Քոչարյանին կարելի է դատել հայրենիքի դավաճանության համար. քննարկում «Առաջինում»

Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ուշագրավ է, որ Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու պատրաստակամություն է հայտնել միայն հուլիսի վերջին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահը։ Յուրի Խաչատուրովի անունն, առայժմ մամուլի հրապարակումների մակարդակում, ակտիվորեն շրջանառվում է բանակային կոռուպցիային առնչվող մի շարք դրվագներում:

Պետական վերահսկողության ծառայությունը շուտով ստուգումներ է սկսելու ՊՆ-ում և կասկածից վեր է, որ դրանից հետո իրավապահները բազմաթիվ հարցեր են ունենալու Յուրի Խաչատուրովին, որը գլխավոր շտաբի պետի պաշտոնում դարձել էր բանակային կոռուպցիայի խորհրդանիշը: Այստեղ էլ հանգում ենք ամենանուրբ հարցին, որն առնչվում է Խաչատուրովի այսօրվա կարգավիճակին: Այս գեներալը ոչ միայն Հայաստանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում, այլ նաև մեր երկրի քվոտայով զբաղեցնում է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Որքանով է Հայաստանի համար պատվաբեր, որ միջազգային կառույցում նրան ներկայացնում է քրեական հետագիծ ունեցող գեներալ: Մյուս կողմից բավականին տրամաբանական հարց է առաջանում՝ Խաչատուրովի այսօրվա կարգավիճակը և մոսկովյան կապերը կարող են խոչընդոտել Մարտի 1-ի և մյուս հնարավոր գործերի քննությանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Գառնիկ Գևորգյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

«Բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը չի կարող խոչընդոտել Մարտի 1-ի գործի քննությունը, որովհետև այդ մարդիկ դեռևս պաշտոններ են զբաղեցնում իներցիայի ուժով: Մեծ հաշվով՝ Յուրի Խաչատուրովը չի ներկայացնում նոր Հայաստանի նոր իշխանությանը այդ կառույցում: Չգիտեմ՝ ինչու իշխանությունը չի անդրադառնում այդ կարևորագույն պաշտոններում տեղ զբաղեցնողների փոփոխությանը:
Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. Ռուսաստանը կարծում եմ, մեղմ ասած, շահագրգռված չէ մարտի 1-ի բացահայտմամբ, քանի որ եղել է այն ուժի հովանավորը, որն իշխանության է եկել Մարտի 1-ով: Բացի դրանից՝ եթե Մարտի 1-ի գործում ներգրավվի Ռ. Քոչարյանը՝ ոչ թե վկայի, այլ մեղադրյալի կարգավիճակում, ապա պետք չէ բացառել, որ նա ստիպված կլինի ցուցմունքներ տալ ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև Հոկտեմբերի 27-ի գոծով, իսկ Ռուսաստանը շահագրգիռ չէ բացահայտման հարցում: Այդ իմաստով՝ Ռուսաստանը կփորձի Խաչատուրովին պաշտպանել, թե որքանով կհաջողվի, արդեն կախված է Հայաստանի իշխանություններից և Ռ. Քոչարյանի ցուցմունքներից»,- նշեց Գ. Գևորգյանը:

Ա. Խաչատրյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ բացահայտումները փակ շղթայով չգնան և հաշվարկված մարդիկ չընկնեն այդ բացահայտումների մեջ. «Այսինքն՝ չստացվի, որ մեկը մյուսի վրա ցուցմունք տալով՝ կարողանա սպրդել և իր պատիժը չկրել»:

«Մարտի 1-ի գործի բացահայտումը պետք է լինի պատմական դաս. դրանով պետք է վերջ դրվի նրան, որ որևէ մեկի մտքով անցնի սահմանադրական կարգը տապալելով՝ գալ իշխանության»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում` https://www.1in.am/2388914.html

Be the first to comment on "Քոչարյանին կարելի է դատել հայրենիքի դավաճանության համար. քննարկում «Առաջինում»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ