Գործարար կնոջ առեղծվածային ինքնասպանությունն ի՞նչ կապ ունի նրա ամուսնու գրավատնից կատարված հափշտակությունների հետ

Նոր տարվա օրերին՝ հունվարի 1-ին, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի ամառանոցում կախված հայտնաբերվել էր 54-ամյա գործարար Լիաննա Դանիելյանի մարմինը:

Ահազանգն ստացվել էր որդու կողմից, ով հայտնել էր, որ մայրը գտնվում է Ոջաբերդի ամառանոցում՝ դուռը փակ է, ինքը ներսում է, լույսերն անջատված են և չի արձագանքում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը կնոջը հայտնաբերել էր ամառանոցի 2-րդ հարկի աստիճանների ճաղավանդակից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։

Դեպքից ամիսներ են անցել, սակայն մինչ այսօր հայտնի չէ, թե կինն ինչու է ինքնասպանություն գործել. տուժող կողմը բավարարված չէ գործի քննությունից, ավելին, նրանք գտնում են, որ Լիաննա Դանիելյանը ինքնասպանություն գործելու պատճառ չի ունեցել:

Լիաննա Դանիելյանը հանդիսանում էր «Լ.Դանիելյան» ԱՁ-ի տնօրեն: Ինչպես հայտնի է նա փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել հիշյալ գրավատան փաստացի տնօրեն Բաբիկ Նաջարյանի հետ, ով դեռևս 2014-2016 թվականների ընթացքում իր ընկերներից պարտքով խոշոր չափերի հասնող գումարներ է խնդրել՝ գրավատանը ներդրում կատարելու, գործունեությունն ակտիվացնելու նպատակով:

Սակայն ի՞նչ է պարզվում՝ Լիաննա Դանիելյանի ինքնասպանությունից հետո քրեական գործ է հարուցվում նաև գրավատնից կատարված հափշտակությունների փաստով և այս երկու գործերը միացվել են և այժմ քննվում են մեկ վարույթում:

Հայտնի է նաև, որ Բաբիկ Նաջարյանը խոշոր չափերի հասնող գումարներ է խնդրել իր ընկերներ Ալեքսանդր Խաչատրյանից և Կարեն Մկրտչյանից համապատասխանաբար՝ 190 000 ԱՄՆ դոլար և 70 000 ԱՄՆ դոլար:

Ալեքսանդր Խաչատրյանի և Կարեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Խաչիկյանը «Փաստինֆո»–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իր վստահորդների խոսքով՝ Նաջարյանը տարբեր պատճառներով ձգձգել է գումարները վերադարձնել, իսկ կնոջ մահվանից հետո հայտարարել է, թե գումարը կինն է հափշտակել, ով գրավատան տնօրենն է եղել, իսկ ինքն այդ գումարները վերադարձնելու հնարավորություն չունի:

Ասել է, թե Դանիելյանը ինքնասպանություն է գործել՝ այդ գումարները հափշտակելու պատճառով, սակայն հայտնի է, որ գրատավան իրական սեփականատերը Նաջարյանն է հանդիսացել, իսկ կինն ընդամենն աշխատող է եղել այդ գրավատանը:

Փաստաբան Գագիկ Խաչիկյանը նշում է, որ քրեական գործով ակտիվ քննություն չի կատարվում, իր վստահորդները դեռևս տուժող չեն ճանաչվել և այս ընթացքում որպես վկա ընդամենը մեկական անգամ են հարցաքննել, այն դեպքում, երբ նրանք հաղորդում են ներկայացրել տուժողի կարգավիճակում:

Նա նաև նշեց, որ իր վստահորդները փաստում են, որ Նաջարյանը որևէ անգամ փորձ չի արել այդ գումարները հետ վերադարձնելու:

Բացի Ալեքսանդր Խաչատրյանից և Կարեն Մկրտչյանից հափշտակված գումարներից տվյալներ կան, որ Բաբիկ Նաջարյանը այլ անձանցից ևս գումարներ է վերցրել գրավատանը ներդնելու պատրվակով, ըստ տեղեկությունների՝ դրանք կազմում են 1.200 000 ԱՄՆ դոլարի չափ:

Տեղեկություններ կան նաև, որ ինքնասպանություն գործով Դանիելյանի զավակները ապրելու վայր չունեն՝ նրանց բնակարանը ևս գրավադրվել է՝ ընդ որում Նաջարյանի պահանջով:

Be the first to comment on "Գործարար կնոջ առեղծվածային ինքնասպանությունն ի՞նչ կապ ունի նրա ամուսնու գրավատնից կատարված հափշտակությունների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ