Երևանը խուճապի է մատնել Բաքվին

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը ռազմական արկածախնդրություն է որակել Հայաստանի հնարավոր որոշումը ներքին զորքերի վերաբերյալ, որ նրանք կանցնեն Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի արտաքին սահմանի պաշտպանությանը:

Այդ մասին հստակ որոշում դեռ չկա, սակայն դրա վերաբերյալ տեղեկություն տարածվել էր հայկական մամուլում: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ որոշման մասին տեղեկությունը կհրապարակվի, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ հնարավոր այդ որոշումը կապված չէ սահմանին իրավիճակի լարմամբ:

Այստեղ, իհարկե, հնարավոր են տարբեր մեկնաբանություններ, և ի վերջո՝ անգամ օպերատիվ անհրաժեշտության դեպքում այդ մասին չէր հայտարարվի ամենայն հավանականությամբ:

Սակայն, մյուս կողմից, խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանն ունի ներքին զորքեր, և դրանք, փաստորեն, օգտագործվում են ոչ էֆեկտիվ: Այսինքն՝ կա հսկայական ստորաբաժանում, որի վրա կատարվում է ծախս, որը սակայն, ըստ էության, մատնված է պարապուրդի:

Նախորդ իշխանության համար այդ զորքը ներքին հարցեր լուծելու, այսինքն՝ իշխանության քաղաքական մարտահրավերները ճնշելու համար էր: Նոր իշխանությունը որդեգրել է լիովին նոր մարտավարություն, և սկզբունքորեն այլ իրավիճակ է, ու ներքին զորքերը, ըստ էության, կորցնում են ֆունկցիոնալ այն նշանակությունը, որ ունեին նախկինում:

Ըստ այդմ՝ կա ֆունցիոնալ օպտիմալության խնդիր, և այստեղ միանգամայն տրամաբանական է, որ այդ զորքը դրվում է արտաքին ուղղությամբ պաշտպանական ծառայության հարթության մեջ, ինչը ավելի էֆեկտիվ է մի շարք առումներով և ավելի համաչափ կբաշխի ռեսուրսները՝ թե՛ մարդկային, թե՛ պետական ֆինանսական, այդպիսով նաև որոշակիորեն թեթևացնելով նաև զինված ուժերի ստորաբաժանումների սահմանային բեռը:

Այս տեսանկյունից, որոշումը, անկախ սահմանի իրավիճակից, միանգամայն տրամաբանական է և նույնիսկ անհրաժեշտ, եթե մենք իրապես ապրում ենք նոր Հայաստանում: Եվ բացի այդ, հենց պաշտպանական ռեսուրսների առավել օպտիմալ բաշխումն է, որ նպաստելու է նաև սահմանում որևէ վտանգի կանխարգելմանը, զսպմանը:

Ահա այստեղ է, որ ադրբեջանական ԱԳՆ խոսնակի արձագանքը ունի ուշագրավ տողատակ: Նա, փաստորեն, հայտարարում է, որ Հայաստանի քայլը ռազմական արկածախնդրություն է: Իհարկե, սա ադրբեջանական քարոզչական քաղաքականության սպասելի դրսևորում է, սակայն տողատակում այն ունի հետաքրքիր երանգներ:

Բաքուն վերջին շաբաթներին ու ամիսներին բացահայտորեն ավելացրել է ռազմական հռետորաբանությունն ու ցուցադրությունները, ուժային կուտակումները և շարժը սահմանին, այդ թվում՝ Նախիջևանի:

Միևնույն ժամանակ, ակնառու է, որ Բաքվի այդ քայլը չարժանանալով Մինսկի խմբի համանախագահների հստակ դատապարտմանը՝ այդուհանդերձ չի արժանանում նրանց հավանությանը:

Այլապես Ադրբեջանը ստիպված չէր լինի վարձկան ռուսաստանցի պատգամավորների և փորձագետների «ֆոտոսեսիա» կազմակերպել Լելե Թեփեի ստորոտին:

Ադրբեջանին առավել քան աղմկոտ պատասխան էր Թեհրանի պատասխանը, որը հունիսի 26-ին Բաքվում ռազմական շքերթ էր գործուղել ոչ թե իր պաշտպանության, այլ մշակույթի նախարարին:

Ուժային ռեգիոնալ և աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը ունի անկասկած պատերազմի հարցում Բաքվին մերժելու, չաջակցելու իր շարժառիթը, սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ առանց լայն աջակցության Ադրբեջանը չի կարող սկսել որևէ բան:

Ավելին՝ այն ցուցադրությունը, որ սկսել է Ադրբեջանը, հենց աջակցության բացակայություն է, հակառակ դեպքում Բաքուն շատ ավելի լուռ կպատրաստվեր հարվածի:

Այդպիսով, չափազանց նկատելի է, որ իհարկե իր մշտական վտանգով հանդերձ, իրավիճակն այդուհանդերձ բարոյահոգեբանական և դիվանագիտական շանտաժի ռեժիմում է, որ Ադրբեջանը ձգտում է ենթարկել մի կողմից Հայաստանին, մյուս կողմից՝ համանախագահ երկրներին: Այստեղ այդ երկրների պահվածքը մեծապես կախված է Հայաստանի պահվածքից:

Եթե Հայաստանը ցուցաբերեց թուլություն, այսինքն՝ տրվեց շանտաժին, նրանք անկասկած ստիպված են լինելու որոշակիորեն հաշվի առնել այդ հանգամանքը, և Բաքուն առնվազն այդ առումով կհասնի իր նպատակին, գոնե նվազագույն տեսանկյունից:

Բայց ներքին զորքերի վերաբերյալ Հայաստանի որոշումը կամ մեսիջը հուշում է, որ թավշյա հեղափոխությամբ քաղաքական առումով ավելի ամրացած Երևանը մտադիր չէ տրվել Բաքվի շանտաժին:

Հենց այդ հանգամանքը որոշակի խուճապ է առաջացրել Ադրբեջանի ԱԳՆ-ում: Խուճապ ոչ այն պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է գրոհի, այլ՝ որ Հայաստանը չի պատրաստվում տեղի տալ շանտաժին ու նահանջել, այսինքն՝ շանտաժը չի աշխատում:

Իսկ դրան զուգահեռ, պարզվում է, որ չի աշխատում նաև Ադրբեջանի էլեկտրամատակարարման համակարգը, և բավական է մի թեթև վթար Մինգեչաուրի ՀԷԿ-ում, և Ադրբեջանն առանց էլեկտրականության է:

Հզորության մասին ցուցադրությունների ֆոնին այդ ամենը փուչիկի աղմկոտ պայթյուն է, ոչ ավելին, որն Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը փորձում է քողարկել իբրև թե Հայաստանի տկարության մասին հայտարարությամբ՝ դրանով բացատրելով ներքին զորքերի սահման ուղարկելու որոշումը: Անհասկանալի է այդ դեպքում, թե ինչու է Բաքուն հայկական կողմի տկարությունը բնորոշում «ռազմական արկածախնդրություն»:

Be the first to comment on "Երևանը խուճապի է մատնել Բաքվին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ