Կախարդական փայտիկն աշխատում է. Փաշինյանի թիմը նոկաուտի է ենթարկում

Իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով 2 մասում, հուլիսի 14-ի դրությամբ հաշվարկվել եւ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը 42 մլն դոլարի մասին:

«Մեր կառավարության ձեւավորումից ի վեր Հայաստանում շատ ակտիվ ընթանում է կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ եւ ստվերային տնտեսության դեմ պայքար: Սա շատ կարեւոր ցուցանիշ է եւ կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Երկու ամիս, որից կես ամիսն առնվազն ծախսվել է զուտ կազմակերպչական աշխատանքների վրա: Այսինքն սա 1,5 ամսվա ցուցանիշ է:

Մամուլում հրապարակումներ կան, որ բյուջեում այս պահի դրությամբ այս վերադարձված թիվը չի արտահայտվում: Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պարզաբանել, թե ինչու ավելի քան 20 մլրդ դրամից միայն 800 մլն դրամն է ներառված բյուջեում:

Դավիթ Անանյանն էլ ասաց. «Այս ամենը ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի եւ ոստիկանության համատեղ ջանքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում է: Բնականաբար, մենք համագործակցել ենք Քննչական կոմիտեի, դատախազության հետ: Սա հավաքական աշխատանքի արդյունք է:

Ըստ էության 20,622 մլրդ դրամը օր օրի փոփոխվում է, բարձրանալու միտում ունի: Այն 73 ընկերությունների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն-ը մուտքագրվել է բյուջե, մոտ 12,7 մլրդ դրամը առաջադրվել է գանձման, իսկ 7 մլրդ դրամի կարգի թիվ նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների արդյունքում դրանք մեծանալու միտում ունեն:

Օրինակ եթե «Նորֆոլկի» թեմայով ասում ենք, որ վերականգնվել է 2,5 մլրդ դրամ, մենք նկատի ունենք, որ «Նորֆոլկի» հաշվին մուտքագրվել է այդ գումարը, որը վերահսկվում է ԱԱԾ-ի եւ ՊԵԿ-ի կողմից: Լուծարային ստուգման ակտը գրելուն պես ակտի հիման վրա գումարները կփոխանցվեն բյուջե: Երբ ասում ենք ունենք վերականգնում, դա դեռ չի նշանակում անմիջական մուտք պետական բյուջե: Մենք տվյալները կհրապարակենք մինչեւ հուլիսի 17-ը»,-տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:

Փաշինյանն էլ իր հերթին հավելեց. «Եթե արձանագրվել է չվճարված հարկը, այդ ընկերության ներկայացուցիչները այդ գումարը մուտք են արել իրենց իսկ ընկերության հաշիվ, որը կալանքի տակ է, այսինքն գտնվում է ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Ստուգումներից հետո այդ գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե:

Ես ուզում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանգստացնել, որ այդ ավելի քան 20 մլրդ դրամը ոչ մի տեղ չի կարող կորել, դրանք ամբողջը դե ֆակտո վերականգնված գումարներ են եւ ընթացակարգերի խնդիր է»:

Նա նաեւ նկատեց, որ սա վերաբերում է միայն հարկային պարտավորությունների մասով վերականգնված վնասին. «Սա չի վերաբերում յուրացումների, ապօրինի հարստացումների, այլ կոռուպցիոն երեւույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Այս պրոցեսը շարունակվելու է, պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք: Մինչեւ վերջ ենք վերականգնելու եւ աննահանջ: Ուրախ եմ, որ մեր իրավապահ մարմինների Փոխգործակցության մակարդակը բարձրանում է: Սրա հետ էր կապված, որ հայտարարում էինք, որ 10 մլրդ դրամ սուբվենցիաների ձեւով կհատկացնենք մարզերին, որ մարզերի բնակիչներն զգան փոփոխությունները: Մթնոլորտի փոփոխությունը մարդիկ տեսնում են, կոռուպցիայի դեմ պայքարը տեսնում են, հիմա դրա արդյունքները պետք է տեսնեն նաեւ համայնքներում:

Մենք հույս ունենք, որ պետությանը հասցված վնասների վերականգնման պրոցեսը կշարունակվի եւ մենք կունենանք ավելի լավ արդյունքներ»:

Be the first to comment on "Կախարդական փայտիկն աշխատում է. Փաշինյանի թիմը նոկաուտի է ենթարկում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ