Փաշինյանի հերթական ֆանտաստիկ լուրը․ ԱՆՀԱՎԱՏԱԼԻ Է

«Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների:

Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի:

Իհարկե, սա ամենակարևոր խնդիրն է, մենք դեռ ապրիլին խոստացել էինք, որ այսպիսի լուծումներ կլինեն և հույս ունենք, որ իսկապես այստեղ նկատելի ու էական փոփոխություններ կլինեն:

Երբ մենք անցնում էինք բնակավայրերով, որտեղ, ցավոք, եռուզեռն այնքան էլ մեծ չէ, կյանքն առանձնապես չի եռում, այն հատվածներում, որտեղ մարդաշատ էր՝ այնտեղ կամ բանկեր էին գործում, կամ վարկային կազմակերպություններ:

Իհարկե, մի պարագայում այս իրավիճակը կարող էր մեկնաբանվել որպես տնտեսական ակտիվության որոշակի ցուցանիշ, բայց, ցավոք, հավաքված մարդկանց դեմքերին նայելիս հասկանում ենք, որ նրանք առանձնապես ուրախ առիթով չեն այնտեղ հավաքվել:

Հասկանալի է, թե ինչ խնդիրներ ունեն բանկերն ու վարկառուները, և մենք հույս ունենք ստեղծել համագործակցության այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բանկային համակարգը կարողանա նոր էներգիա, նոր արյուն մղել դեպի տնտեսություն և հանրային կյանքի բոլոր ոլորտներ»,

– նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել բանկերի ներկայացուցիչներին՝ համանման պատրաստակամության համար:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացներ:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից:

ԿԲ նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

«Ըստ էության, նշված անձինք այս գործընթացի արդյունքում վերադառնում են վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին:

Մոտ 100 հազար մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունն, այսպես ասած, կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բանկերի ներկայացուցիչները նշել են, որ տույժերի և տուգանքների զիջման գործընթացը կազմակերպելու են վարկառուների հետ առանձին աշխատանքի արդյունքում՝ վերջինիս հնարավորությունները գնահատելու միջոցով վերանայելով վարկի հիմնական գումարի մարման ժամկետները:

«Գյուղացին պետք է կոմունիկացիայի մեջ լինի բանկի հետ, որպեսզի յուրաքանրչյուր իրավիճակ անհատական քննարկվի:

Կարծում եմ՝ այստեղ ձեր ճկունություն ցուցաբերելու պատրաստակամությունը կարևոր է:

Յուրաքանչյուր վարկառուի իրավիճակը վերլուծելով, հասկանալով՝ հնարավորություն կլինի նրան առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի քաղաքացին կարողանա սպասարկել վարկը:

Այս պրոցեսն իր իրական նպատակին ու արդյունքին կհասնի, եթե իսկապես կարողանանք այսպիսի արդյունքի հասնել: Սա բանկային համակարգի համար էլ կունենա առողջացման նշանակություն:

Սա և՛ պետությանը, և՛ վարկառուին, և՛ բանկերին ձեռնտու պրոցես է: Սրա էֆեկտներն անհատական չեն լինելու, այլ շատ ավելի լայն են լինելու»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական և այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը:

Վարչապետն ողջունել է բանկային համակարգի նման պատրաստակամությունը և հույս հայտնել, որ արդյունքում այս գործընթացից կօգտվի հասարակության ավելի մեծ զանգված:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի սպասարկման, անտրամաբանական այլ վճարներին, ինչպես նաև վաշխառության դեպքերին:

Արթուր Ջավադյանը նշել է, որ բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի օգտվեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններից, իսկ վաշխառության բոլոր գործերով դիմեն իրավապահ մարմիններին: Ըստ Ջավադյանի, նման դեպքերը շատ են՝ հատկապես մարզերում:

«Ձեր տված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, որ մենք իրավապահ մարմիններին ներգրավվենք այս խնդրի լուծման գործում:

Այսօր ոստիկանությանը կհանձնարարեմ, որպեսզի կոնկրետ այս հարցով զբաղվող օպերատիվ խումբ ձևավորվի:

Այս տեղեկատվությունն էլ պետք է հրապարակվի, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որովհետև նրանք առավել ևս չգիտեն, որ դրանք ապօրինի են:

Սա ուղղակի վաշխառության հետ առնչվող գործունեություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկատվության արդյունքում նման գործերին համապատասխան ընթացք պետք է տա, որպեսզի այս հարցում նույնպես փոփոխություն արձանագրվի:

Խորհրդակցությանը կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման շուրջ:

Be the first to comment on "Փաշինյանի հերթական ֆանտաստիկ լուրը․ ԱՆՀԱՎԱՏԱԼԻ Է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ