Հեղափոխությունից՝ իշխանություն անցնելու ժամանակը

Հեղափոխությունը զգացմունքների հաղթանական է։ Հեղափոխության հաղթանակը էմոցիայի հաղթնական է, երբեմն՝ բանականության նկատմամբ։ Հեղափոխությունները հաշվարկվում են մտքով, հաղթվում են՝ էմոցիաներով։ Հեղափոխության առաջնորդը կառավարում է հազարավորների, հարյուր հազարավորների ոչ թե մտքերը, այլ հույզերը, հոգին ու ոգին, երազանքներն ու պատրանքները։ Հեղափոխությունն այդ առումով ունի իռացիոնալության բաղադրիչ, ինչն իհարկե, ամենևին չի նսեմացնում դրա պատմական, հանրային ու քաղաքական նշանակությունը։ Ասվածը՝ որոշակի առանձնահատկություններով, տեղին է նաև հայակական թավշյա հեղափոխության պարագայում։

Մարդիկ հոգնել էին, անկարելիության աստիճանի հոգնել էին նվաստացումից, նսեմացումից, անարժեքությունից։ Մարդիկ հոգնել էին անազատությունից ու թալանից, եզակիների արտոնյալությունից ու բոլորի հավասարությունից։ Մարդիկ հասցվել էին այն եզրային վիճակին, որում գործողությունները մի օր առաջնորվելու էին ոչ թե բանականությամբ ու մտքով, այլ հոգու ճիչով ու ոգեղենությամբ։ Նիկոլ Փաշինյանը՝ կատարելով իր կյանքի թերևս ամենաճշտգրիտ հաշվարկը, հաշվարկեց այդ կետի՝ մարդկանց հոգիներում հանդուժողականության սպառվելու ճիշտ ժամանակը և կատարեց հարյուր հազարավորների երազանքը՝ երկիրն ազատագրեց ստրկացնողներից ու նվաստացնողներից, թալանչիներից ու սպանողներից, օրինախախտներից ու հարստահարողներից։ Հեղափոխությունն առաջին հերթին տեղի ունեցավ մարդակնց հոգիներում ու սրտերում, ապա միայն փողոցում։ Ո՞րն էր պահը, երբ հասարակությունը հավաքականորեն և յուրքանչյուրը՝ անհատապես զգաց, որ արդեն սպառվել է հանդուրժողականության ռեսուրսը, դժվար է ասել։ Դա հայտնի է թերևս միայն Նիկոլ Փաշինյանին։ Դա նրա «առևտրային գաղտնիքն է»։ Դա հեղափոխության մոմենտումը զգալու բացառիկ կարողությունն է, ինչպես գրում են պատմության դասագրեքերում ու կգրեն երևի նաև մեր օրի մասին պատմող վկայություններում։

Հեղափոխությյունից հետո գալիս է սակայն աշխատանքի ժամանակը։ Իսկ աշխատանքը նույնքան հուզական ու ոգևորիչ չէ, որքան հարյուր հազարավորներին գեղեցիկ կարգախոսներով առաջնորդելը։ Աշխատանքը, ի տարբերություն հեղափոխության, պահանջում է ոչ միայն ու ոչ այնքան հոգի ու ոգի, որքան սթափ դատողություն ու սառը հաշվարկ, հույզերը կառավարելու ու շատ հաճախ դրանց գնալու կարողություն։

Հեղափոխությունը հուզականություն է, իշխանությունը՝ հակաէմոցիա։ Բայց մենք տեսնում ենք հեղափախական զգայականությունն արդեն նաև կառավարման մեջ՝ հեղափոխական իշխանության կադրային քաղաքականությունում, կայացվող որոշումներում ու ներկայացվող առաջարկություններում։ Մենք տեսնում ենք հուզականության շարունակակակնություն, որը երբեմն ավելի արտահայտիչ է դարձնում ռացիոնալության բացակայությունը։

Որքա՞ն է շարունակվելու հեղափոխական հույզը կառավարության անդամների հոգիներում ու իշխանության մեջ ընդհանրապես։ Ե՞րբ է հեղափոխական ավյունը վերափոխվելու աշխատանքային էներգիայի։ Գուցե ընտրություններից հետո՞ միայն։ Բայց մինչև այդ պետք է ապրել ամիսներ, մի քանի ամիս։ Հեղափոխականությամբ բնականոն կյանքը կառավարելու մի քանի ամիսը կարող են չափազանց թանկ արժենալ Հայաստանի համար։ Օր առաջ պետք է ընտրություններ անցկացնել։ Որևէ Ընտրական օրենսգրքով կամ առանց դրա։

Be the first to comment on "Հեղափոխությունից՝ իշխանություն անցնելու ժամանակը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ