Մայր աթոռի նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ավելի զգայուն լինեն. Գևորգ սրբազան

Մայր աթոռը հատուկ պահպանության տարածքների ցանկում չի: Այս մասին մտահոգություն ունի Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և կարծում է, թե դա է պատճառը, որ վերջերս, երբ մի խումբ անձինք ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն և հայտարարեցին այնտեղ մնալու մասին, ոստիկանությունը անհապաղ չարձագանքեց:

«Ոչ միայն մենք, այլև ոստիկաններն էին շոկի մեջ. չգիտեին` ինչ անեն: Իսկ այդ մարդիկ միշտ ասում էին, որ իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում: Բայց այստեղ հակասություն կա երկրի սահմանադրության և եկեղեցու սահմանադրական իրավունքի միջև: Այս հակասությունը ապակողմնորոշեց նաև իրավապահ մարմիններին: Բայց իրավապահ մարմինները պետք է Մայր Աթոռի նկատմամբ ավելի զգայուն լինեն ու արագ արձագանքեն»,- մտահոգված է սրբազան հայրը:

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տեր Համբարձում Դանիելյանը վերջին շրջանում եկեղեցու շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառն այն են համարում, որ մի խումբ անձինք, ովքեր ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն և պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, առաջնորդվում են այլ քաղաքականությամբ և չեն գիտակցում, որ եկեղեցին ղեկավարվում է իր սահմանադրությամբ և եկեղեցում ինչ-որ մի բան փոխելու համար հատուկ ճանապարհային քարտեզ կա, որով պիտի անցնի ցանկացած հարց:

«Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովի կողմից: Այս ժողովը ներկայացնում է համայն հայության ձայնը: Կաթողիկոսին ընտրած այն նույն ժողովն է իրավասու վավերացնելու նրա հրաժարականը: Անգամ եպիսկոպոսաց ժողովը իրավունք չունի պահանջելու կաթողիկոսի հրաժարականը»,- նշեց սրբազանը:

Մեկ այլ հոգևորականի՝ Տեր Համբարձում Դանիելյանի կարծիքով, չի կարելի աշխարհիկ մոտեցումներով վերաբերվել այնպիսի կառույցների, ինչպիսին եկեղեցին է: Նման պահելաձևը եկեղեցու բարեկարգման հարցում երբևիցե դրական արդյունքի չի հանգեցնի: Այս հարցում եկեղեցին վնաս կկրի, որովհետև երկար և նախանձախնդիր աշխատանքի շնորհիվ է, որ հոգևորականները կարողացել են հոգևոր սերմեր դնել հավատացյալների կյանքում:

Be the first to comment on "Մայր աթոռի նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ավելի զգայուն լինեն. Գևորգ սրբազան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ