Գագիկ Ծառուկյանը որոշել է. նա գնում է, բայց ու՞ր

ԲՀԿ խորհրդարանի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն կայացրել է քաղաքական որոշում ու Երեւանի Ավագանու արտահերթ ընտրության պարագայում կմասնակցի այդ ընտրությանը:

Երեւանի Ավագանու արտահերթ ընտրություն կլինի այն դեպքում, երբ հուլիսի 16-ին Երեւանի գործող Ավագանին չկարողանա ընտրել քաղաքապետ: Ավագանում մեծամասնություն է ՀՀԿ-ն՝ բացարձակ մեծամասնություն: ՀՀԿ-ն իհարկե պայմանական է, քանի որ Սերժ Սարգսյանի ու Տարոն Մարգարյանի բացակայության պայմաններում ՀՀԿ խմբակցություն ասվածն Ավագանում դառնում է հարաբերական, առավել եւս, որ հարաբերական էր նույնիսկ մինչ թավշյա հեղափոխությունը:

Այստեղ հարցն այն է, թե արդյոք նոր իշխանությունը Երեւանի Ավագանում էլ կստեղծի վիճակ, երբ ՀՀԿ խմբակցությունը կքվեարկի այնպես, որ քաղաքապետ ընտրվի «ժողովրդի թեկնածուն»:

Այդ հարցում, ինչպես նաեւ «ժողովրդի թեկնածուի» հարցում իրավիճակը մեղմ ասած պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե արդյոք ընդհանրապես պետք է բացառել, որ կլինի ՀՀԿ խմբակցության որեւէ թեկնածու: Մամուլում շաբաթներ առաջ նշվել է Հովիկ Մուսայելյանի անունը, ով Սինոփսիս ընկերության ղեկավարն է: Ընկերություն, ուր ի դեպ օրեր առաջ այցելել էր Նիկոլ Փաշինյանը՝ մինչեւ Տարոն Մարգարյանի հրաժարականը, ու հանդիպել աշխատակիցների հետ:

Դա իհարկե հնարավոր չէ միարժեք կապել մամուլում տեղ գտած հրապարակումների հետ, բայց իրավիճակն իսկապես հետաքրքիր է: Եթե լինի Երեւանի Ավագանու արտահերթ ընտրություն, ապա դա կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկած թիմը պետք է մտնի առնվազն կիսապետական մասշտաբի նախընտրական պայքարի մեջ: Պատրա՞ստ է դրան այդ թիմը, պատրաստ է ԵԼՔ դաշինքո՞վ, թե՞ առանձին մասնակցության: Թե Նիկոլ Փաշինյանը կգերադասի քաղաքական պայմանավորվածության գալ Ավագանու մեծամասնության հետ, որը ցուցանակով ՀՀԿ-ական է, սակայն այդպիսին չէ վաղուց եւ խորքային առումով չի եղել երբեք: Ի վերջո, Փաշինյանը գուցե վաղ համարի իր թիմով նախընտրական պայքարի մեջ մտնելը, քանի որ թիմը որպես այդպիսին դեռեւս ամբողջապես ձեւավորված չէ, բացի դրանից էլ առաջիկա տարում գլխավոր խնդիրը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությանը պատրաստվելը:

Եթե Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմը չվերցնի բացարձակ մեծամասնություն, ապա դա շոշափելի հարված կլինի նրա համար՝ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Միեւնույն ժամանակ բացառել պետք չէ, որ այդ թիմը Երեւանի արտահերթ ընտրությունը կարող է դիտարկել խորհրդարանի ընտրության նախավարժանքի հնարավորություն, բոլոր առումներով՝ թե մասնակցության, թե կազմակերպման, որպեսզի, անգամ համեմատական անհաջողության դեպքում լինի խորհրդարանի համար դաս քաղելու, սխալները տեսնելու եւ ուղղելու հնարավորություն ու ժամանակ:

Բարգավաճ Հայաստանի համար Երեւանի արտահերթ ընտրությունը շանս է՝ թավշյա հեղափոխության ստվերից զգալիորեն դուրս գալու շանս: Երեւանը Հայաստանի կեսն է, եւ այդ կեսում հաղթելը բառի բուն ու պատկերավոր իմաստով կարող է դառնալ համապետական ընտրությանը հաղթանակի կեսը: ԲՀԿ-ն բաց չի թողնի իր շանսը, թեեւ մյուս կողմից այստեղ կարող է լինել նաեւ ծուղակ:

Բանն այն է, որ մրցակիցը ՀՀԿ-ն չի լինելու, հետեւաբար բավական դժվար է լինելու ավանդական հռետորաբանությամբ ընտրազանգվածի ձայն հավաքելը: Ամենայն հավանականությամբ չափազանց նեղ է լինելու ընտրակաշառքի դաշտը: Միաժամանակ բարդ կլինի ընդդիմադիր կոշտ հռետորաբանություն խաղացնել նոր իշխանության թիմի դեմ՝ նախ ժամանակն է քիչ, իսկ բացի այդ էլ բավական պատասխանատու է բացահայտորեն դուրս գալ հեղափոխության թիմի դեմ:

Սակայն ԲՀԿ-ն էլ ունի ինքն իրեն ստուգելու անհրաժեշտություն, թե ինչի է ընդունակ նոր իրավիճակում, պայմանականորեն մի իրադրությունում, երբ կալանավորվում է Գագիկ Ծառուկյանի մերձավոր թիկնապահը:

Ծառուկյանն ընդհանրապես կանգնած է լրջագույն որոշման շեմին՝ մնալ նոր իրավիճակում քաղաքականության մե՞ջ, թե գնալ: Որովհետեւ նախորդ տասնամյակի դերն ու խնդիրներն այլեւս չկան, միաժամանակ չի նշմարվում նաեւ նորի անհրաժեշտություն, թեեւ ԲՀԿ որոշ նախկին «ապոլոգետներ» վերսկսել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքագիտական մանիպուլյացիաները, որոնք Ծառուկյանին մի անգամ հասցրել են 2015-ի փետրվար, ու պարզ չէ, թե ուր կհասցնեն այս անգամ:

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը Երեւանի արտահերթ ընտրության գնալու մասին, անկասկած առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի որոշումն է: Ծառուկյանը որոշել է գնալ, միայն պարզ չէ՝ ԲՀԿ հետ Երեւանի ընտրությա՞ն, թե՞ ինքը կգնա քաղաքականությունից, իսկ ԲՀԿ-ն՝ ընտրության, տեսնելու, թե ինչի է ունակ այդ դասավորության պարագայում:

Be the first to comment on "Գագիկ Ծառուկյանը որոշել է. նա գնում է, բայց ու՞ր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ