Այս ինչ է կատարվում Հայաստանում. ինչ դեմք ունի սարսափը

ԱԱԾ-ն ձերբակալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին, որն ըստ ներկայացվող մեղադրանքի և ինչպես պաշտոնապես ասվում է՝ ըստ իր խոստովանության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բանկային քարտից օնլայն խաղադրույքներ է կատարել: Այսինքն՝ համահայկական հանգանակությունը Հիմնադրամի գործադիր տնօրենը վերածել է խաղադրույքի:

Ասում են, թե քանի դեռ չկա դատարանի վճիռ, պետք է հարգել մարդու անմեղության կանխավարկածը: Մարդու, որը ոչ միայն չի հարգել, այլ, ըստ էության, անպատվել է մի ամբողջ ժողովրդի, մեկ առ մեկ բոլոր այն մարդկանց, որոնք իրենց ունեցած օրվա ծախսի փողից հատկացրել են հիմնադրամին՝ համոզված, որ օգնում են Հայաստանին ու Արցախին:

Ոչ այն մարդկանց, որոնք հիմնադրամին հատկացրել են միլիոնավոր դոլարներ: Երևի թե վստահաբար կարող ենք պնդել, որ խաղադրույքի վերածվել են ոչ այդ դոլարները, որովհետև դրանք հատկացնողները թերևս հետևել են կոպեկ առ կոպեկ իրենց փողի ծախսին: Իհարկե, լավ են արել, ընդ որում՝ նրանց մի մեծ մասը նաև հոգաբարձուների խորհրդի կազմում են: Լավ են արել, որ հետևել են իրենց միլիոնների ծախսին:

Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ չեն հետևել ամբողջական գործունեությանը, ի՞նչ է արել, ինչո՞վ է զբաղված եղել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որ ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ղեկավարել են Ամենայն հայոց կաթողիկոսն ու Արցախի նախագահը, այլ երևելի դեմքեր, որոնք տարին մեկ անգամ կամ մի քանի անգամ հավաքվել են, հնչեղ ճառեր արտասանել հիմնադրամի կարևորության, ծրագրերի մասին, ու գնացել իրենց գործին, իսկ հիմնադրամի փողերն էլ անցել են խաղադրույքների:

Եվ այս հարցը, անշուշտ հիմնադրամի շրջանակով, սակայն առնչվում է ընդհանրապես Հայաստանի կառավարմանը, որի կարծես թե յուրաքանչյուր սանտիմետր թաթախված է որևէ չարաշահման, կոռուպցիոն որևէ սխեմայի, գանձագողության և այդօրինակ այլ արատների ու հանցագործությունների մեջ:

Բավական է իրավապահները գործեն որևէ ուղղությամբ, և բացահայտվում են միլիոնավոր դոլարների յուրացումներ, չարաշահումներ, խաբեություններ: Ձերբակալվում են մարդիկ, կոնկրետ մեղավորներ, հանցակիցներ և այլն, բայց առաջանում է հարց՝ ինչո՞վ էր զբաղված «Հայաստան» հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը»:

Ի՞նչ էին անում այդ մարդիկ, նրանց մոտ հարցեր չէի՞ն առաջանում, նրանք իրավապահների տեղը չգիտեի՞ն: Բայց հազիվ թե չիմանային, չէ՞ որ քաղաքական լարված պահերին, ինչպես, օրինակ, Մարտի 1-ին, նրանք հենց միայն իրավապահների, ուժայինների տեղն է, որ իմանում էին:

Հանրությունը դատապարտում է գեներալ Մանվելին, կդատապարտի «Հայաստան» հիմնադրամի տնօրենին, հետո էլի շատերին ու շատերին հավանաբար, բայց առաջանում է հարցը՝ իսկ ովքե՞ր էին այդ մարդկանց քաղաքական տանիքը, ինչո՞ւ են այդ մարդիկ հիմա բացահայտվում, իսկ այն ժամանակ նշանակվում էին ու վերանշանակվում, պարգևատրվում էին ու վերապարգևատրվում:

Նախօրեին հարցաքննության ծանուցում է ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին՝ Մարտի 1-ի գործով: Հանրությունը հասկանալիորեն մեծ ուշադրություն է կենտրոնացնում հենց այդ գործի վրա, որովհետև այստեղ տասը քաղաքացիների սպանության հարց է:

Բայց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է հարցաքննվեն, ըստ էության, բոլոր գործերով, որովհետև դրանց մասշտաբները պարզապես անհնար են դարձնում այդ մարդկանց, այսպես ասած, չիմացությունը, էլ չասած այն մասին, որ շատ դեպքերում նույնիսկ խոստովանվում է քաղաքական բարձր պայմանավորվածությունը:

Ընդ որում՝ այս հանգամանքը չպետք է դիտարկել, այսպես ասած, «արյան ծարավի» համատեքստում: Խնդիրն ամենևին այն չէ, որ պետք է պատասխան տան բոլորը: Պարզապես պետք է պատասխան տան բոլոր մեղավորները, և ըստ այդմ՝ պետք է պարզել հանցանքի ամբողջ ծավալը, որովհետև որևէ հանցագործություն բացահայտված կարող է համարվել, եթե այն բացահայտված է ամբողջությամբ, լիարժեք, ամբողջ ծավալով ու սահմաններով:

Որովհետև եթե այդպես բացահայտված չէ, ապա, ըստ էության, շարունակվող հանցագործություն է՝ պասիվ, թե ակտիվ: Օրինակ, եթե Մարտի 1-ը առ այսօր բացահայտված չէ, այն, ըստ էության, դանդաղ գործող ական է Հայաստանի պետական, քաղաքական, հանրային կյանքում:

Նույնը ցանկացած հնչեղ այլ հանցագործություն՝ սկսած Հոկտեմբերի 27-ից, մինչև այլ աղմկոտ սպանություններ, և ոչ միայն սպանություններ՝ նաև կոռուպցիոն հանցագործություններ, որոնք Հայաստանի անվտանգություն ու զարգացում են արժեցել:

Եթե «հոգաբարձուները» այդ ամենից իրապես անտեղյակ են, իրապես եղել են այնքան միամիտ, որ ըստ էության, ծաղիկ են եղել «աղբանոցում», ապա գուցե նրանց պետք է վերցնել հատուկ խնամքի ներքո:

Պարզապես հանրությունը պետք է իմանա, թե ով ինչի համար է եղել պատասխանատու, որովհետև արդեն իսկ մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած բացահայտումները վկայում են, որ խոսքը Հայաստանի հանդեպ մեծագույն հանցագործության շղթայի մասին է, հետևաբար առանց գլխավոր պատասխանատուների հնարավոր չէ հասկանալ շղթայի երկարությունն ու օղակների հաջորդականությունը, որպեսզի շղթան իրապես ընդհատվի, և Հայաստանն էլ ազատվի այդ շղթայից վերջնականապես:

Be the first to comment on "Այս ինչ է կատարվում Հայաստանում. ինչ դեմք ունի սարսափը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ