Մանրամասներ Սաշիկ Սարգսյանի որդու մասնակցությամբ 2007 թվականին տեղի ունեցած դեպքից

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ 2007 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած դեպքից և տեսանյութ հրապարակել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։

Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երևանի բնակիչ Արթուր Ղևոնդյանը՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Ղևոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ ինքը վերջինիս ձեռքից փորձել է վերցնել հրազենը, կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ երիտասարդը վիրավորվել է։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետևանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացավ։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։

Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել նաև, որ 2007 թվականի ապրիլի 1-ին ատրճանակով ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած և դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած Արթուր Ղևոնդյանը բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 35-ամյա Ղևոնդյանը հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։ Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Be the first to comment on "Մանրամասներ Սաշիկ Սարգսյանի որդու մասնակցությամբ 2007 թվականին տեղի ունեցած դեպքից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ