«Կերտում ենք մեր երազանքների Հայաստանը». Արարատ Միրզոյան

Mediamax.am-ը գրում է. Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տարիներ առաջ որոշել էր մտնել քաղաքական դաշտ, քանի որ հասկացել էր`քաղաքացիական պայքարի ճանապարհով, առանձին հարցերի մասին խոսելով՝ փոփոխությունների հասնել չեն կարողանում։ Ավելի ուշ նա ընտրվել էր ԱԺ պատգամավոր, սակայն պատգամավորական մանդատն իր հետ խնդիրները լուծելու անզորության զգացում է բերել։ 2018–ին նա իր քաղաքական թիմի հետ իրականություն դարձրեց հեղափոխությունը Հայաստանում եւ այսօր արդեն ունի պիտանի լինելու զգացողություն։ Կառավարության նոր կազմի` հեղափոխությունն իրականացրած թիմի անդամների հետ ոչ պաշտոնական զրույցների շարքում Մեդիամաքսն այս անգամ հանդիպել է Արարատ Միրզոյանին։ Քաղաքացիական ինքնագիտակցությունս ձեւավորվել է 17 տարեկանում 38–ամյա քաղաքական գործչի քաղաքացիական ինքնագիտակցությունը ձեւավորվել է մոտ 22 տարի առաջ, երբ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր։   «Թռուցիկներ եմ բաժանել նույնիսկ 1988-ին, սակայն այդ ժամանակ երեխա էի, իներցիայով էի անում դա, որովհետեւ համազգային շարժում էր, ընտանիքիս անդամները մասնակցում էին։ Քաղաքացիական ինքնագիտակցությունս ձեւավորվել է 1996–ին։ Այդ տարի տեղի ունեցած ընտրությունների եւ հետագա զարգացումների հետ կապված լուրջ անհամաձայնություն կար հասարակության մեջ։ Ամենամեծ անհաշտությունը, որ ունեի նախկին իշխանությունների, համակարգի հետ, ընտրությունների կեղծումն էր։ Համոզված եմ, որ իմ երազած եւ պայքարած Հայաստանի ուղիղ ճանապարհն անցնում է արդար ընտրություններով։ Սա է այն բանալին։ Այս ամենի համար հայտնվեցի քաղաքական դաշտում»,– հիշում է նա։ Փոխվարչապետը չի ծառայել բանակում, թեեւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ նա, որպես կամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի կազմում մեկնել է առաջնագիծ: 2002–ին ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը` ընդունվել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրա, որն ավարտել է 2005 թվականին։ Օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում եւ զբաղվել գիտությամբ՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն: Տարիներ առաջ հենց այս իրավունքի համար պայքարն էլ դարձավ ապագա փոխվարչապետի առաջին քայլերից մեկը։ «Պայքարը տարկետման իրավունքից էր սկսում, խոսքը կրթության մասին էր, սակայն էությունն արդարությունն էր։ Այն անարդարությունը, անպատժելիությունը, որ կար այդ հարցի հետ կապված, վերաբերում էր նաեւ մյուս ոլորտներին։ Հայաստանում առկա վատ երեւույթները խտացված էին այդ երեւույթի մեջ», — շեշտում է փոխվարչապետը։ Արարատ Միրզոյանը Լուսանկարը` Մեդիամաքս Թեեւ վաղ տարիքից է որոշել զբաղվել քաղաքականությամբ, դժվարանում է պատասխանել` արդյո՞ք այն ժամանակ մտադրվել էր հրաժարվել առաջին մասնագիտությունից։  «Պատմաբանի աշխատանքն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ես Քվանտ վարժարանի աշակերտ էի, որտեղ դասարանները հոսքերով էին։ 9-րդ դասարանում չէի կողնորոշվում` տնտեսագե՞տ եմ դառնալու, թե՞ պատմությունն եմ ընտրելու։ Երկուսն էլ հավասարապես հետաքրքրում էին ինձ, սակայն 10–րդ դասարանում հստակ կողմնորոշվեցի։ Երբ հայտնվեցի համալսարանում, միանշանակ չէր, որ քաղաքականությամբ եմ զբաղվելու։ Գուցե, այդ գիտակցումը կար, սակայն մասնագիտությունս շատ էի սիրում»,– ասում է նա։ Ազգային ժողովում անզորության զգացում ունեի «Ազգային ժողովում անզորության անտանելի զգացողություն կար։ Ընդ որում` ոչ միայն ինձ մոտ։ Նիկոլ Փաշինյանի հետ հաճախ էինք խոսում այդ մասին։ Մենք հասկանում էինք, որ բարձրաձայնում ենք հարցերը, սակայն ոչ մի կերպ չենք կարողանում լուծել դրանք,– ասում է նա, ապա նկատում, որ այդ ապարդյունության, անզորության զգացողությունն էր ստիպում հասկանալ, որ անկախ նրանից, թե ինչպիսին են շանսերը` 10, թե 90, պետք է քայլ անել։ –Իհարկե, երբ Գյումրուց սկսեցինք քայլերթը, չգիտեինք, որ ամեն բան այսպես է ավարտվելու, բայց գիտեինք, որ ամեն ինչ անելու ենք, ոչ վայրկյան չենք նահանջելու։ Մենք ամեն ինչ դրել էինք սեղանին, պատրաստ էինք բանտարկվել, կորցնել ամեն ինչ, երեւի թե, հենց դա տեսնելով՝ մարդիկ  կանգնեցին մեր կողքին»։ Տարբեր պայքարներում ներգրավված քաղաքական գործիչը վստահեցնում է` հիասթափության պահեր երբեք չի ունեցել. «Ոչ մի վայրկյան չեմ հիասթափվել։ Մարդը չպիտի հրաժարվի իր ցանկությունից։ Հուսահատություն նշանակում է հանձնվել։ Այս առումով երբեւէ չեմ ունեցել հուսահատություն։ Միշտ վստահ եմ եղել, որ մի օր հաղթելու ենք, այլ հարց է, որ չեմ իմացել, թե երբ է այդ օրը։ Այս պայքարի ընթացքում էլ չգիտեի, որ հիմա է։ Իհարկե, վստահություն կար մեր արածի  իրավացիության, ոչ մի վայրկյան չնահանջելու պատրաստակամության մեջ»։ 2018թ. ապրիլի 22-ին Արարատ Միրզոյանին կալանավորել էին։ Նա հիշում է, որ առաջին զգացողությունն ինֆորմացիոն քաղցն էր։ Չգիտեր` դրսում ինչ է կատարվում, ժողովուրդը նահանջե՞լ է, թե՞ ոչ, սակայն ձերբակալությունից կարճ ժամանակ անց հասկացել է, որ ժողովուրդը չի նահանջել ու ավելի է ոգեւորվել։ «Ես եւ Սասուն Միքայելյանը գտնվում էինք ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում։ Մեզ պիտի տանեին ձերբակալվածների ժամանակավոր պահպանման վայր, բայց ժամեր շարունակ չէին տանում, դրսի աղմուկը հասնում էր մեզ։ Ակնհայտ էր, որ ահռելի քանակությամբ մարդիկ են կենտրոնացած այդտեղ։ Հետո իրենք էլ խոստովանեցին, որ չեն տանում, որովհետեւ չեն կարողանում։ Երեկոյան մեզ մեծ շրջանցմամբ տարան։ Արդեն հասկանալի էր` դրսում ինչ է կատարվում։ Ժամանակավոր պահպանման վայրում մի քիչ կտրված էինք, ձայներ չկային, ինչ–որ առումով ինֆորմացիոն վակուումի մեջ էինք, սակայն տարօրինակորեն հանգիստ էի։ Ուշ երեկոյան ինձ մոտ սկսեցին գալ տարբեր պաշտոնյաներ, ակնհայտ էր, որ ժողովուրդը չի նահանջել։ Առավոտյան եկավ Կարեն Կարապետյանը, որի հետ կարճ զրույցից հետո գնացինք Նիկոլ Փաշինյանի խուց, որտեղ  շարունակեցինք բանակցությունները։ 1-2 ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանը  հրաժարական տվեց» ։ Անզորությունից` ուժի զգացողություն  «Իշխանափոխությունից հետո ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Ազգային ժողովի հետ կտրուկ հակապատկեր էր։ Այնտեղ խոսում էինք,  սակայն լծակ չկար, հիմա կարող ենք գործել։ Առաջին հերթին ակնհայտ էր պատասխանատվության հսկայական զգացողությունը, որովհետեւ արդեն դու եւ քո քաղաքական թիմն եք որոշում` ինչպես լուծել այն հարցերը, որոնց մասին խոսում էիք։ Անցումը շատ հետաքրքիր նրբերանգ է ավելացնում աշխատանքին»,– ասում է Արարատ Միրզոյանը։   Հասարակական քննարկումներում հաճախ կարելի է հանդիպել կարծիքի, որ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, կարծես, անիրական լինի։ Փոխվարչապետի խոսքով`անցումն այնքան արագ տեղի ունեցավ, որ փոփոխությունն ընկալելու, վերլուծելու ժամանակ չեղավ։ «Ամեն ինչ կայծակնային արագությամբ եղավ։ Հիմա, որ փորձում եմ վերհիշել, թվում է` մեկ–երկու տարի առաջ եղած իրադարձությունների մասին եմ խոսում։ Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, այնքան գործ կա, որ մտածելու ժամանակ չի լինում, սակայն, երբեմն, մի պահ գալիս է այդ զգացողությունը, որ սա կարծես իրական չէ։ Չէի ասի` չեմ հավատում, բայց նորից եմ ապրում այդ զգացողությունը, որ մենք հիմա իշխանություն ենք եւ մեր ձեռքերով կերտում ենք մեր երազանքների Հայաստանը»,– ընդգծում է Միրզոյանը։ ԱԺ–ում ունեցած անզորության զգացողության ֆոնին հիմա ավելի ցայտուն է ուժի զգացողությունը։ Փոխվարչապետը համաձայն չէ, որ ուժն է ծնում իրավունք, ասում է`  ճիշտ հակառակը` իրավունքն է ծնում ուժ, ինչպես եղավ հեղափոխության դեպքում եւ շարունակվելու է։ «Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտման ժամանակ առաջին զգացողությունս շոկն էր։ Մենք գիտեինք, որ թալանել են, բայց մտածում էինք` ինչ–որ գիծ կա, որը չեն անցնի։ Փաստորեն, տեսանք, այդ գիծն էլ չկա։ Կային ոլորտներ, որոնց մասին իրենք դոշ ծեծելով էին խոսում, հայրենասիրություն էին քարոզում, ասում էին, որ օրինակ` բանակը սրբություն է։ Երբ քննադատում էինք, մեզ ներկայացնում էին որպես պակաս հայրենասերներ։ Դա ճչուն փաստ էր  իրենց քարոզչության, կեղծության, «ուռա հայրենասիրության» ամբողջ սին լինելու մասին, որ այդ մի դրվագում ցայտուն երեւում էր»,– նկատում է նա։ Պաշտոն ստանալուց հետո ընտանիքիս, գրեթե, չեմ տեսնում Պաշտոն ստանալուց հետո Արարատ Միրզոյանի կենսակերպի ամենամեծ  փոփոխությունն ընտանիքի անդամներին, գրեթե, չտեսնելն է։ Երեխաներին կարոտելու մասին հարցը լսելիս հայացքը փախցնում է, ապա նկատում` «դե լավ, արդեն բարդ հարցեր եք տալիս, իհարկե, կարոտում եմ»։  Արարատ Միրզոյանը Լուսանկարը` Մեդիամաքս Միրզոյանի խոսքով` հիմա, գրեթե, տուն չի գնում։ «Օրս սկսվում է առավոտյան 9-ին ու չի ավարտվում։ Չնայած վերջին շրջանում կեսգիշերին մոտ ստացվում է տուն գնալ։ Երբեմն, կարողանում եմ կնոջս հետ ինչ–որ քննարկումներ ունենալ, երբեմն, դրա ժամանակն էլ չի լինում։ Երեխաներիս տեսնում եմ վաղ առավոտյան, երբ պատրաստվում եմ աշխատանքի գնալ, իրենք էլ` դպրոց։ Լինում են օրեր, երբ գնում եմ տուն, իրենք դեռ քնած չեն, փորձում ենք շատ արագ ու ռացիոնալ  օգտագործել ժամանակը։ Ունենք սիրելի խաղեր, որոնք միասին խաղում ենք։ Շաբաթը մեկ է հաջողվում այդպիսի օր ունենալ»,–ասում է փոխվարչապետը, որը երկու երեխա ունի` 11–ամյա Արփին եւ 8–ամյա Սամվելը։ Թեեւ երեխաները փոքր են, Միրզոյանի փոխանցմամբ, նրանք էլ ընտանիքի մյուս անդամների պես ըմբռնմամբ են մոտենում հայրիկի բացակայություններին։  Այնուամենայնիվ, դուստրն օրերս հայրիկից նեղանալու առիթ է ունեցել։ «Աղջիկս պարում է։ Նախորդ կիրակի համերգ ուներ, խոստացել էի գնալ, սակայն դուրս գալուց առաջ պարզվեց, որ նոր խորհրդակցություն կա, չկարողացա գնալ։ Ամբողջ երեկո բացատրում էի իրեն, թե ինչու չկարողացա գնալ, խոստացա մյուս համերգին, անպայման, ներկա լինել։ Ընդհանուր առմամբ, իրենք էլ են հասկանում ինձ, թեեւ դեռ փոքր են։ Բնականաբար, եւ՛ ծնողներս, եւ՛ կինս, եւ երեխաներս ուզում են ավելի շատ տեսնել ինձ, բայց եւ հասկանում են այն առաքելությունը, որին լծվել ենք։ Հասկանում են, որ սա մեր ընտրությունն էր»,– ասում է նա։ Փոխվարչապետը նկատում է, որ կուտակված հարցերը շատ են, հանգստյան օրն աշխատանքի չգալն ազնիվ չի լինի։ Պաշտոնը ստանձնելուց հետո հանգստյան մեկ-երկու օր է ունեցել։ Մեկն օգտագործել է կառավարության անդամների հետ հանգստյան գոտի գնալու համար, թեեւ օրն առանց աշխատանքային խոսակցությունների չի անցել, մյուս օրն ընտանիքի հետ կենդանաբանական այգի է գնացել, չնայած օրը մասնակի է հանգիստ եղել ու այնքան է ուշացել, որ կինն ու երեխաներն այգու մեծ մասն արդեն շրջել են։ Փոխվարչապետի ժամանցի սիրելի տարբերակներից մեկը փաբեր գնալն էր, որից հիմա, գրեթե, հրաժարվել է. «Ցավոտ հարցեր են։ Առաջ էլ չէի հասցում շատ հաճախ գնալ, բայց հիմա այդ հնարավորությունը կտրուկ նվազել է։ Վերջերս ընկերներով քննարկում էինք առաջիկա օրերին մի երեկո ժամանակ խլել եւ փաբ գնալ։ Մի անգամ ծրագրեցինք, չստացվեց, տեսնենք այս անգամ ինչպես կլինի»։ Որդիս կնոջս է նման, աղջիկս` ինձ «Երկու երեխաներս էլ շատ նման են ինձ։ Իհարկե, կինս այլ կարծիք ունի,– հայ տղամարդկանց բնորոշ կերպով ասում է փոխվարչապետը, հետո, այնուամենայնիվ, նկատում, որ իր եւ կնոջ բնավորությունները բաշխել են դստեր եւ որդու միջեւ,– Բնավորությամբ տղաս, երբեմն, կնոջս պես հախուռն է, աղջիկս` հավասարակշռված, հարցերին համակողմանի նայող։ Այս առումով շատերն աղջկաս ինձ են նմանեցնում, որդուս` կնոջս»։ Միրզոյանը սիրում է խաղալ երեխաների հետ, մինչեւ հեղափոխությունը դստեր հետ սիրում էին նաեւ դասերը պատրաստել։ Նա շեշտում է, որ երեխաների դաստիարակությունը միայն կնոջ վրա չի թողնում։ Ասում է` դրանով զբաղվում է նրանց  ծնված օրվանից։ Երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելու, նրանց հետ կապված բոլոր հարցերում անմիջական մասնակցություն ունենալու սովորությունը, թերեւս, ավելի է բարդացնում ներկայիս իրավիճակը, երբ փոքրիկներին քիչ է տեսնում։   Միրզոյանի խոսքով` իր ծնողներից ստացած դաստիարակության հիմքում տեսել է լավ մարդ լինելու եւ դրանից բխող բոլոր արժեքների` ազնվության, արդարության սերմանումը։ Հիմա նույն կերպ փորձում է դաստիարակել իր երեխաներին։ «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ երեխաներս մարդկային լավ հատկանիշներ ունենան, լավ մարդ լինեն, ազատ լինեն իրենց մտքի մեջ եւ սահմանափակված «կլիշեներով» չդատեն։ Ամեն ինչ արել ու անելու եմ, որ նրանք կիրթ լինեն։ Մի շատ կարեւոր հատկություն էլ կա` երբեք չնահանջել` ճշմարտության եւ արդարության համար պայքարել ուժերը գերլարելով մինչեւ վերջին վայրկյանը»,– ասում է նա ու նկատում, որ ինքն էլ անկումային փուլեր ունենում է ինչպես յուրաքանչյուր մարդ, սակայն դրանք իրեն չեն տանում հիասթափությունների եւ ընկճման ճանապարհով։ Ըստ նրա` հենց այս հատկանիշն է ստիպել շարժման ընթացում էլ որեւէ պահի չհուսալքվել։ Պաշտոնը չի կարող փոխել մեզ Միրզոյանը մտավախություն չունի, որ պաշտոնն իրեն կփոխի։ «Կարծում եմ` չեմ փոխվել ու երբեք չեմ փոխվի։ Հուսով եմ` իմ ընկերներն ու հարազատները կկիսեն կարծիքս։ Ներքին զսպօղակի մասին չեմ էլ մտածում, որովհետեւ հաստատ ունեմ։ Մեր քաղաքական թիմի բոլոր անդամները պիտի սա գիտակցեն։ Երբ ասում ենք` ներքին զսպօղակ նշանակում է`ինչ–որ գայթակղություններ կան, պետք է քեզ ստիպես չտրվել դրանց։ Մենք իշխանության ենք եկել արդարության, ժողովրդավարության, մեր երազանքների Հայաստանն իրագործելու համար, ի՞նչ զսպօղակի մասին կարող է խոսք լինել։ Չպիտի անգամ նման ենթատեքստ լինի»,– ասում է նա։  Դիտարկմանը, որ գայթակղությունների տրվելը հաճախ ակամա է ստացվում, համաձայնում է, ապա նկատում. «Մեծ հույս ու հավատ ունեմ, որ մեր քաղաքական թիմի բոլոր անդամներն առանց բացառության կկարողանան որեւէ խնդիր չունենալ գայթակղություններին դիմանալու առումով։ Մենք ծառայում եք Հայաստանի մասին մեր երազանքին, Հայաստանի հանրապետությանը, քաղաքացիներին։ Մարդկային առումով մեծ հանցագործություն կլինի մեր երկրի, ժողովրդի, ինքներս մեր նկատմամբ»։ Արարատ Միրզոյանը Լուսանկարը` Մեդիամաքս Փոխվարչապետի երազանքները հիմա կապված են երկրի հետ։ Ասում է` Հայաստանի մասին իր երազանքը դեռ ուժի մեջ է, քանի որ 1-2 ամսվա ընթացքում, գրեթե, ոչինչ չեն հասցրել անել` հաշվի առնելով, թե ինչքան հարց կա, որ պետք է լուծվի։ «Այս երազանքին ծառայելը եւ օրնիբուն աշխատանքով այն իրականացնելու հարցում ներդրում ունենալն արդեն մարդուն մեծ երջանկություն է պարգեւում։ Բարդությունը միայն այն է, որ ընտանիքի, երեխաների, ընկերների հետ շփումը կտրուկ նվազում է, ինչը մի քիչ պակասենում է երջանկության զգացողությունը»,– ընդգծում է նա։ Ընտանիքիս անդամներն անհանգստանում են, ես` ոչ Փոխվարչապետի խոսքով` ընտանիքի անդամները, մասնավորապես, կինը առաջին հերթին անհանգստացած են ու հիշեցնում են, որ չմոռանա սնվել ու մի փոքր հանգստանալ, իսկ գործնական հարցերով աշխատում են չծանրաբեռնել իրեն։ Ինչ վերաբերում է` իր անվտանգությանը, ընտանիքի անդամներն անհանգստություն հայտնում են, բայց ինքը դրան լուրջ չի վերաբերում։  «Կարծում եմ` մենք չունենք անվտանգության խնդիր։ Ես թիկնապահներ չունեմ, իմ մեքենայով եմ շրջում։ Չեմ կարծում` անհանգստանալու կարիք կա։ Մեր թիմակիցները, հատկապես վարչապետը, շատ սիրված են։ Ինչ վերաբերում է տարբեր ուժերի կողմից ինչ–որ քայլերին, վարչապետն ունի իր անվտանգության ծառայությունը, իմ դեպքում դա անհրաժեշտ չեմ համարում»,– ասում է նա ու նկատում, որ մարդիկ շատ են ոգեւորվում, երբ իրենց տեսնում են առանց թիկնապահների, կարմիր լույսի տակ կանգնած… ՔՊ–ի երիտասարդներն ու վերահսկողությունը Քաղաքական պայքարում հաղթանակը ոգեւորիչ էր, հատկապես, այն գործիչների համար, որոնք մեկ տարի չեն քայլել դեպի այն, բայց եւ պարտավորեցնող։ Որքան էլ ունեն ժողովրդի վստահությունը, նրանք խոշորացույցի տակ են։ Տարբեր քննարկումներ են լինում ՔՊ որոշ անդամների մասին։ Վերջին աղմկահարույց դեպքը կապված էր «ՔՊ» անդամ Վազգեն Մանուկյանի` ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի մահվան հետ կապված գրառմանը, որում նա նշել էր, որ «բոլոր Սարգսյանները պետք է հեռանան»։ Հասարակական ճնշման արդյունքում նա ներողություն խնդրեց։ Սա շատերին ստիպեց ՔՊ երիտթեւին համեմատել Հանրապետականների երիտթեւի հետ։ Փոխվարչապետից հետաքրքրվեցինք` արդյո՞ք սահմանել են որոշակի ներքին վերահսկողություն նման դեպքերից խուսափելու համար։   «Մենք իհարկե, փոխանցել ենք մեր կուսակից ընկերներին, որ բոլորը պետք է զգան պատասխանատվության նոր չափը, անգամ, եթե որեւէ պաշտոն չունեն։ Վազգենի գրածը համարում եմ շատ անհաջող ձեւակերպում այն առումով, որ փորձել էր հումոր անել այնտեղ, որտեղ հումորի կարիք չկար։ Ճանաչելով Վազգենին, իմանալով, թե ինչ պայծառ երիտասարդ է, գիտեմ, որ լավ մարդու մասին ենք խոսում, որը շատ անհաջող ձեւակերպմամբ շատ անհաջող հումոր է արել։ Հասարակությունը շատ սուր արձագանքել է Վազգենի գրառմանը, նա ներողություն է  խնդրել։ Այսպիսի բաները բացառել չի կարելի։ Չարժե սա կուսակցական դիրքորոշում համարել կամ զուգահեռներ տանել երիտհանրապետականների հետ»,– ասում է նա։ «Ավրորայում» աշխատելը կյանքիս ամենահետաքրքիր ու սիրված փուլերից էր Արարատ Միրզոյանը պատմական գիտությունների թեկնածու է: Քաղաքական գործիչը մտովի երբեք չի հրաժարվել պատմաբանի մասնագիտությունից։ Փոխվարչապետը շատ է սիրում այն։ Դրանով զբաղվելու հաճելի փորձ է ունեցել Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամում որպես «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար աշխատելու ժամանակ։  «Դա կյանքիս ամենահետաքրքիր ու սիրված փուլերից էր, որովհետեւ գլոբալ ծրագիր էր, որը հնարավորություն էր տալիս շփվելու մարդկանց հետ աշխարհի տարբեր ծայրերից։ Նշանակությունն էր համամարդկային։ Ցեղասպանության թեման ինձ հետաքրքիր է` որպես պատմաբան։ Հետազոտական խումբն էի  ղեկավարում, ուսումնասիրում էինք հումանիզմի հետ կապված պատմական փաստեր։ Ամեն ուսումնասիրության ժամանակ նոր բացահայտումներ եմ անել։ Մենք միշտ ֆիքսված էինք կոտորածների, ինքնապաշտպանության վրա, բայց մեզ օգնության ձեռք մեկնածների թեման քիչ էր հետազոտված։ Այդ թեման ուսումնասիրելն ու մարդկանց ցույց տալը շատ հետաքրքիր  ու կարեւոր էր ինձ համար։ Աշխարհին շնորհակալություն հայտնելու փաստը եւ գիտակցումը, որ «Ավրորա» մրցանակի շնորհիվ հիմա մենք ենք կարողանում վարձահատույց լինել աշխարհին կարեւոր էր ինձ համար։ Հաճելի էր այս մեծ առաքելության մաս կազմելը», — ասում է Արարատ Միրզոյանը։

Աղբյուրը:՝ https://bloginfo.am/hy/post/2157
© bloginfo.am

Be the first to comment on "«Կերտում ենք մեր երազանքների Հայաստանը». Արարատ Միրզոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ