչ 2018թ․ փետրվարի 21-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել Երեւանի այլեւս քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի, շրջապատի, ինչպես նաեւ ունեցած դղյակների վերաբերյալ: Հետաքննության մեջ ներկայացվում են Տարոն Մարգարյանի գործունեության եւ հարստացման հետ կապված մի շարք մանրամասներ: Իրականում՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը շատ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարագրվածը: Մասնավորապես, Երեւանի նախկին քաղաքապետը չի հայտարարագրել իր թանկարժեք իրերը, բիզնեսները եւ այլն:

Ըստ FACT TV-ի հետաքննության, Տարոն Մարգարյանի՝ միայն Ավան վարչական շրջանում գտնվող դղյակը՝ 1578.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով՝ գնահատվում է մոտ 3 մլն դոլար, ինչը Մարգարյանի 210 տարվա աշխատավարձն է եւ, ըստ երեւույթին, նա պետք է ծնված լիներ 1808 թվականին, որպեսզի իր 210 տարվա աշխատավարձով կարողանար նման դղյակ կառուցել:

Be the first to comment on "Տարոն Մարգարյանի հայտարարագրված ու թաքցրած ահռելի հարստությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ