Վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ԱՅ ՔԵԶ ԲԱՆ…….

Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոռուպցիայի, չարաշահումների, ստվերի  դեմ պայքարին և այդ շրջանակում պետական բյուջե վերադարձվող գումարներին։ «Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների հարուցած քրեական գործերի շրջանակում հարկային պարտավորությունների մասով հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի»,-ասաց նա և շեշտեց, որ դա իրականում մեկ ու կես ամսվա աշխատանքի արդյունք է։

Նա նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խնդրեց ներկայացնել, թե ինչու վերադարձված թիվը չի արտահայտվում բյուջեում, և  բյուջեում ունենք փաստացի վերականգնված 800 միլիոն դրամ:

ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ բացահայտումներն իրականացվել են Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումների իրականացրած աշխատանքի արդյունքում, ուստի այն պետք է դիտարկել որպես հավաքական աշխատանքի արդյունք։ «20 միլիարդ 622 միլիոնն օր օրի փոփոխվող թիվ է, այն բարձրանալու միտում ունի։ Այս պահի դրությամբ 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է, օրինակ՝ «Նոր Ֆոլկի» թեմայով, որ ասում ենք, վերականգնվել է 2,5 միլիոն դրամ, նկատի ունենք այն, որ իրենց հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումարը, որը վերահսկվում է ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի կողմից, և լուծարային ակտը գրելուն պես հաշվարկային հաշվից գումարները կփոխանցվեն պետական բյուջե»,-ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը կոչ արեց մի քիչ վերապահումով խոսել պետական բյուջե վերականգնված գումարների մասին, որովհետև, երբ ասում են վերականգնվել է, դա չի նշանակում, որ գումարն անմիջապես փոխանցվել է բյուջե։

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ արձանագրվել է չվճարված հարկը, տվյալ ընկերությունն այն մուտք է արել իր իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է և չի կարող որևէ տեղ կորել։ «Հիմա ստուգումների արդյունքում, երբ ակտը կվերջնականանա, գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե:

Կարող ենք հանգստացնել լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին՝ ավելի քան 20 միլիարդ դրամը որևէ տեղ չի կարող կորել, ամբողջը փաստացի վերականգնված գումարներ են, և դե յուրե ընթացակարգերի խնդիր է ընդամենը։ Սա վերաբերում է միայն հարկային պարտավորություններին և չի վերաբերում ապօրինի հարստացման հետ կապված գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն գործարքներին»,-ասաց նա։

Վարչապետն ավելացրեց, որ լրջագույն գումարներ են վերադարձվելու բյուջե, պետությանը հասցված վնասները վերականգնվելու են, որպեսզի յուրաքանչյուր համայնքի բնակչի համար հենց իր համայնքում տեսանելի լինի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը։

Be the first to comment on "Վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ԱՅ ՔԵԶ ԲԱՆ……."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ